• 13/04/2022

«Ինչո՞ւ հայ գրողներին հանկարծ հետաքրքրեցին հոգեկան հիվանդները, թմրամոլները, համասեռամոլներն ու փողոցի պոռնիկները».ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

«Ինչո՞ւ հայ գրողներին հանկարծ հետաքրքրեցին հոգեկան հիվանդները, թմրամոլները, համասեռամոլներն ու փողոցի պոռնիկները».ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Անդրադառնալով երկրի գրական կյանքինԻրավունքը» զրուցեց արձակագիր, լրագրող ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԻ հետ:

Տիկին Փալանդուզյան, ըստ Ձեզ, ի՞նչ վիճակում է այսօրվա հայ գրական կյանքը:

– Հայ մարդը գրիչ է վերցնում, որպեսզի գրի` նա անվերապահորեն տաղանդավոր է: Խոսք կարող է լինել բացառապես տաղանդի չափի մասին: Հենց այսօր մեր գրական անդաստանում իշխում են անուրանալի ձիրքով օժտված արձակագիրներն ու բանաստեղծները: Սակայն կարծիք հայտնել գրական կյանքի մասին ես չեմ կարող, դրան մասնակից չեմ, իմ վերաբերմունքը հայեցողական է, այն էլ հայացք է դրսից: Եթե գրական գլխավոր կառույցի ղեկավարին հրավիրում են նախագահական, ուրեմն ենթադրելի է, որ այն շնչում է: Էական չէ, թե վերջին չորս տարում այդ նախագահականը կամ նրա տվյալ պահի տնօրենը ինչ լավ բան են արել երկրի համար, ու թե ինչու է հրավիրյալն այն ընդունել: Պիտի որ նկատի առնված լինեն ծաղկաձորյան հաճելի միջոցառումները, մրցանակները, մեծարման ցերեկույթները, տպագրված գրքերը: Այդքանով գրական կյանք մեր հանրապետությունում կա, թեկուզեւ այն ապրում եւ զարգանում է իր նեղ միջավայրում, իր ընտել կանոններով: Ցավոք, ձեռքերս վաղուց նորատիպ գրքեր չեն շոշափում, գիտեմ այնքանը` որքանն արտացոլվում է վերացական աշխարհում` սոցցանցերում: Խոսքս` վերջին 8-9 տարիների մասին է, մինչ այդ բախտ ունեի հեղինակներից ընծաներ ստանալ ու իրենց հետ սրտաբացորեն ընկալումներս քննարկել: Թերեւս այսքանը կարող եմ ասել, որ արդի հայ գրական կյանքը ազգի խնդիրներ լուծող չէ ու ամենակարեւորը` գրական հսկաներ մատնացույց չի անում, ովքեր էլ ունեն հայ գրողին վայել արժանիքներ` առաջնագծում չեն, անտեսվում են: Ըստ երեւույթին, դեր են խաղում նրանց քաղաքական կողմնորոշումները, մինչդեռ գրական կառույցն ինքը պետք է առաջին ընդդիմադիրը լիներ մեր այս բախտորոշ օրերում: Եթե, այնուամենայնիվ, կան խոշոր գրողներ ու հիասքանչ գրքեր, որոնց անհաղորդ եմ, ներողություն եմ խնդրում հեղինակներից ու նրանց տաղանդի արգասիքներից:

Ովքե՞ր են այսօրվա գրական հերոսները, եթե համեմատենք անցյալի հետ:

– Նախորդ դարում աշխարհով մեկ արշավեց փոքր մարդու գովերգությունը, հայագիր գործերում այդ միտումն ուշ հաղթանակեց, ինչը, հայավարի հաղթանակ էր` բոլորին վարակեց: Հիմա դա որոշ չափով տեղը զիջել է Արցախյան պատերազմի հերոսների կերպավորումներին, այդուհանդերձ “Սամվել”-ներ ու “Վարդանանք”-ներ չեն գրվում: Ոմանց կարծիքով հիմա մարդկանց հետ հարկավոր է խոսել ոչ թե հերոսականության, այլ առօրեականության լեզվով, անգամ պատմական սիրված, ընդօրինակելի անհատների կերպարներն են աղավաղում, անունն էլ դրել են գրական գյուտարարություն: Սա, իհարկե, ստեղծագործական նախասիրություն չէ, պարզամիտ հրապուրանք չէ, ավելի հավանական է` վճարովի հանձնարարություն է: Ինչո՞ւ հայ գրողներին հանկարծ հետաքրքրեցին հոգեկան հիվանդները, թմրամոլները, համասեռամոլները, հանցագործները, ի բնե տկարամիտները, փողոցի պոռնիկները: Մի՞թե չկան այլ “փոքր մարդիկ”, շարքային քաղաքացիներ, որոնք իրենց գոյությամբ գեղեցկացնում են կյանքը, բարիք են գործում, փրկում են մարդկանց, ճանապարհ են ցույց տալիս: Բայց չարքը հո քնած չէ, հարկավոր է մարդ արարածին վարկաբեկել, նրա մտածելակերպն ու հոգին նեղացնել մինչեւ ստամոքսի բավարարում: Մանավանդ` եթե նա հայ է: Մի շրջանում մեր գրողների ստեղծագործություններն ուղղակի ճռնչում էին հուսահատությունից, տողերի արանքից ճչում էին նվաստացածները, արհամարհվածները, ճնշվածները, ասես մոլորակում մարդկային ոչինչ չէր մնացել: Իմ համոզմամբ` գրականությունը այն աշխարհն է, որտեղից ընթերցողները պետք է վերադառնան վսեմով հարստացած ու հույսերով ներշնչված: Ճշմարտության այդօրինակ բացահայտումն եմ գրականություն համարում: Բոլոր չափանիշները մի կողմ թողնենք, այսօր հրատապ է մեր ազգին ինքնաճանաչման ու վճռականության պաշարներով զինելը, ինչը, ցավոք, գրական հնչողություն չի ստանում գոնե արձակում, չափածոյում զրգուն անուններ ու գործեր շատ ունենք: Ըստ երեւույթին, հայացքներս պետք է դարձնենք մեծերի ստեղծածին: Կարծիքս այսպես ընդհանրացնեմ` լավ գրողներ շատ ունենք, լավ թեմաներ ու հայահմա կերպարներ` քիչ: Դա պետական մտածողության բացակայության տխուր հետեւանքներից մեկն է:

Ո՞ւմ են բաժին ընկնում գրական մրցանակները:

– Մի օրինակ գիտեմ, այդ մասին պատմեմ: 2006-ին պետական պատվերով տպագրվեց իմ “Քառակուսի գնդակ” ծրագրային վեպը, մտերիմներս, այդ թվում` հայտնի գրողներ, խորհուրդ տվեցին ներկայացնել պետական մրցանակի: Համոզեցին, տարա: Հետեւեց մեռելային լռությունը, հետո գրող ընկերներիցս մեկն ասաց` հանձնաժողովի անդամներից ոչ մեկը քո վեպը չի էլ կարդացել, վաղուց որոշված էր, թե մրցանակն ում են տալու: Ես գիտեի, որ գրածս մաքուր գրականություն է, համենայդեպս արցունք չթափեցի, քանզի ընդամենը ցանկանում էի, որ այդ առաջին գրական գործս որքան հնարավոր է` շատ հայեր կարդային: Իմ կարծիքով` գեղարվեստն ու ազգային խնդիրները կարողացել էի միահյուսել, խոսել այն ամեն վտանգների մասին, որոնք այսօր մեր երկրի դժբախտությունն են: Որքան աղետ կարելի է գրքով կանխել… բայց մտահոգվող չկա: Ես ինձ գրող չեմ համարում, ճիշտ հասկացեք, առանց որեւէ հավակնության գրում եմ մտքիս մեջ կատարվողի մասին, իմ երկրի, իմ ընկերների, ծանոթների մասին, զզուշորեն հուշում եմ, թե որն է ճիշտը, որը` մերժելին: Երջանիկ եմ դիմագրքային ընթերցողներիս անկեղծ կարծիքներն ունենալով, նրանք երբեմն ապշեցնում են իրենց նրբանկատությամբ, ամենահաճելին, անշուշտ, անկեղծ հաճոյախոսությունն է: Միայն ափսոսում եմ, որ գրածս այդքան պատմվածքները, վեպերն ու վիպակները, ասույթները թղթե հրաշք դարձնելու հնարավորություն չունեմ: Մեծ ցավ է, որ գիրք տպագրելու համար պիտի ունենաս գումար կամ հովանավոր: Մեր պետությունն այս հարցում թշնամուց վատ է: Չար չեմ, մրցանակներ ստացողների համար ուրախ եմ, սրտանց շնորհավորում եմ: Բացառությամբ այն դեպքերի, երբ հային մրցանակ են տալիս միջազգային այս ու այն կառույցները: Դրանք միշտ ունենում են հետին շահեր, ուստի ես ակամայից սկսում եմ մտածել մրցանակակրի ազգային պատկանելության մասին: Կասկածամիտ չեմ, պարզապես այս վերջին շրջանում օտար շահերի գրոհը մեր երկրի ու գանձերի ուղղությամբ շատ տեսա:

Ժամանակակից գրողի լեզվի մասին ի՞նչ կարծիք ունեք:

– Օրվա հայ գրականությունը, իհարկե, տարաբնույթ է, ոսկեհատիկ ոգորումների կողքին շատ են աղբարկղային պարունակությունները: Կոպիտ արտահայտվեցի, որովհետեւ վաղուց հետաքրքրվում եմ մեր լեզվի հարցերով, կազմել եմ օտարամուտ բառերի հայերեն համարժեքների բառարան եւ լեզվաոճական ուղեցույց ու լավ գիտեմ թե՛ առկա թերությունները, թե՛ միտումները: Ոմանք մի անհեթեթ միտք են ուզում արմատավորել, թե հայերեն գրական լեզուն սահմանափակ հնարավորություններ ունի, ուստի պետք է գրել ինչպես պատահի` խառնելով բարբառները, խոսվածքները, ժարգոնը եւ անգամ փողոցային-խուժանականը: Սա մոլորություն չէ, պատահականություն չէ, հայերենի հուժկու ներուժը, շլացուցիչ ճոխությունը, նբությունը մեր չուզողներին հանգստություն չեն տալիս: Նախ, որովհետեւ հայերենը բխում է մարդկության նախասկզբից ու պարփակում է տիեզերական անհամար գաղտնիքներ, ապա` իր բացառիկ ճկունության շնորհիվ անդադար կատարելագործվում է, ճարտասանության նոր հորիզոններ բացում: Գրական հայերենի գռեհկացումը, ապաեւ վերացումը նույն զինանոցում է, որը թշնամին մեր դեմ գործի է դնում ահա արդեն քանի դար, իսկ այս օրերում դա անում է անթաքույց ու արագ, կարելի է ասել` շտապելուց շնչահեղձ է լինում: Ես ընդունում եմ, որ գրողը պետք է օգտագործի նշածս լեզվական շերտերը, բայց միայն որպես ոճավորման միջոց, հեղինակային լեզուն պետք է լինի միմիայն գրական հայերենը: Բացառություն է որեւէ հերոսի անունից արվող պատմությունը: Ինչը շատ հայ գրողներ անում են հայերենն իջեցնելով նրան պատկանող գահից, համագործակցություն է չար ուժերի հետ եւ միայն նվազագույն դեպքում` անգետի մոլորություն: Վերջին դեպքում էլ, կարծում եմ, նման խոտանը չպետք է հասնի ընթերցողին: Ասում են` ինչպիսին կյանքն է` այնպիսին էլ պետք է լինի արվեստը: Սա գռեհկացում էլ չէ, արժեքների ոտնահարում է: Մարդը ստեղծագործում է` իր նմանին բարձրացնելու եւ կյանքի սեր ներարկելու համար, եթե անում է հակառակը` կա՛մ ապաշնորհ է, կա՛մª վարձու սազանդար: Շատ մեծ ցավով տեսնում եմ, որ ինչպես խնկելի կերպարները, կենսահույզ գաղափարները, այնպես էլ ազնվական հայերենը դուրս է մղվում ոչ միայն լրագրությունից, հանրային խոսքից ու քաղաքականությունից, այլեւ` գրականությունից: Սա մեր լեզվի հանդեպ մեծ դավադրություն է, կանխելն ամեն միտք կրողի պարտականությունն է: Այս խայտառակ իշխանություններից ազատագրվելուց հետո կատարվելիք հրատապ գործերից մեկը պետք է լինի հայերենի մասին խիստ օրենքի ընդունումը, եթե չենք ուզում, որ մեր ինքնության այս հզորագույն սյունը վերջնականապես տապալվի: Ինչպես հայ գենը, հայ լեզուն եւս վերահառնելու եզակիություն ունի, մենք դրան եւս մեկ անգամ կհասնենք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ