• 13/04/2022

Ադրբեջանը փորձում է գործընթացը փակուղի մտցնել. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է գործընթացը փակուղի մտցնել. Նիկոլ Փաշինյան

Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները եւ այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ եւ շփումներ: Այս տեղեկատվության հրապարակումից հետո մեր հասցեին հնչեց քննադատություն, թե մենք փաստորեն հրաժարվել ենք ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու գաղափարից: Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովում ունեցած իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրականությունը մի փոքր այլ է: Մենք այդ գաղափարից չենք հրաժարվել, բայց նաեւ գիտեք, որ Ուկրաինայի իրադարձությունների բերումով համանախագահության ներսում հարաբերությունները ծայրաստիճան լարված են: Ի դեպ, այդ լարվածությունը սկիզբ էր առել դեռ 2011 թվականին՝ Սիրիայի իրադարձություններից, ինչը անխուսափելիորեն ազդեցություն ունեցավ մեր տարածաշրջանային   զարգացումների վրա: Եւ հիմա էլ, այդ լարվածությունը հաշվի առնելով, մենք չենք կարող պասիվ սպասել համանախագահության գործողություններին, մյուս կողմից երկկողմ խոսակցությունների մեկնարկը որեւէ կերպ չի արգելում համանախագահության ներգրավումը գործընթացում»,– ընդգծեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ գործընթացի նախապատրաստությունը պետք է մեկնարկել անհետաձգելիորեն եւ պետք է հուսալ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունները կկարողանան տրված հանձնարարականները պատշաճ ժամկետում կատարել: Վարչապետի խոսքով՝ կարեւոր է արձանագրել, որ այսօր ողջ միջազգային հանրությունը գործընթացին աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում եւ այս պատեհությունը պետք է իսկապես օգտագործել:

«Չնայած՝ անզեն աչքով էլ նկատելի է խաղաղության օրակարգի մի շարք հարցերում միջազգային գործընկերների անմիջական ներգրավվածությունը: Գիտեք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խումբ է գործում՝ փոխվարչապետերի համանախագահությամբ: Սա չի խանգարում, որ այս հարցը մենք քննարկենք նաեւ ԵՄ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի մեր գործընկերների հետ: Նաեւ՝ Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվեցինք ակտիվացնել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները»,– նշեց ՀՀ կառավարության ղեկավարը:

Փաշինյանը նկատեց՝ Ադրբեջանն այստեղ էլ է փորձում գործընթացը փակուղի մտցնել, ճանապարհների բացման հարցում մեր շահագրգռությունը փորձ անելով վերածել միջանցքային խոսակցության:

«Բայց ինչպես բազմիցս արձանագրել եմ, այս մոտեցումը բացարձակապես անընդունելի է մեզ համար: Ուշադրության է արժանի այն փաստը, որ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգը իրականացնել այնպես, որ դրա արդյունքում Հայաստանի շրջափակումը ոչ թե հաղթահարվի, այլ ընդհակառակը՝ ավելի խորանա: Կամ էլ՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության նոր հիմնավորում դառնա: Այս է պատճառը, որ մենք այս հարցում պիտի ցուցաբերենք մաքսիմալ ճկունություն՝ միեւնույն ժամանակ հստակ պաշտպանելով մեր սկզբունքային դիրքորոշումներն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- եզրափակեց վարչապետը: