- 13/04/2022
«Կանխատեսում էինք՝ իշխանությունը ուղիղ կապ ունի ադրբեջանցիների հետ». ընդդիմադիրները հանդես կգան հայտարարությամբ
Մինչև Արցախ հասնելը, մենք կանխատեսում էինք նման սցենար, այդ պատճառով նշում էինք, եթե ինչ-որ խոչընդոտ լինի Արցախում, ապա մեր իշխանությունը ուղիղ կապ ունի ադրբեջանցիների հետ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ ռուս խաղաղապահների կողմից խորհրդարանական ընդդիմադիրներին Արցախ մուտք գործելը խոչընդոտելուն:
Նա նշեց, որ երեկ ուժեղացված հսկողություն էր այդ անցակետում. «Այսօր այն չկար, այդ մեր պատվին էր ուժեղացվե՞լ: Արցախ մուտք գործել մեզ թույլ չտալը անթույլատրելի խայտառակիչ է, երկրորդ բառ այստեղ չի կարող գտնվել: Այս ամենի հետևում կանգնածները պետք է ենթարկվեն պատասխանատվության, կլինեն ռուս խաղաղապահները, մերոնք, թե ադրբեջանցիները»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ այս պահին գտնվում է Սյունիքում:
Հետաքրքրվեցինք, ինչ հետագա գործողություններ կիրականացնեն ընդդիմադիրները, Վահե Հակոբյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ԱԺ-ի ելույթից հետո, հետո սցենար դեռ չեն մշակել. «Հետագա գործողությունների մասին չեմ կարող ասել հիմա, քանի որ քննարկման փուլում ենք: Նիկոլի ԱԺ-ի ելույթը մեր՝ քաղաքից բացակայելու հետևանքով կցկտուր ենք տեսել, հիմա փորձում ենք հասկանալ՝ հստակ ինչ է խոսել. կարծում եմ՝ շատ առանցքային բաներ է ասել, ինչքան հասկանում ենք՝ ինքը Արցախի հանձման ճանապարհին է: Քննարկումից հետո մենք հանդես կգանք հայտարարությամբ»,- նշեց նա՝ հավելելով.
«Կատարվածի հետևանք էր նաև երեկվա այն հիստերիան, որ կատարվեց ԱԺ-ում՝ Արցախի դրոշը պոկելով և այն վնգստոցը, որ դրել էր իշխանական ուժը ամբողջ համացանցում»,- եզրափակեց Վահե Հակոբյանը:
Հավելենք, որ նախօրեին Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ: Դրա վերաբերյալ հայտարարություն էր տարածել Հայաստանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ մտահոգված է՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ: