• 13/04/2022

«Կանխատեսում էինք՝ իշխանությունը ուղիղ կապ ունի ադրբեջանցիների հետ». ընդդիմադիրները հանդես կգան հայտարարությամբ

«Կանխատեսում էինք՝ իշխանությունը ուղիղ կապ ունի ադրբեջանցիների հետ». ընդդիմադիրները հանդես կգան հայտարարությամբ

Մինչև Արցախ հասնելը, մենք կանխատեսում էինք նման սցենար, այդ պատճառով նշում էինք, եթե ինչ-որ խոչընդոտ լինի Արցախում, ապա մեր իշխանությունը ուղիղ կապ ունի ադրբեջանցիների հետ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ ռուս խաղաղապահների կողմից խորհրդարանական ընդդիմադիրներին Արցախ մուտք գործելը խոչընդոտելուն:

Նա նշեց, որ երեկ ուժեղացված հսկողություն էր այդ անցակետում. «Այսօր այն չկար, այդ մեր պատվին էր ուժեղացվե՞լ: Արցախ մուտք գործել մեզ թույլ չտալը անթույլատրելի խայտառակիչ է, երկրորդ բառ այստեղ չի կարող գտնվել: Այս ամենի հետևում կանգնածները պետք է ենթարկվեն պատասխանատվության, կլինեն ռուս խաղաղապահները, մերոնք, թե ադրբեջանցիները»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ այս պահին գտնվում է Սյունիքում:

Հետաքրքրվեցինք, ինչ հետագա գործողություններ կիրականացնեն ընդդիմադիրները, Վահե Հակոբյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ԱԺ-ի ելույթից հետո, հետո սցենար դեռ չեն մշակել. «Հետագա գործողությունների մասին չեմ կարող ասել հիմա, քանի որ քննարկման փուլում ենք: Նիկոլի ԱԺ-ի ելույթը  մեր՝ քաղաքից բացակայելու հետևանքով կցկտուր ենք տեսել, հիմա փորձում ենք հասկանալ՝ հստակ ինչ է խոսել. կարծում եմ՝ շատ առանցքային բաներ է ասել, ինչքան հասկանում ենք՝ ինքը Արցախի հանձման ճանապարհին է: Քննարկումից հետո մենք հանդես կգանք հայտարարությամբ»,- նշեց նա՝ հավելելով.

«Կատարվածի հետևանք էր նաև երեկվա այն հիստերիան, որ կատարվեց ԱԺ-ում՝ Արցախի դրոշը պոկելով և այն վնգստոցը, որ դրել էր իշխանական ուժը ամբողջ համացանցում»,- եզրափակեց Վահե Հակոբյանը:

Հավելենք, որ նախօրեին Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ: Դրա վերաբերյալ հայտարարություն էր տարածել Հայաստանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ մտահոգված է՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ: