• 13/04/2022

Ընդդիմությունը, եթե հարգանք ունի իր հանդեպ, պետք է ժամ առաջ մանդատները վայր դնի

Ընդդիմությունը, եթե հարգանք ունի իր հանդեպ, պետք է ժամ առաջ մանդատները վայր դնի

«Նույն Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ Շուշիում բղավում էր` Արցախը Հայաստան է եւ վերջ: Հիմա հարց Փաշինյան Նիկոլին, քանի՞ անգամ ես միջազգային հարթակներում կարողացել Արցախի անուն տալ, հիմա էս ինչի՞ եք էսքան վախվորած Արցախի անունը տալիս: Էս ինչի՞ եք հիմա արցախցիների խնդիրներին մատների արանքով վերաբերում: Էս մարդկանց դարձրել եք տնավեր ու բնավեր,  հիմա էլ խաղաղության դարաշրջանից ե՞ք խոսում»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Արցախի շուրջ ժամ առ ժամ սեղմվող օղակին եւ Հայաստան աշխարհին պատուհասած վտանգներին, ասաց «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ եւ իրականացնող, Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար, հանրությանը հայտնի լրագրող ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ, ընդգծելով.

-Իբրեւ թե գնում եք բանակցելու, իսկ դու Նիկոլ Փաշինյան, առհասարակ ունակ ե՞ս որեւէ բան բանակցելու, բա կարողացա՞ր Բրյուսելում որեւէ տառ կամ բառ արտաբերել: Էդ որ խաղաղության դարաշրջան եք բացել  Ձեր եղբայրների հետ, բա էդ նույն Ձեր եղբայրներին չէիք կարողանո՞ւմ ասել, որ մեր հազարավոր լուսավոր տղերքին մսաղացի բերանը չտային, որ չսպանեին մատաղ սերնդին: Դու ընդհանրապես հասկանո՞ւմ ես ինչ ես արել Նիկոլ, դու հիմա առհասարակ ո՞ւմ հետ ես բանակցում, ի՞նչ ես բանակցում ա՛յ ընկեր, բա էդ բանակցությունների սեղանին կարողանո՞ւմ ես ասել, որ մենք գերեւարված տղաներ ունենք, որ անհետ կորած տղաներ ունենք, որ սգացող մայրեր ունենք:

Ո՞ւմ հետ ես բանակցում, ո՞ւմ հետ ես խաղաղության դարաշրջան բացում Փաշինյան Նիկոլ` քեզ սպանողի, քո գենը-կոդը ջնջողի հե՞տ: Ասում ես նախկիները գնում վիզները ծռում էին` Նիկոլ, նախկին իշխանություններից եւ որեւէ մեկը վիզ չի ծռել ի տարբերություն Ձեզ ու Ձերոնց: Դուք նախկիններին դեռ ասելու բան ունե՞ք, երկիրը տվել եք շուն-թուրքի բերանը, Արցախի սուրբ հողը թշնամու Երախը տարաք դրեցիք, էդքանից հետո Դուք իրավունք ունեք նախկինների անուն տալո՞ւ: Չնայած նախկին ու ներկա, բոլորդ էլ մեկ եք :

-Տիկին Զարգարյան, եթե իշխանության դիրքորոշումը այլեւս ակնհայտ է, ապա խորհրդարանական ընդդիմության կեցվածքը գոնե Ձեզ համար ընդունելի է՞:

-Նախ ասեմ, որ դրոշներ փակցնելով փորձել ինչ-որ «գլադիոտորական մարտեր»  մղել`  դրանով ընդդիմությունը որեւէ խնդիր չի լուծելու: Իսկ, առհասարակ, ըստ իս, ընդդիմության օրակարգը կեղծ է, եթե ընդդիմությունը ունենար կոնկրետ օրակարգ, ապա օր առաջ պետք է հանդես գար կոնկրետ գործողություններով, կոնկրետ հայտարարություններով, կոնկրետ ճանապարհային քարտեզ ներկայացներ հասարակությանը: Մինչ օրս, սակայն, Արցախյան հիմնախնդրի շուրջ հստակ ճանապարհային քարտեզ եւ կոնկրետ առաջարկներ ներկայացրել է միայն հայտնի քաղաքական գործիչ, ՍԻՄ  նախագահ Հայկ Բաբուխանյանը, ով ավելի հանգամանորեն ներկայացրեց կոնկրետ օրակարգ նաեւ Հայաստանում Ղրիմի օրերի շրջանակներում:

Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը` դրոշներ փակցնելով, Արցախ գնալ-գալով որեւէ խնդիր չեք կարողանալու լուծել. ընդդիմությունը, եթե հարգանք ունի ինքն իր  հանդեպ պետք է ժամ առաջ մանդատներ վայր դնի, որպեսզի մասնակիցը չլինի այս խայտառակ գործընթացին:

Էլ ինչի՞ է սպասում ընդդիմությունը` սպասում են, որ Երեւանի կենտրոնում ծածանվեն ադրբեջանական դրոշները նո՞ր ասեն պահը օրհասական է, մենակ պաթետիկ հայտարարություններով չեն լինում ընդդիմություն:

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ