• 13/04/2022

Միակ ելքը Արցախում հանրաքվե կազմակերպելն է` Ռուսաստանին միանալու օրակարգով. Տեր-Եսայան

Միակ ելքը Արցախում հանրաքվե կազմակերպելն է` Ռուսաստանին միանալու օրակարգով. Տեր-Եսայան

«Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ ՍԱՐԳԻՍ ՏԵՐ-ԵՍԱՅԱՆԸ «Իրավունք TV»-ի տաղավարից կոչ արեց արցախահայությանը դիմադրություն ցույց տալ, քանի որ երբ իրենք լռում են եւ ոչինչ չեն անում, իրենց փոխարեն` իրենց ճակատագիրը որոշում են տարբեր ազգեր, հատկապես նրանք, ովքեր ավելի ուժեղ են:

«ԱՅՍՊԵՍ ԹԵ ԱՅՆՊԵՍ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՑԵԼ Է ԱՐՑԱԽԻՑ»

– Պարոն Տեր-Եսայան, ստեղծված իրավիճակում ճակատագրական ո՞ր որոշումը կարող է բարենպաստ լինել հենց արցախահայության համար:

– Երեք տարբերակ կա Արցախի ճակատագրի որոշման: Հայաստանին միանալը բացառվում է, քանի որ հայաստանյան պարտված իշխանությունն անգամ ձայն չի կարողանում հանել: Հետեւաբար, արցախահայությունը պետք է որոշի` կա՛մ սուս է մնում եւ դեմարկացիա-դելիմիտացիայով Արցախը տալիս են Ադրբեջանին, կա՛մ հանրաքվե է անցկացվում եւ միանում են Ռուսաստանին, կա՛մ Արցախը ճանաչվում է անկախ պետություն: Իհարկե, Արցախն անկախ պետություն ճանաչվելը Թուրքիային եւ Ադրբեջանին ձեռնտու չէ, եւ իրենց համար սա մեռնելիք կլինի, քանի որ օկուպացված տարածքները պետք է վերադարձնեն եւ այդտեղից իրենց զորքը հեռացնեն: Մյուս տարբերակը` Արցախի միացումը Ռուսաստանին, եւս ձեռք չի տալիս Թուրքիային եւ Ադրբեջանին: Ստացվում է, որ եթե ժողովուրդը դիմադրություն ցույց չտա, լինելու է երրորդ տարբերակը` Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում: Դրա համար պետք է մի դիվանագիտական հնարքի դիմել եւ Ռուսաստանին միանալու ստորագրահավաք սկսել Արցախում: Սա միակ տարբերակն է, որ Եվրամիությունը, ՄԱԿ-ը կզարթնեն քնից, եւ միայն հանուն նրա, որ Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը չհասնի մինչեւ Արցախ, արդեն ուզած-չուզած ճանաչելու են Արցախի անկախությունը: Եթե հիմա Արցախի դրոշը պղծում են, այդ ժամանակ պաշտելու են ու պաչելու, ավելին` բերելու են ու ՄԱԿ-ի պատվավոր տեղում կանգնեցնելու են ու ասեն` այս սահմաններից այն կողմ թուրքը մտավ, կսպանենք: Այսպիսով` մենք նոր օրակարգ կթելադրենք նույն Արեւմուտքին:

– Ստացվում է, որ Հայաստանն ընդհանրապես ձեռքերը լվանո՞ւմ է Արցախից, եւ արցախահայությունն ի՞նքը պետք է գտնի իր գլխի ճարը:

– Այսպես թե այնպես, Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից: Հայաստանի իշխանությունները վերջին անգամ ե՞րբ են եղել Արցախում: Նրանք վաղուց ձեռքերը լվացել են ու քաշվել մի կողմ եւ հիմա ամեն ինչի մեղքը գցում են ռուս խաղաղապահների վրա: Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը պետք է բարձրաձայներ, որ Արցախը օկուպացված է, արցախահայությունը վտանգի տակ է, Արցախի ինքնորոշում պետք է ընդունել, բայց նա սուսուփուս գնաց ու եկավ: Լավ, հետո՞, ասենք երեք տարին անցավ եւ լրացավ ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը, ի՞նչ է լինելու: Մեխանիկորեն ռուսական տանկերը հետ են քաշվելու, իսկ արցախահայությունը փախչելու է Երեւան:

«ԴՐՈՇԱԿՌԻՎԸ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ` ՍԱ ՕՐԱԿԱՐԳ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ ՇԵՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

– Իսկ տարբեր հրապարակներում ու Ազգային ժողովում Արցախի դրոշներ ծածանելով` որքանո՞վ է նպաստում հայաստանյան ընդդիմությունը, որպեսզի արցախահայությունն այս օրհասական պահին կարողանա ճիշտ որոշում կայացնել:

– Ես այդ դրոշակռիվը չեմ ընդունում` սա օրակարգ է ժողովրդին շեղելու համար: Էլի եմ ասում` հիմա միակ տարբերակը դիմադրությունն է, ինչն ուլտրագլոբալիստների համար շատ վախենալու սցենար է: Պետք է ժողովուրդը ոտքի կանգնի, դուրս գա փողոց եւ մի բռունցք դարձած խաղաղ ցույցերով հայտարարի, թե ինքն ինչ է ուզում: Այո, գաղտնիք չէ, որ Արցախում էլ, ինչպես Հայաստանում, նույն գլոբալիստ իշխանություններն են` մի դեպքում Արայիկ Հարությունյանի, մյուս դեպքում` Նիկոլ Փաշինյանի դեմքով: Բայց եթե ժողովուրդը ոտքի կանգնի, Արայիկ Հարությունյանին կմնա մեկ քայլ, որը հիմա չի անում: Իրենք իրենց համար ՏԻՄ ընտրություններ են անում եւ դեռ ուրախ-ուրախ էլ հայտարարում են, թե ինչ լավ է, որ Սոս գյուղում պահպանողական կուսակցությունը հաղթել է: Ու սա իրենց համար լուրջ «ազգային օրակարգ» է, չեն էլ ամաչում: Արցախը մի քանի օրից կարող է դելիմիտացիայի հետեւանքով մնա Ադրբեջանին, իրենք Սոս գյուղում ընտրություն են անում, հասկանո՞ւմ եք, թե ժողովուրդին ինչ խաբկանքի մեջ են գցում: Դրա համար եմ ասում, որ պետք է ժողովուրդը դիմադրություն ցույց տա, ինչպես 90-ականներին, ինչի արդյունքում կարողացավ այսքան տարի խաղաղ ապրել: Նույն կերպ պետք է լինի նաեւ հիմա:

– Մարդիկ համբերության բաժակը լցված` դուրս եկան փողոց: Ըստ էության, խորհրդարանական ընդդիմության հանրահավաքին մասնակցում էր 15-20 հազար մարդ: Այս ներուժով ի՞նչ կարող է անել ընդդիմությունը, որ չի անում:

– Նախ եկեք տարանջատենք` արտախորհրդարանական ուժերն ուրիշ են, խորհրդարանական ուժերը` ուրիշ: Այո, խորհրդարանական ուժերը արեցին հանրահավաք, բայց այսօր Արցախի ժողովուրդը պետք է ոտքի կանգնի: Հիմա կարեւոր չէ, թե Հայաստանում մենք ինչ արեցինք, կարեւորն` Արցախն է: Այսօր թող նույն ընդդիմադիր ուժերը գնան Արցախ եւ այնտեղ հանրահավաքներ անեն: Ի վերջո, Արցախից է սկսվել եւ Արցախով էլ կարող է վերջանալ Հայաստանի պետականությունը: Եթե դելիմիտացիա իրականացվի եւ պայմանագիր ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում: Իսկ հաջորդը պանթուրանիզմի ծրագրում Մեղրիի միջանցքի տնօրինումն է լինելու Թուրքիայի կողմից: Արդեն գծել են իրենց ճանապարհները, թե ինչպես են սիրուն այդ միջանցքով գնալու հասնեն դեպի Նախիջեւան: Հասկացե՛ք, հաջորդը մենք Սյունիքն ենք կորցնելու: Մինչդեռ թուրքը միշտ էլ եկել ու մնացել է Արցախի դարպասներին կանգնած, առաջ չի կարողացել գալ: Ուստի` մեզ մնում է այս աշխարհաքաղաքական զարգացումներում ճիշտ կողմնորոշվել:

«ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԼԻՆԵԼՆ Է, ԻՆՉՊԵՍ ԲԵԼԱՌՈՒՍՆ Է»

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Հայաստանը մաս կազմի Ռուսաստան-Բելառուս միութենական պետության` այսկերպ գտնելով նաեւ Արցախի խնդրի լուծման բանալին:

– Միացումը միանշանակ պետք է, քանի որ Հայաստանը միայն այդ դեպքում կլինի տնտեսապես ավելի հզոր, եւ ներդրումներ կգան, քանի որ 4 տարի շարունակ տեսանք, որ ոչ մի ներդրում Արեւմուտքից չեկավ: Փոխարենն Արեւմուտքը 5 միլիարդ դոլարի ներդրում է արել, որպեսզի Բաքվի կողքին մեծ քաղաք սարքվի: Անգամ մեկ ամիս առաջ Եվրամիությունը երկու միլիարդ եվրո օգնություն հատկացրեց Ադրբեջանին` որպես պատերազմում շատ գումար ծախսած «խեղճ» պետութուն, իսկ մեզ` ոչ: Սա նշանակում է, որ Արեւմուտքի օրակարգում մենք ընդհանրապես չկանք, ավելին` եթե Հայաստան չլինի, իրենք մի գլխացավանքից կազատվեն, ու կվերջանա այս թեման: Դրա համար այսօր միակ ճանապարհը Ռուսաստանի հետ լինելն է, ինչպես Բելառուսն է: Այսօր Բելառուսը միութենական պետության կազմում է, բայց ունի իր դրոշը, իր գերբը, իր տարածքային ամբողջականությունը: Նույն կերպ կարող ենք մենք լինել, նույն կերպ կարող է Արցախը լինել:

– Այս գաղափարը շատ ցավոտ են ընդունում տիգրանխզմալյանները, դավիթսանասարյանները, ծռերի բեւեռականները: Ի՞նչ կասեք այս մասին:

– Արեւմտյան գործակալական ցանցը մեծ գումարներ է տրամադրել, որպեսզի Հայաստանում գեներացվեն հակառուսական տրամադրություններ: Վերջին տարիներին դրան է միտված եղել Սորոսի հիմնադրամի եւ NED-ի տրամադրած միլիոնավոր դոլարները: Ով ասել է, որ պատրաստ է հակառուսական ինչ-որ բան անել, ասել են` այս 100 հազար դոլարը վերցրու, մի կազմակերպություն կամ կուսակցություն բացիր ու սկսիր աշխատել: Նրանց ծրագիրը կհասներ ավարտին, եթե մինչեւ 44-օրյա պատերազմը կարողանային հեռացնել 102-րդ ռուսական ռազմաբազան: Մինչդեռ եթե այն չլիներ Սյունիքում, պատերազմի ժամանակ Ադրբեջանը թուրքական դրոշներով մտնելու էր եւ մեզ կտրեր Իրանից: Ռուսական ռազմաբազայի վախից իրենք չկարողացան առաջ գալ եւ վերցնել Սյունիքը: Իրենց ծրագիրը ուներ երկրորդ փուլ, բայց կարողացան իրականացնել միայն այնքանով, որ Արցախի 70 տոկոսը տվեցին մեր թշնամիներին: Մտածե՞լ եք, թե ինչու Ադրբեջանը Ստեփանակերտի կառավարության շենքը չէր ռմբակոծում: Նրանք կարծում էին, որ վաղը գալու էին այդտեղ նստեին ու չէին ուզում վնասվեր, որ նորից միլիոններ չծախսեին` վերականգնելու համար: Այո, օդը բացել էին, ունեինք մեր ներքին դավաճանները, բայց այստեղ նաեւ մեծ աշխարհաքաղաքական ծրագիր էր իրականացվում:

– Ի դեպ, ծռերի բեւեռականները, հրապարակներում Արցախի դրոշը ներկելով, ասում են, թե դրանով ցանկացել են ասել, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Այսինքն` այն, ինչ ասում է նաեւ խորհրդարանական ընդդիմությունը:

– Բայց այսօր այդպիսի օրակարգ չկա, աշխարհը չի ընդունում: Աշխարհի համար կարեւորն այն է, որ Բաքվից Թիֆլիսով ու Ջեյհանով իրենց նավթամուղն անխափան հասնի Եվրոպա: Եվ դրա համար պատրաստ են Ալիեւին գուրգուրել, ասել` ուզում ես Արցախն էլ քեզ լինի, Սյունիքն էլ, միայն թե այդ այլընտրանքային նավթն ու գազը հասնի տեղ: Եվ երբ ժողովուրդը լռում է, նույն աշխարհն օգտվում է առիթից ու ասում` նշանակում է համաձայնեք ապրել Ալիեւի ենթակայության տակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.