• 13/04/2022

Փաշինյանն ու իր թիմակիցներն Արցախի նկատմամբ գեներացնում են ատելություն. Թագուհի Թովմասյան

Փաշինյանն ու իր թիմակիցներն Արցախի նկատմամբ գեներացնում են ատելություն. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովում պատգամավորների ելույթների ժամը վերածվեց ՔՊ-ականների մենախոսության, քանի որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել էր նիստերը: Առիթից օգտվելով էլ` իշխող խմբակցության պատգամավորները որոշեցին մի լավ բամբասել ընդդիմությունից: Ընդդիմության հասցեին հնչած քննադատությունների եւ ներքաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ:

– Անդրադառնալով Արցախ այցելելու խորհրդարանական ընդդիմության որոշմանը` ԱԺ ամբիոնից ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն անուղղակի սպառնում էր կտրել ընդդիմադիր պատգամավորների քթերը: Նա հիշեց, որ ռուս իշխան Ալեքսանդր Նեւսկին այդպես է վարվել իր ժողովրդի նկատմամբ, որոնք ընդվզում էին մոնղոլ հարկահավաքների դեմ, քանի որ վստահ էր, որ դրանով երկիրը կկորցներ ավելին, քան այդ հարկերն էր: Ուստի` հրամայել է կտրել այդ անկարգություններ կազմակերպողների քթերը, որպեսզի նրանք կարողանան իրենց քթերից հեռու նայել եւ չվտանգել ավելին, քան իրավիճակը ենթադրում էր: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ընդհանրապես սպառնալիքներն ու ատելության խոսքի գեներացումը մերժում եմ, հատկապես խորհրդարանի ամբիոնից: Շարունակ բոլորը բողոքում են, որ Հայաստանում թեւածում է ատելության խոսքը, չկա հանդուրժողականության մթնոլորտ, փոխադարձ վիրավորանքներն իշխում են ամենուր, բայց այն իրականացնում են, ըստ էության, իշխանական պատգամավորները ԱԺ ամբիոնից` հենց իրենք սեփական քթից այն կողմ չտեսնելով տեղի ունեցող իրադարձությունները: Կարծում եմ` սա ամենամերժելի տարբերակն էր, որ կարելի էր ընտրել` որպես բառամթերք: Փաստորեն, իշխանությունն այլ օրակարգ չունի, քան ընդդիմությանը քննդատելն է: Դե թող իրենց գործերով զբաղվեն, եթե ընդդիմությունն այդքան կարեւոր չէ իրենց համար:

– ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր` Լուսինե Բադալյանը, ճիշտ հակառակն էր պնդում` նշելով, թե ընդդիմությունը չունի հստակ օրակարգ եւ կոնկրետ ծրագիր: Օրինակ` սրտնեղել է, որ չեք ասում, թե ինչպե՞ս եք Շուշին ու Հադրութը հետ բերելու:

– Պոպուլիզմը պետք է ընդհանրապես չափ ունենա: Նախ ասեմ, որ Շուշին եւ Հադրութը վերադարձնելու հստակ մեխանիզմ կա, որի գործիքներից մեկի տակ դրված է Նիկոլ Փաշինյանի անուն-ազգանունն ու ստորագրությունը: Խոսքը նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթղթի մասին է, որտեղ միակ հայանպաստ բառակապակցությունը, երեւի, կրակի դադարեցումն էր: Այնտեղ հստակ նշված է, որ բոլոր փախստականները վերադառնում են իրենց բնակավայրեր, հետեւաբար Շուշիի եւ Հադրութի բնակիչները պետք է վերադառնան եւ ապրեն իրենց տներում: Իսկ դրա համար մեր երկիրը պետք է լինի պահանջատեր, ստեղծի անվտանգության այնպիսի մեծանիզմներ, որպեսզի այնտեղ` իրենց ծննդավայրում, հայերն ապրեն խաղաղ: Շուշին եւ Հադրութը վերադարձնելու առնվազն մեկ տարբերակ ես առաջարկեցի:

– Այդուհանդերձ, իրար հերթ չտալով, ՔՊ-ական պատգամավորները պնդում էին, թե ընդդիմադիր պատգամավորները այցելելով Արցախ, վտանգում են հենց արցախահայության անվտանգությունը: Ո՞րն է այդ մտավախության տրամաբանությունը:

– Պատգամավորներից ես, երեւի, ամենահաճախն եմ Արցախում լինում եւ երբեք չեմ նկատել, որ իմ կամ որեւէ այլ պատգամավորի այցելությունները կարող են անվտանգության սպառնալիք առաջացնել Արցախի համար: Ընդհակառակը` ե՛ւ Արցախի քաղաքացիները, ե՛ւ տեղի իշխանությունը սպասում են Հայաստանից ցանկացած պաշտոնյայի: Ինձ համար շատ ցավալի արձանագրում էր, երբ Արցախի իշխանությունները, հասարակ մարդիկ փողոցում ինձ ուղղակի շնորհակալություն էին հայտնում` Արցախ գալու համար (մարտի 27-ին եմ վերադարձել այնտեղից): Այդ երբվանի՞ց Արցախ գնալը դարձավ հերոսություն, որ շնորհակալության պետք է արժանանանք: Ու դրա համար պետք է ամաչի մի կողմից` Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները, ովքեր վերամբարձ հայտարարություններ էին անում, թե «Արցախը Հայաստան է եւ վերջ» եւ չէին մտածում դրա հետեւանքների մասին: Այդ հայտարարությունը, կարծում եմ, ամենեւին անկեղծության պոռթկում չէր: Իմ համոզմամբ` իրականում Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցներն ատում են Արցախը` ընկալելով այն, որպես Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ծննդավայր եւ Արցախի նկատմամբ գեներացնելով ատելություն` որքան հնարավոր է շատ եւ որքան հնարավոր է խորը: Արցախ գնալու անհրաժեշտություն շատ կա, եւ ինչքան գիտեմ այնտեղ մեծ լսումներ են սպասվում, որին բնականաբար մասնակցելու են նաեւ Հայաստանից մեկնած ընդդիմադիր պատգամավորները:

– Որքանո՞վ է հերոսական առկա դրոշակռիվը` խորհրդարանական ընդդիմության եւ իշխանության միջեւ: Հրապարակներում ու ԱԺ-ում ընդդիմությունը Արցախի դրոշն է տեղադրում, ՔՊ-ականներն էլ հետ չեն մնում. իշխող խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն առաջարկում է իր գլխին տեղադրել դրոշը, Լուսինե Բադալյանն էլ պատրաստ է անգամ Էվերեստ բարձրացնել այն, եթե դրանով խնդիրները կլուծվեն: Չե՞ք կարծում, որ սա արհեստական օրակարգ էր:

– Արցախի դրոշ դնելն ընդամենը խորհրդանշական ակցիա էր` ի պատասխան հենց իշխանական ագրեսյայի, որ ցուցաբերվել է այդ դրոշի նկատմամբ ու մի շարք համայնքներից հեռացրել են այն: Օրինակ` ես ԱՄՆ-ից նոր եմ վերադարձել եւ չգիտեի` դրոշի շուրջ ինչ պատմություններ են տեղի ունենում: Բայց Արցախի եւ Հայաստանի դրոշն իմ կոստյումին փակցրած գնացել եմ ԱՄՆ կոնգրես: Ես էլ իմ ձեւով եմ փորձել քարոզչություն իրականացնել` որպես երկու հայկական պետությունների անքակտելի ճանաչման եւ նրանց բնակիչների անվտանգության առաջնահերթության պահանջատեր: Սա պայքարի մի ձեւ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ