• 13/04/2022

Ընդերքի մասին օրենքում հայտնվել է «քաղաքացիական անհնազանդությունը»

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը երեկ խորհրդարանին ներկայացրեց ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդմ` նախատեսվում է կարգավորել ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման եւ անհաղթահարելի ուժի առաջացման հետեւանքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները:

Կկարգավորվեն նաեւ ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի հետ կապված գործընթացին առնչվող իրավահարաբերությունները, կամրագրվեն օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգի, հաշվետվությունների ձեւերի եւ լրացման ուղեցույցների սահմանումը, ինչպես նաեւ մասնագիտական առումով ավելի ճշգրիտ կտրվի «օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ» հասկացության սահմանումը: Սակայն, պատգամավորներին այլ բան էր հետաքրքիր, թե ինչ է նշանակում նախագծում տեղ գտած «քաղաքացիական անհնազանդություն» բառակապակցությունը: Մասնավորապես ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ մտահոգություններ կան ՀԿ-ների շրջանում, որովհետեւ այդ բառակապակցությունն անորոշություն է պարունակում եւ հասկանալի չէ: Ոչ պակաս անհասկանալի էր զեկուցողի պատասխանը:

Փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ասաց, որ «քաղաքացիական անհնազանդություն» եզրույթն առաջին անգամ է օգտագործվելու օրենսգրքում, ինչը նշանակում է, որ որոշակի իրավիճակներում մարդիկ կարող են ակցիաներ կազմակերպել այս կամ այն քաղաքականության դեմ, որը վարվում է կառավարության կամ իշխանությունների կողմից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ