• 14/04/2022

Զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս․ Լենա Նազարյան

Զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս․ Լենա Նազարյան

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հայտարարել է, որ քաղաքացիների և զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպումների ժամանակ տեսնում է, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Լենա Նազարյանն իր ելույթում նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունը շարունակաբար մերժում է հանդիպելու և բոլոր հարցերի պատասխանները ստանալու վերաբերյալ Կառավարության առաջարկները։

«Իրականում, կարծում եմ, շատ բան չի էլ կորցնում, որովհետև ամեն ինչ ժամանակի ընթացքում ասվել է և հիմա էլ ասվում է բավականին բաց և հրապարակային։ Կարծում եմ՝ իրենց էլ պետք է ճիշտ հասկանալ։ Հո չե՞ն կարող սեղանի շուրջ առանց փակագծերի խոսակցությունից հետո դուրս գալ և շարունակել ձևանալ անտեղյակ։ Իսկ այսպես, իբր, անիրազեկ են, հետևաբար անպատասխանատու։ Շատ հարմար կարգավիճակ են ընտրել իրենց համար։ Սա պսևդո ընդդիմության կարգավիճակ է, և երևի պետք է իրենց ընդունենք այդպիսին»,- ասաց Նազարյանը։

Պատգամավորի համար, սակայն, զարմանալի է քաղաքացիական հանրության կեցվածքը.

«Երկու ամիս առաջ էր, որ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ՝ մեծամասամբ կանայք, շատ արդարացի զայրույթով հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց (նախօրեին սահմանին նորից զոհեր էին եղել), և նրանք պահանջներ ունեին Կառավարությանը հասցեագրված։ Պահանջում էին ավելի խորը խրամատներ փորել, պահանջում էին սահմանին ամրաշինական աշխատանքներ անել, պահանջում էին նորակոչիկներին հեռացնել սահմանից, փոխարենը պայմանագրային զինծառայողներին տանել սահման՝ կարծես պայմանագրայինների կյանքը պակաս կարևոր է։ Եվ, ի զարմանս ինձ, այդ հարգարժան կանայք՝ քաղաքացիական հանրության ներկայացուցիչները, չասացին վճռական և աներկբա պահանջ Կառավարությանը ուղղված, որ գնացեք և կնքեք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, փակեք պատերազմի էջը, գնացեք լուծումների»,- ընդգծեց Նազարյանը։

Պատգամավորը չի ձգտում ձևավորել ընդդիմության և քաղաքացիական հանրության օրակարգերը, բայց իր համար պարզ է մի բան՝ փաստորեն այս Կառավարությունը, որը առաջ է տանում խաղաղության օրակարգը, բոլորից առաջադիմական է։

«Սա շատ աննորմալ և տարօրինակ երևույթ է։ Որպես կանոն հակառակն է լինում, որպես կանոն ավելի առաջադիմական լինում են ընդդիմությունը և քաղաքացիական հանրությունը։ Բայց ինձ միշտ հուսադրում է այն, որ քաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների  հետ հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս։ Եվ ես նույնպես միանում եմ այդ հանրային կոնսենսուսին, հայտնում եմ իմ աջակցությունը վարչապետին, արտաքին գործերի նախարարին և իր աշխատակազմին և ամբողջ Կառավարությանը՝ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու վճռական և աներկբա պահանջով»,- եզրափակեց Նազարյանը։