• 14/04/2022

Թուրքիան մեծ թափով շարունակում է սահմանների կահավորման աշխատանքները

Թուրքիան մեծ թափով շարունակում է սահմանների կահավորման աշխատանքները

Թուրքիան շարունակում է իր սահմաններին պատեր ու աշտարակներ կառուցել, տեսախցիկներ ու ջերմատեսիլ սարքեր տեղադրել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Դրանից բացի պատերի երկայնքով իրականացվելիք պարեկային ծառայության մեքենաների համար ճանապարհներ են կառուցվում, անցկացվում են լուսավորություն ու հոսանքի գծեր:

Պաշտոնապես հաղորդվում է, որ այդ աշխատանքները կատարվում են մեծամասամբ Սիրիայից ու Իրանից փախստականների հոսքը կանխելու ու սահմանների վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով:

Սիրիայի հետ 911 կիլոմետրանոց սահմանի 873 կմ-ի հատվածում ավարտվել են պատի կառուցման աշխատանքները: Իրանի հետ սահմանին էլ մինչ այս պահը արդեն 191կմ հատվածում ավարտվել են պատի ու ճանապարհի կառուցման լուսավորության անցկացման, տեսախցիկների ու ջերմատեսիլ սարքերի տեղադրման աշխատանքները:

Ընդհանուր առմամբ ապօրինի սահմանահատումների տեսանկյունից ռիսկային գնահատվող  Թուրքիայի արևելյան ու հարավարևելյան 2.949կմ երկարությամբ սահմանների 1028 կիլոմետրանոց հատվածում ավարտվել են պատի ու պարեկային ծառայության համար նախատեսված ճանապարհի կառուցման աշխատանքները:

Սահմանային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով Թուրքիայի սահմանապահ ծառայությանը հատկացվել է նաև 139 հետախուզական ու դիտարկման զրահամեքենաներ: Դրանցից 82 կօգտագործվի արևելյան, իսկ 57-ը արևմտյան սահմաններին ծառայություն կազմակերպելու համար:

Բացի դրանից ոստիկանության գլխավոր վարչության կողմից Իրանի հետ սահմանային Վանի նահանգում  լրացուցիչ 750 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանում է կազմավորել, որը պետք է աշխատի Իրանից աֆղան փախստականների մուտքը Թուրքիա կանխելու ուղղությամբ: