• April 15, 2022

«Ամեն բան բարձիթողի է` վայրի շուկայի կործանիչ կամայականությանը հանձնված».ՆԱՆԵ

«Ամեն բան բարձիթողի է` վայրի շուկայի կործանիչ կամայականությանը հանձնված».ՆԱՆԵ

«Իրավունքը» զրուցեց գրող, հրապարակախոս, ՀԳՄ անդամ ՆԱՆԵԻ հետ:

Մեկնարկեց մանկական գրականության շաբաթը: Ըստ Ձեզ` մանկական գրականության ժանրը Հայաստանում ի՞նչ զարգացում է ապրում:

– Մարդ-անհատի էության կայացման մեջ մեծ է նրա մանուկ օրերի ապրածը եւ ոչ պակաս նաեւ` չապրածը, նրան մատուցված ամեն չնչինն անգամ: Որովհետեւ նոր աշխարհ եկած էակը, ինչպես լատինական ասացվածքն է ասում` “դատարկ տախտակ է” (Tabula raza) եւ անհագությամբ կլանում է ամեն բան` ինչ աչքերը տեսնում են եւ ականջները` լսում. կլանում է` այդ ամենն իր կերպարի ձեւավորման նյութ դարձնելով:

Եվ, բնականաբար, մանկական գրականության կարեւորությունը շատ մեծ է, եւ մանկագրին բաժին ընկած պատասխանատվությունը` նույնպես:

Միայն թե “զարգացում” ասվածն իր դրական իմաստով` այսօրվա մեր իրականության մեջ, այն չափով է բացակա, որ պատրաստ ենք գոհանալ գոնե եղած հունով ու եղած ընթացքով, բայց դա էլ քիչ առ քիչ կորցնում է իր հենարանները: Իհարկե` մանկագիրներ կան ե՛ւ հիանալի մանկագիրներ, իհարկե` մանկագրություն ստեղծվում է, բայց` ինչպես ընդհանրապես այսօրվա գրականության մեջ, այստեղ էլ առկա են նախ` հրատարակման (պետական աջակցության եղած փոքր ծավալն էլ գրեթե վերացվեց) եւ ապա` հասցեատերերին` մանուկներին հասնելու խնդիրները:

Գուցե պատասխանատուները կարծում են, որ միշտ էլ կարելի է մանկությունից իրենց ծանոթ գործերի, հեքիաթների վերատպմամբ, գումարի խնդիր չունեցողների կամ ճարպիկների գունագեղ, բայց իմաստով հաճախ կասկածելի գրքերի ներկայությամբ բավարարվել: Բայց գուցե ոչինչ էլ չեն կարծում, եւ ահա այստեղ էլ ամեն բան բարձիթողի է` վայրի շուկայի կործանիչ կամայականությանը հանձնված:

Եվ նորից գործում է անհատ-նվիրյալների` իրենց հնարավորությունների սահմաններում, իրենց կարեցածի չափով ջանքը միայն: Բայց այս` փակուղիների վերջում ստացված արդյունքը, իհարկե, չի կարող բավարար լինել. Դժվարությամբ վերջապես տպագրված գրքերը քանակով այնքան քիչ են լինում, որ անապատում կաթիլի հետ համեմատելը սխալ չի լինի, եւ պարզ է, որ չեն կարող իրենց առաքելության տերը լինել: Բացի դա, գրված գործերի երկար ժամանակով չհրատարակվելն էլ չի կարող իր անդրադարձը չունենալ գրական ընթացքի վրա: Երբ գիտես, որ անհամբեր սպասողներ կան, այլ կարեւոր գործերից էլ ժամանակ ես կորզում` գործդ չուշացնելու եւ “մուսաների” բարեւը չանտեսելու համար, հակառակ դեպքում` ժամանակը միշտ սուղ է, եւ այլ գործեր են շեղում ուշադրությունդ:

Մանկական ստեղծագործությունները գրելիս ինչի՞ց եք օգտվում, ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը:

– Մանկական գործերիս աղբյուրն իմ մանկությունն է: Հիսուսի պատգամի համաձայն. “Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես. երկնքի արքայություն չեք մտնի”: Դա պետք է նաեւ երկրի վրա ճիշտ ապրելու համար` որքան մանուկը ներկա է մարդու մեջ, այնքան նրա մարդ-որակը մոտ է Աստծո արարած կերպարին: Իսկ գրողի համար եւ հատկապես` մանկագրի, դա գրեթե պարտադիր պայման է: Սակայն մանուկ դառնալուց ավելի հեշտ է` եղածը չկորցնելը` պահելը մանկան հոգու վճիտությունը, մաքրությունը, գեղեցկի ծարավը ու անտես աշխարհին, երկնայինին մերձ լինելը:

Եթե դա կա, արդեն ամեն բան հեշտ է` պարզապես մնում է գրիչ վերցնել եւ մենանալ քո մեջ ապրող մանկան հետ: Գրվող հեքիաթները, մանկական բանաստեղծությունները նրա` հավանությանն արժանանալուց հետո են միայն վերջակետվում:

Մի քանի տարի առաջ մանկական “Լապտերիկ” ամսագիրն էի հրատարակում, եւ երեխաների հետ կապը շատ սերտ էր` նրանք ոչ միայն իրենց վերաբերմունքով էին ինձ ոգեւորում ե՛ւ որպես խմբագրի, ե՛ւ որպես մանկագրի, այլ նաեւ` ամսագրի էջերում իրենց ստեղծագործությունների մասնակցությամբ: Այդ շրջանում մանկությունն ավելի շատ էր ինձ հետ, եւ նրա դռները կրնկի վրա բաց էին: Եվ, բնականաբար, մանկական գործեր էլ ավելի շատ էի գրում: Նրանց վճիտ աչքերը լավ հուշարարներ են: Ավելի էի զգում, որ նրանց պետք է տալ միայն բարության, ազնվության, հավատի, պատասխանատվության կարեւորության դասը եւ օգնել, որ հետո` կյանքի բազում գայթակղությունների, դառնությունների առաջ երես առ երես չկորցնեն հոգու կապույտ երանգները եւ միշտ հաղթած դուրս գան:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Առնչվող գրառում

Զելենսկին իր շոուում արդեն կանխատեսել է այս ամենի ավարտը (Տեսանյութ)

Զելենսկին իր շոուում արդեն կանխատեսել է այս ամենի ավարտը…

Զելենսկին իր շոուում արդեն կանխատեսել է ապագան: Մնում է մի քիչ էլ սպասել։ Ամեն դեպքում,լ դիտեք տեսանյութը եւ կհամոզվեք:  
Զապորոժիեի ԱԷԿ-ը հրետակոծվում է օտարերկրյա զինատեսակներից. կան բոլոր ապացույցները

Զապորոժիեի ԱԷԿ-ը հրետակոծվում է օտարերկրյա զինատեսակներից. կան բոլոր ապացույցները

Տարածաշրջանի ամենակարեւոր էներգետիկ օբյեկտի` Զապորոժիեի ԱԷԿ-ի համակարգված գնդակոծությունից հետո հարվածի գոտում կրկին ու կրկին հայտնաբերվել են արեւմտյան զենքի հետքեր։ Զապորոժիեի ռազմական-քաղաքացիական…
Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեև կանխատեսել է Դոնբասի լիակատար ազատագրման ժամկետը

Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեև կանխատեսել է Դոնբասի լիակատար ազատագրման…

Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը հայտնել է, որ դաշնակից ուժերն ամբողջությամբ կազատագրեն ԴԺՀ-ն սեպտեմբերի կեսերին։ Հաշվի առնելով, որ ԼԺՀ-ն արդեն լիովին ռուսական…