- 15/04/2022
Նիկոլի «ինքնախոստովանական ցուցմունքը», ուրիշ ոչինչ
Նախօրեին ԱԺ-ում Նիկոլի ունեցած ելույթի հիմնական իմաստը, իհարկե, Արցախն ու հայ-ադրբեջանական թեման էր, ավելի կոնկրետ, թե ինչ է պատրաստվում այդ ուղղություններով անել: Բայց մինչ դրան հասնելը, արժե հակիրճ մեկ դրվագի եւս անդրադառնալ:
«Բացասականը գերակշռում է»
Այսպես, սկսելով խոսքը, նա հայտարարեց. «2021 թվականը հետպատերազմական առաջին տարին էր, եւ տարվա ընթացքում մենք ունեցանք լրջագույն ձախողումներ եւ լրջագույն ձեռքբերումներ…»:
Սկսելով ձեռքբերումներ ասվածից, Նիկոլը ցնցող օրինակներ բերեց: Նախ, ձեռքբերում է համարում իր վերարտադրությունը խորհրդարանական ընտրություններում: Թե ինչպես դա տեղի ունեցավ, հայտնի փաստ է. ողջ իշխանական համակարգի ամենաբիրտ օգտագործում, ընդդիմության հիմնական համարվող ուժի տարօրինակ, եթե ոչ` դավաճանական գործողություններ, եւ ձայների 1/4-ով սահմանադրական մեծամասնություն: Այո, ձեռքբերում էր, միայն թե ո՞ւմ համար. նիկոլյան խունտայի: Սակայն այն, որ ջախջախված իշխանությունը մնաց կառավարման ղեկին, դա արդեն իսկ ծանրագույն հարված էր պետությանը, որից, ով գիտի, Հայաստանը եւ Արցախը կկարողանա՞ն մեջքը շտկել: Կարճ ասած, Նիկոլի այդ «ձեռքբերումը» իրականում ամենամեծ չարիքներից մեկն էր, որը մեր երկիրը տեսավ վերջին 100 տարում:
Այնուհետեւ նա ձեռքբերում է համարում «մակրոտնտեսական կայունության ապահովելը» եւ պետական ծախսեր կատարելը, այդ թվում` Արցախում: Իսկ թե ինչ է դրա տակ, խոսելու առիթներ շատ ենք ունեցել. արտաքին պարտքի հսկայական թռիչքներ, որով ինչքան էլ «մակրոտնտեսական կայունություն ապահովես»: Վարկեր վերցրել ու նման ծախսեր են արել` դրանով երկրի տակ դանդաղ գործողության ռումբ դնելով, ու դա «մակրոտնտեսական կայունություն» են համարում:
Ու վերջ, էլ ոչ մի ձեռքբերում, անգամ նա է խոստովանում. «2021 թվականի վերաբերյալ մեր բոլորի զգացողություններում բացասականը գերակշռում է»: Ու նման խոստովանությունից հետո նա դեռ իրեն վարչապե՞տ է համարում: Իսկ երեկ էլ հասավ ամենախայտառակ մտքին, թե` «Հայաստանի եւ Արցախի լինել չլինելու մասին ենք խոսում»: Իսկ «հանցավոր նախկինների» օրեք նման հարցադրում ո՞ւմ մտքով կանցներ: Ահա եւ «Նիկոլ վարչապետը»` իր իսկ «ինքնախոստովանական ցուցմունքներով» ապացուցեց, որ երկիրը հասցրել է անդունդի եզրին:
ՀԵՐԹԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔԸ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԴԵՄ
Նիկոլի ելույթի այս դրվագին անդրադարձանք մեկ պարզ պատճառով. 2020թ. խայտառակ պարտությունից հետո Հայաստանը մազաչափ անգամ առաջ չի գնացել (լինել-չլինելու հեռանկարն էլ փեշքեշ), որ կարողանար աստիճանաբար նաեւ իր անվտանգային, արտաքին քաղաքական վիճակը սկսեր բարելավել: Ու եթե, մեղմ ասած, մնացել ենք 2020թ.-ի ջախջախված վիճակում, պարզ հարց է ծագում` ներկա բարդ իրավիճակում Հայաստանն ինչպե՞ս է փորձելու ինչ-որ կերպ իր շահերը պաշտպանել: Այն դեպքում, երբ աչքի առաջ զարգացող թշնամին եւս պարզ տեսնում է այս վիճակը, եւ դա արդեն իսկ բավական է, որ նա Նիկոլի քարոզած «հաշտությանը» գնալու փոխարեն, ամեն ժամ ու օր նոր պահանջներ առաջադրի. եթե կարող է առավելագույնը պոկել, ինչո՞ւ չանի:
Այստեղ է, որ նորից ու նորից օրակարգ է գալիս իր հերթին հայտնի ու շատ պարզ հարցը` իսկ ինչպե՞ս է նման երկիրը գոյատեւում: Պատասխանը նույնքան պարզ է. եթե չլինեին ռուսական զորքերը, հազիվ թե հիմա Արցախ լիներ, իսկ Հայաստանը լավագույն դեպքում «ձեւի համար» կպահպանվեր, բայց որպես թրքահպատակ: Սա՞ է նիկոլյան խունտայի ուզածը. այս հայտնի հարցն այս անգամ մի կողմ թողնենք, պատասխանը երեւի արդեն անգամ ամենամոլի «զոմբին» է հասկանում: Պարզապես ֆիքսենք հերթական փաստը. ռուսական բանակի հաշվին Հայաստանն ու Արցախը գոյատեւում են, մինչդեռ նույն նիստում Նիկոլն ու իր «Օմեգան» հերթական «սապոնը դրեցին» խաղաղապահների ոտքի տակ: Դա էլ մի կողմ, այս իրավիճակում բավական տարօրինակ էր նաեւ թիվ 1 ընդդիմության պահվածքը:
Թե ինչու է այս օրերին թիվ 1 ընդդիմությունը ամենուր Արցախի դրոշներ տեղադրում, այդպես էլ «չհասկացանք»: Հա, էլի մեր Արցախն է, էլի պարտավոր ենք բոլորով հանուն այդ դրոշի գոյության ամեն ինչ անել: Բայց մեկ է, ամենուր դրոշ տեղադրելն այդ ի՞նչ «հանճարեղ ռազմավարական քայլ է», մնում է անորոշ: Ու նույնքան «անհասկանալի» է Արցախ մեկնելու վերջին քայլը, երբ բոլորի համար պետք է որ վաղուց պարզ լիներ, որ Արցախի փրկության հարցն այս օրերին պետք է լուծել Երեւանում: Ու գալիս է հաջորդ «անհասկանալի» դրվագը. իսկ Բաքուն այդ ինչպե՞ս Արցախ մեկնող ընդդիմադիր պատգամավորների ցուցակը տվեց ռուսներին` կոշտ պահանջով: Ու հիմա հարց ոչ թե մեր իշխանություններին, այլ` ընդդիմությանը. հնարավո՞ր էր Արցախում հերթական լուրջ սրացումը, եթե ռուսները նրանց թողնեին անցնել: Նաեւ հնարավո՞ր էր այդ սրացման արդյունքում առնվազն նոր զոհեր, էլ չենք խոսում այն հերթական արշավի մասին, թե, տեսեք, խաղաղապահներն իրենց գործը լավ չեն անում: Ընդ որում, եթե թիվ 1 ընդդիմությունը բացատրի, թե այդ այցով մի այնպիսի փայլուն ծրագիր էին իրականացնում, որը կարող էր արագորեն մեր վիճակը դեպի դրական հուն ուղղել, միգուցե պետք կլիներ հաշտվել հնարավոր թվարկված կորուստների հետ: Բայց չեն բացատրում: Ու փոխարենը, Նիկոլն ու իր «Օմեգան» էլի առիթը բաց չթողեցին հայտարարել, թե խաղաղապահներն այդ ովքե՞ր են, որ չեն թողնում մեր պատգամավորներին` անցնել Լաչինի միջանցքով: Ու հիմա մեկը կբացատրի՞, թե հայաստանյան ընդդիմության եւ իշխանության ներգրավմամբ այս ի՞նչ պատմություն էր, որ խաղաղապահներն ինչ էլ անեին, քննադատության էին արժանանալու: Հենց այն պահին, երբ Նիկոլը պետք է ԱԺ-ում մի այնպիսի ելույթ ունենար, որին ներկա գտնվելն ու դիքորոշում հայտնելը թիվ 1 ընդդիմության խորհրդարան գնալու միակ իմաստն էր: Ու հարց. այս ընդդիմությո՞ւնն ավելի լավը, թե` Նիկոլը:
ՈՉ ԹԵ «ՍԽԱԼ», ԱՅԼ` ԾՐԱԳԻՐ
Ինչ վերաբերում է Նիկոլի ելույթին, ապա այն կարելի է «ինքնախոստովանական ցուցմունքների» մի ամբողջ շարան համարել, ինչն ապագայում հաստատ պետք կգա: Այսպես, սպասելիորեն, նա խոսքը սկսեց «հանցավոր նախկիններից», թե` «ջեբս գցեցին», այդպես հասավ «Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները» հնացած մեխանիզմին, եւ ցնցող ինքնախոստովանություն. «Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին: Եվ սա չանելն է իմ իրական մեղքը, եւ մեղադրանքի նման ձեւակերպումը ամենեւին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, այլ ընդհակառակը` դրանով ավելի եմ սրում, որովհետեւ հանձնելով, գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով` փաստորեն հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա: Եվ թերեւս նմանօրինակ դեպքերի համար է ծնվել հայտնի ասացվածքը, որն ասում է. դա ավելին է, քան հանցագործությունը, դա սխալ է: Կամ ինչպես մեր դեպքում կասեինք` դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է…»:
Իսկ ո՞վ էր հրապարակավ հայտարարում` «Ժողովրդից թաքուն ոչինչ չեմ անի»: Այսպիսով նախ` Նիկոլը խոստովանում է, որ ժողովրդին խաբել է:
Երկրորդը, նա գիտակցել է, որ արդյունքը նույնն է լինելու, միայն թե կա°մ հազարավոր զոհերի գնով, կա°մ` առանց դրա: Եվ գիտակցված է զոհաբերել հազարներին` հասնելով, իր պատկերացմամբ, նույն արդյունքին, եւ ընդունում է, որ դա սխալ է: Բայց այդ դեպքում, որպես հազարավոր պատանիների ու երիտասարդների մահվան մեղավոր, ինչո՞ւ սեփական ոտքով բանտ չի գնում. հենց միայն այս փաստը ցույց է տալիս, որ այս ինքնախոստովանությունն էլ հերթական պոպուլիզմն է, բայց դա էլ նրան չի օգնելու:
Բանն այն է, որ այստեղ Նիկոլը մեկ բան «մոռացավ». այդ 7 շրջանի մեջ Հադրութն ու Շուշին չկային: Նաեւ այդ դեպքում ոչ միայն հազարավոր զոհեր չէինք տա, այլ բանակը կպահեր մարտունակությունը, ու հիմա այս ողբալի վիճակում չէինք լինի: Կարճ ասած, իր բնորոշմամբ` այս սխալը Հայաստանին կործանման շեմին է հասցրել, ու նրա այս հայտարարությունից հետո ապագա դատավարությունը շատ ավելի կարճ կտեւի: Ի դեպ, այս մասին պետք է մտածեն նաեւ այսքան ակտիվացած լամուկները:
Բացի այդ, ծիծաղելի է նաեւ նրա այն միտքը, թե ժամանակին պետք է «մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին»: Ոչ, ժամանակին այդ մասին բոլորն էին տեղյակ, մենք ինքներս քանիցս պարզ գրել ենք` պետք է գնալ «5+2» սցենարով (7 շրջանի մասին խոսելն էլ է բլեֆ), որի մասին, հիշեցնենք, դեռ 2019թ. գարնանը Մինսկի խումբը հրապարակային հայտարարությամբ հանդես եկավ` ներկայացնելով 3 տարրերից եւ 3 սկզբունքներից բաղկացած կարգավորման մեխանիզմը: Բլեֆ է նաեւ Նիկոլի այն միտքը, թե Ալիեւը դրան համաձայն չէր. Ալիեւը ՄԽ-ի այդ հայտարարությունից հետո հրապարակավ հավանություն է տվել: Դեմ էր միայն Նիկոլը, ով այդպես էլ հոդաբաշխ պատասխան չտվեց, թեեւ մասնավորապես մենք քանիցս խոսել ենք դրանից սպասվող հետեւանքների մասին, որը եւ ստացանք: Ու Նիկոլն իր քայլը հիմա սխա՞լ է անվանում: Ո°չ, դա սխալ չէր, դա միանգամայն գիտակցված քայլ էր: Ինչո՞ւ, այդ այդ հարցի պատասխանն է, որ պետք է ապագա դատավարությունը տա:
Քերոբ Սարգսյան