- 15/04/2022
Արցախը Նիկոլի «գրպանում չէ», որ կարողանա «ծախել»
Այսպիսով, Նիկոլը պնդում է, որ «սխալ» ուղղությամբ է գնացել` պատերազմի մեջ մտնելով եւ այդքան կորուստ տալով (տե´ս նաեւ «Նիկոլի «ինքնախոստովանական ցուցմունքը», ուրիշ ոչինչ»): Ենթադրենք: Սակայն այս դեպքում, իհարկե, կա մեկ շատ պարզ հարց. իսկ ինչպե՞ս է երաշխավորում, որ հիմա եւս նման կոպիտ «սխալ» թույլ չի տալիս` ինչպես արցախյան, այնպես էլ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական ուղղություններով: Գումարած դրան, սովորաբար մեկ անգամ սխալվողը ամենաքիչը մոռանում է «քաղաքականություն» եւ «պաշտոն» բառերը: Իսկ Նիկոլը` ոչ, կպած է իր աթոռին: Իսկ դա մեկ բան է նշանակում. գործ ունենք ոչ թե սխալի, այլ` հստակ ծրագրի հետ, որը պետք է մինչեւ վերջ իրականացնել:
Ամեն դեպքում, այն ամենը, ինչ նա ասաց Արցախի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագայի մասին, իրենց հերթին են նույն բանի մասին ակնարկում, որ նպատակն Արցախը վերջնականապես ազերիներին տալն է, որով Հայաստանը փաստացի կվերածվի պրոթուրքական պրոտեկտորատի:
Թե ԱԺ նիստում Նիկոլը կոնկրետ ի՞նչ էր խոսում Արցախի հետագա ճակատագրի մասին, թերեւս կրկնելն արդեն անիմաստ է. այդ ամենը քանիցս ներկայացնելու առիթներ ունեցել ենք, եւ Նիկոլն էլ պարզապես հաստատեց ասվածը: Սակայն հենց այդ փաստը, որ հաստատեց, արդեն կարեւոր է. դա նշանակում է, որ գործընթացն իրոք մտել է հանգուցալուծման փուլ: Եվ այս առումով, հասկանալի է նաեւ այն նյարդային ռեակցիան, որը գալիս է Նիկոլից եւ նրա ՔՊ-ականներից` խաղաղապահների եւ արցախցիների նկատմամբ: Այսինքն, հենց նախ` խաղաղապահները, ապա նրանց օրինակով արցախցիներն են` իրենց ղեկավարությամբ հանդերձ, որ դարձել են այդ հանգուցալուծման առաջ դրված անհաղթահարելի խոչընդոտ: Այսինքն, Արցախը, ըստ էության, առաջ է տանում այն թեզը, թե Նիկոլն իրավունք չունի իրենց ապագայի հետ կապված որոշումներ ընդունել: Ինչը, չմոռանանք, ժամանակին հենց Նիկոլն էր ասում, թե ես նման լիազորություններ չունեմ: Ու այս իրավիճակում արդեն աբսուրդի է վերածվում այն հեռանկարը, որ նա խոսում է Արցախի կարգավիճակից, կարող է այդ հարցով Ալիեւի հետ բանակցել, սակայն պաշտոնական Ստեփանակերտն իրենն է շարունակելու, թե մենք ձեր պայմանավորվածությունները չենք ճանաչելու:
Առավել եւս, որ ԱԺ-ում Նիկոլի այս վերջին ելույթին զուգահեռ, Արայիկ Հարությունյանը հերթական անգամ նույն թեզն առաջ տարավ, սակայն այս դեպքում արդեն սկսելով որոշ փակագծեր բացել: Այսպես, Արայիկը, պատասխանելով Ալիեւի հերթական հայտարարությանը, թե արցախցիները պետք է Ադրբեջանի քաղաքացի դառնալու հետ հաշտվեն, ասաց. «Մենք հասկանում ենք, որ պետք է ապրենք հարեւանությամբ, պահենք այդ հարեւանությունը: Բայց միեւնույն ժամանակ, ենթակայությունը հնարավոր չէ: Տարբերակը, որով մենք պետք է առաջնորդվենք` պահպանել ստատուս քվոն, ռուս խաղաղապահ ուժերը շարունակելու են մնալ այստեղ անժամկետ, քանի որ այստեղ Արցախի բնակչության ավտանգության երաշխավորներն են, շարունակել ապրել այստեղ` ունենալով դե ֆակտո անկախություն, ձգտելով դե յուրե հետագա փոփոխության: Կարող է լինել նաեւ Հայաստանի հետ միացում, ինչը քիչ հավանական եմ համարում: Դա կարող է լինել նաեւ Ռուսաստանի հետ ուղղակի հարաբերություններ` ուղղահայացի շրջանակներում»: Ու, միաժամանակ, այս մասին է խոսում նաեւ այն, որ Արցախի իշխանությունները Նիկոլի այս ելույթից հետո չհապաղեցին արտակարգ խորհրդակցություն հրավիրել` ընդգծելով, որ Հայաստանի իշխանական այդ խաղերը ծայրահեղորեն անհանգստացնում են արցախցիներին:
Փաստը, որ Արցախն արդեն իրեն Հայաստանի, ավելի կոնկրետ` Նիկոլի ղեկավարած Հայաստանի կազմում չի տեսնում, արդեն իսկ պարզ ցույց է տալիս իրենց վերաբերմունքը: Փոխարենը, Ա.Հարությունյանը փաստացի արդեն իսկ սկսել է հստակ միակ լուծման ճանապարհը տեսնել` ռուսական զորքերի անժամկետ ներկայությունը, բայց արդեն ոչ թե նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակներում, այլ որպես «Արցախի բնակչության ավտանգության երաշխավոր»: Այսինքն, մոտավորապես այն կարգավիճակով, որը ռուսական զորքերն ունեն (ունեին) Աբխազիայում, Օսեթիայում, Մերձդնեստրում, Դոնբասում: Նաեւ, որ պետք եղած դեպքում կարող են գործադրվել «Ռուսաստանի հետ ուղղակի հարաբերությունների» այն մեխանիզմները, որոնք արդեն գործադրվել են այդ հանրապետություններում: Եվ այն, որ այս ֆոնին սկսեցին շրջանառվել հայտնի Z նշանով «զինված» արցախյան տատ-պապի լուսանկարները, մոտավորապես նույն կարգի ակնարկ էր: Եվ ասել, թե արցախյան իշխանությունների այս համառությունը իր տակ չունի ռուսական «դաբրո», միամտություն կլիներ: Համենայնդեպս այն, որ Մարգարիտա Սիմոնյանն ասում է, թե` «Արցախը Ռուսաստան է, եւ վերջ», պատահական լինել չի կարող: Գումարենք նաեւ Արցախի ԱԺ-ի վերջին հայտարարությունը, եւ ամեն բան տեղն է ընկնում:
Այսինքն, կարծես թե աշխատում է այն մեխանիզմը, որը քանիցս կանխատեսելու առիթ ունեցել ենք: Եթե անգամ Նիկոլը գնա Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ուղղությամբ, դա բան չի փոխում: Եվ միգուցե արցախահայության համար ավելի լավ. այս դեպքում ուղղակիորեն կմիանան ռուսական պաշտպանական մեխանիզմները, որն Ադրբեջանի համար շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան, երբ ռուսներն ունեն միայն միջնորդ խաղաղապահի դեր:
Իսկ Նիկոլը պարզապես այս իրավիճակում հերթական անգամ իր իսկական դեմքը ստիպված ի ցույց դրեց, ուրիշ ոչինչ: Իսկ Արցախն ամենեւին էլ նրա «գրպանում չէ», ար կարողանա «ծախել»:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ