• April 19, 2022

«Այսօր ՀՀ-ում ռուսալեզու դասարաններ ստեղծելու անհրաժեշտություն կա».ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ

«Այսօր ՀՀ-ում ռուսալեզու դասարաններ ստեղծելու անհրաժեշտություն կա».ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ

«Իրավունքը» զրուցեց հեռուստալրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր, դասախոս, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻ հետ:

– Պարոն Երիցյան, այսօր Հայաստանում ռուսալեզու դասարաններ բացելու անհրաժեշտություն կա՞:

– Եթե որոշակի ժամանակով Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից Հայաստան են գալիս բնակվելու մարդիկ, ուրեմն նրանք ունեն երեխաներ, որոնք պետք է գնան դասի, սովորեն դպրոցում: Եվ, բնականաբար, այդ դասարանների անհրաժեշտությունը կա: Եթե նրանց երեխաները ռուսալեզու են, սովորել են ռուսական դպրոցներում, ապա պետք է իրենց ուսումը շարունակեն ռուսական դպրոցում: Իսկ մենք` որպես քաղաքակիրթ երկիր, պետք է օգնենք եւ աջակցենք, որպեսզի նրանք իրենց ուսումը շարունակեն իրենց մայրենիով: Եթե մեր երկիրը կարողանա հստակ մեխանիզմով, հատուկ ընթացակարգով, ելնելով օրենսդրության պահանջներից, այդպիսի դասարաններ ստեղծի, դրանով նաեւ կնպաստի այդ երկրների հետ հարաբերությունների ամրապնդմանը:

– Դա վերաբերում է միայն ռուսալեզու ազգերի՞ն:

– Այո, էթնիկ հայերի երեխաները պետք է սովորեն հայկական դպրոցներում: Այս առումով ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Մեր օրենսդրությունը թույլ չի տա, որպեսզի շատերը մտածեն, որ կարող է այդ դասարաններում հայտնվեն մեր հայ երեխաները: Ես կարծում եմ, որ մեր հայաստանյան դպրոցներում այսօր ռուսաց լեզվի ուսուցման մակարդակը գուցե ոչ այնքան լավ վիճակում է, բայց դասաժամերը բավական են, որպեսզի մեր երեխաներն իրենց մայրենի լեզվի հետ միասին սովորեն եւս մեկ օտար լեզու: Դա կարող է լինել անգլերենը, Ֆրանսերենը, ռուսերենը, գերմաներենը, իսպաներենը: Այնպես որ` ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես, ժողովրդական խոսքը կա, եւ մենք պետք է հետեւենք, բայց նաեւ եւս մեկ անգամ ուշադրություն դարձնենք լեզվի ուսուցման մակարդակին: Ցավոք, այդ հայեցակարգը, որ մենք ժամանակին պատրաստել էինք եւ այսօր կարծես թե աշխատանքային կարգով գոյություն ունի, հենց լեզուների ուսուցման հետ է կապված: Ես կարծում եմ, դա պետությունը պետք է առաջնահերթ համարի, ընդունի այդ հայեցակարգը, թե ինչ է նշանակում ՀՀ քաղաքացիների համար լեզուների ուսուցումը: Եվ այդ հայեցակարգի իրականացման աջակիցը լինի: Օրինակё չինարեն լեզվի նկատմամբ հետաքրքրության աճը Հայաստանում այս էլ քանի տարի կա, գոյություն ունի, եւ նույնիսկ մեր մի քանի դպրոցներում չինարենի խորացված ուսուցման դասարաններ գոյություն ունեն: Մասնավորապես` կարող եմ հիշատակել մայրաքաղաքի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցը, որտեղ հինգերորդ դասարանից այդ ուսուցումը տարվում է: Որտեղ երեխաները սովորում են նաեւ չինարեն եւ բավականին լուրջ առաջընթաց ունեն, որովհետեւ չինարենի դասավանդման համար մասնագետներ են գալիս Չինաստանից: Չինաստանի կառավարությունը եւ նաեւ դեսպանատունն ամեն ինչ անում են, որպեսզի ՀՀ դպրոցներում այդ ուսուցումն ընթանա: Ես գիտեմ նաեւ, որ Ֆրանսիայի դեսպանատունը նպաստում ֆրանսերենի ուսուցմանը, Գերմանիայի դեսպանատունըё գերմաներենի ուսուցմանը, Իսպանիայի դեսպանատունը` իսպաներենի ուսուցմանը, Մեծ Բրիտանիան եւ անգլախոս երկրները` անգլերենի ուսուցմանը: Այնպես որ, մենք էլ կրկին գտնվելով նախեւառաջ Բոլոնիայի կրթական տարածքում, որտեղ շփումների, փոխհարաբերությունների, փոխայցելությունների, ուսանողների փոխանակման եւ այլնի հետ կապված խնդիրները լուծելու համար փաստորեն շեշտադրություններն արվում են լեզվի ուսուցման վրա: Այսինքն` եթե մենք այսօր միայն բավարարվենք հայերենով եւ ոչ ռուսերեն սովորենք, ոչ անգլերեն, ոչ այլ օտար լեզուներ, ապա մենք պարփակված կլինենք մեր խեցու մեջ:

– Բայց Բոլոնիայի պայմանագիրը որոշ մարդկանց կողմից մերժվում է:

– Այո, այդ պայմանագիրը շատ մարդկանց կողմից ճիշտ չի ընկալվում: Բոլոնիայի գործընթացը մասնակից երկրների կրթական համակարգերի զարգացման հնարավորություն է ընձեռում` այդ թվում եւ լեզուների ուսուցման հետ կապված, մասնավորապես` խրախուսվում կամ նպաստում է, որ տարբեր երկրների ներկայացուցիչներն ընդհանուր օգտագործվող լեզուներին ավելի լավ տիրապետեն: Որպեսզի մեր ուսանողները իրենց մասնագիտական կրթությունը շարունակեն եվրոպական որեւէ երկրում կամ մասնակցեն տարբեր կոնֆերանսների, ֆորումների, քննարկումների, որտեղ կզարգացնեն իրենց մասնագիտական կարողություններն ու ունակությունները: Բայց եթե կան ուսանողներ, որոնք չունեն լեզվական անհրաժեշտ մակարդակ, բնականաբար, այդ խնդիրն իրենց համար մնում է բավականին բարդ եւ դժվար: Ես կարծում եմ` մեր յուրաքանչյուր բուհ ընդունվող ուսանող անկասկած պետք է հոգ տանի եւ աշխատի իր լեզվական մշակույթի, լեզվական հնարավորությունների վրա: Դրա համար խնդիր է առաջանում դպրոցներում լեզվի դասավանդման մակարդակի հատուկ վերաբերմունքի զարգացմանը:

Եվ հասկանանք, թե, ի վերջո, ինչու տասներկու տարում հայ երեխան այդպես էլ չի սովորում Հայաստանում որեւէ օտար լեզու, իսկ երբ գնում է Չինաստան, մեկ տարում տիրապետում է չինարենին: Կամ այդ նույն հայ երեխան մեկ այլ երկիր գնում է եւ տիրապետում է այդ երկրի լեզվին: Էլ չեմ խոսում այն մասին, թե որքան օտարերկրացիներ գալիս են Հայաստան եւ տիրապետում են հայերենին: Եվ այնպես չի, որ այս ամենը միակողմանի է: Շատ մարդիկ հայերենի ուսուցման խմբեր են բացել ե՛ւ չինական, ե՛ւ հունգարական, ե՛ւ այլ երկրների համալսարաններում: Այսինքն` կա նաեւ փոխադարձ ուշադրություն նաեւ հայերենի նկատմամբ: Ես ուղղակի հիշեմ պատմական փաստեր, որ մեր թիֆլիսյան հայկական վարժարանները այնպիսի կրթություն էին մատուցում, որ այդ դպրոցներում սովորող երեխաները (նաեւ թիֆլիսյան միջավայրը հաշվի առնելով) երբեմն տիրապետում էին վեց լեզուների` հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն: Մենք խորհրդային տարիներին ուշադրություն դարձրինք ռուսերենին: Ռուսերեն լեզվի որոշակի ուսուցման մակարդակ գոյություն ուներ, բայց հիմա կարծես թե վերջին տարիների, տասնամյակների ընթացքում այդ լեզվական ուսուցման մակարդակը վատացել է: Ի դեպ, լեզվի մակարդակի հետ կապված, ասեմ, որ շատ անհրաժեշտ է, որ ուսուցման տարբեր հանգրվաններում արդյունքներն ակնառու լինեն: Այնպես չլինի, որ երեխան տասներկու տարի սովորի եւ անգամ բարեւել, հարցումներ անել, պարզ հարցեր կամ պարզ պատասխաններ տալ չկարողանա: Այս մասին անկասկած պետք է մտածենք: Այնպես որ, եթե վերադառնանք մեր սկզբի հարցադրմանը` ապա մենք պետք է նպաստենք լեզուների ուսուցմանը: Ես կարծում եմ, որ ռուսալեզու դասարանների գոյությունը գուցե իսկապես ռուսերենի նկատմամբ հետաքրքրության որոշակի աճ առաջացնի եւ մակարդակի բարձրացման հնարավորություն տա:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Առնչվող գրառում

Համատարած մարտեր` մեծ հարձակման սպասելիքներով

Համատարած մարտեր` մեծ հարձակման սպասելիքներով

ՊատերազմՆ Ուկրաինայում 12.08.22 ժամը 20:00 դրությամբ ներկայացնում է ռազմաքաղաքական փորձագետ Յուրի Պոդոլյակը:՝ Խարկով, Սոլեդար, Սանդս, Բախմուտ (Արտեմովսկ), Նիկոլաև. Ուկրաինական ռազմաճակատներում մարտերի…
Նացիստական ցուցապաստառ դարձած սպաներին բռնել են ԴԺՀ-ի թիկունքում (Ֆոտո)

Նացիստական ցուցապաստառ դարձած սպաներին բռնել են ԴԺՀ-ի թիկունքում (Ֆոտո)

ԴԺՀ-ի հատուկ ծառայությունները հայտնաբերել և բերման են ենթարկել Ուկրաինայի զինված ուժերի երկու զինվորականի: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի…
Կիևի սուտը տիրաժավորվում է ամբողջ աշխարհում. Sky News

Կիևի սուտը տիրաժավորվում է ամբողջ աշխարհում. Sky News

Կիևի սուտը տիրաժավորվում է ամբողջ աշխարհում, հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը։ Զելենսկին ներկայացվում է որպես երկրորդ Չերչիլ, որը փրկում է…