• 19/04/2022

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ

Գրականագետ, Համահայկական  գրողների  միության նախագահ Աբգար Ափինյանը ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողների համար սկսել է հատուկ դասընթաց` «Հայ  գրականության ավանդույթները և միջազգային գրական կապերը»: Հաշվի առնելով խնդրի բացառիկ կարևորությունը Հայրենիքի և Սփյուռքի մշակութային գործիչների և գրական երիտասարդության համար, մեր թերթի ընթերցողներին ենք ներկայացնում այդ շարքի երկրորդ դասախոսությունը` «Հայ  գրականության միջազգային կապերը» (առաջինը` «Հայ  գրականության ավանդույթները և համաշխարհային գրականությունը»

տես`«Հայրենիքի ձայն», 2022, թիվ 3-4) :

 Սկսենք ցավալի մի արձանագրումից` վերջին տարիներին մշակութային սխալ քաղաքականության հետևանքով մեր գրականության միջազգային կապերը հասցվել են զրոյական մակարդակի: Ցանկացած երկրի համար աշխարհի հետ մշակութային կապերն ունեն պետական նշանակություն` քանի որ մշակույթի միջոցով ես ներկայանում միջազգային հանրությանը, մշակույթի միջոցով ես ձեռք բերում բարեկամներ, ովքեր նեղության պահին կկանգնեն թիկունքիդ, կհնչեցնեն բողոքի ձայն` եթե հարկ լինի: Ինչպես տեսանք 44-օրյա պատերազմի օրերին` մեր կողքին ոչ ոք չկանգնեց:

Իսկ ինչպե՞ս են հաստատվում մշակութային կապերն առհասարակ` դիմենք պատմությանը:

ՏՈՒՐԳԵՆԵՎԸ  ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

Ռուս գրականության դասական Իվան Տուրգենևի «Նախօրեին» վեպը լույս տեսավ 1860-ին և հիմք դրեց մի հասարակական շարժման, որպիսին Ռուսաստանը դեռևս չէր տեսել: Արձագանքը հսկայական էր` մամուլում, ռուս մտավորականության, անգամ հարուստ խավի` կալվածատերերի շրջանում բոլորն էին խոսում վեպի հիմնական գաղափարի մասին, որ շուտով պիտի դառնար երկրի քաղաքական գերխնդիրը: Տուրգենևի վեպի գլխավոր հերոսը բուլղարացի Ինսարովն էր, ով անձնուրաց կերպով պայքարում է հայրենիքի ազատագրության համար` և նրա պայքարին միանում է սիրած աղջիկը` ազգությամբ ռուս Ելենան: Ինքը` Տուրգենևն իր վեպի մասին ասել է, որ այդ գրվածքով նպատակ ունի խոսել սլավոնական ազգերի միասնության և «գիտակից, հերոսական բնավորություների անհրաժեշտության մասին»: Ռուսաստանին ոգևորեց այդ «նոր գաղափարը»` և վեպի հերոսներն այդ «նոր կյանքի» առաջամարտիկները պիտի դառային:

Հետաքրքիր է մեկ այլ հանգամանք ևս` վեպի գրությունից շատ տարիներ առաջ բուլղարացի մշակութային գործիչները Ռուսաստանում ստեղծել էին տարբեր ակումբներ, որոնք դարձան երկու ժողովուրդների` ռուսների և բուլղարացիների հոգևոր մերձեցման կենտրոններ: Ռուս հասարակությունը հենց այդ ակումբներից էր տեղեկանում, որ հերոսական բուլղար ժողովուրդը դարեր շարունակ կեղեքվում է «կեղտոտ թուրքերի» կողմից: Շեշտվում էր նաև, որ միայն «քրիստոնյա Ռուսաստանը» կարող է ազատել բուլղարներին: «Բուլղարների ազատագրման ժամանակ,- գրել է Տուրգենևը, մենք պետք է առաջնորդվենք ոչ թե նրանով, որ նրանք քրիստոնյա են, իսկ թուրքերը՝ մահմեդական, այլ նրանով, որ թուրքերը սպանում և թալանում են բուլղարներին»։

«Նախօրեին» վեպի հրատարակումը մեծ ոգևորություն առաջացրեց բուլղարացիների մոտ` ամրապնդեց այն համոզմունքը, որ իրենք միայնակ չեն: Տուրգենևը առաջինն գրողն էր, որ կերտեց բուլղար մտավորականի հերոսական կերպարը, ով պայքարում է հանուն իր ժողովրդի ազատագրման: Բուլղարացի հայտնի գրողներն ու հասարակական գործիչները Տուրգենևի ընկերներն էին` և 1876-ին Տուգենևին ընտրեցին Պրահայի գրական ընկերության պատվավոր անդամ, ինչը ռուս գրողն ընկալեց իբրև սլավոնական ժողովուրդների հոգևոր կապի ապացույց: Կանխատեսումներն իրականացան` պետությունը լսեց իր մեծ գրողի ձայնը:

1877 թվականի ապրիլի 24-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Թուրքիային։ 1878 թվականի մարտի 3-ին կնքվեց Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը, որով հաստատվեց Ռուսաստանի հաղթանակը 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում։ Բուլղարիան ազատագրվեց: Երախտապարտ բուլղարացիները չմոռացան իրենց բարեկամ Տուրգենևին` Բուլղարիայում տեղադրվեց ռուս գրողի կիսանդրին` ի դեպ, հայ հովանավորի նախաձեռնությամբ և միջոցներով:

ԲԱՅՐՈՆ ԵՎ ՀԱՅԵՐԸ

XIX դարի մեծագույն պոետ Ջորջ Բայրոնի խենթ հոգին միշտ ձգտել է դեպի անհայտ կղզիներն ու լեռները, արկած և հնություն` ահա իր երազանքը: Հիասթափված ու զզված իր հայրենիքից` Անգլիայից, նա հայացքն ուղղեց հին ազգերին, ուզում էր պարզել` ինչով են զբաղված աշխարհի հնագույն քաղաքակրթությունն ստեղծողները:

Այսպես ճակատագիրն առաջնորդեց աշխարհի մեծագույն գրողին դեպի Հայաստան:  Ճիշտ է` նա կարողացավ լինել միայն փոքր Հայաստանում` 1816-ի նոյեմբերի 11-ին Բայրոնն այցելեց Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, հյուրընկալվեց Մխիթարյան միաբանությունում:

Մի քանի տասնամյակ անց աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին այդ թեմայով նկար է ստեղծում` «Բայրոնի այցը Մխիթարյաններին Ս. Ղազար կղզում»: Վեց ամսվա ընթացքում ուսումնասիրելով գրաբարը՝ հայոց լեզվի իր ուսուցչի` Հայր Հարություն Ավգերյանի հետ (Բայրոնը նրան անվանում էր Հայր Պասկալ) բանաստեղծը ստեղծում է «Անգլերենի և հայերենի քերականությունը»: Բայրոնի կարծիքը հայոց լեզվի մասին հիրավի նշանավոր է դարձել.

«Ես սովորել եմ հայերի լեզուն, որպեսզի հասկանամ՝ ինչ լեզվով են խոսել աստվածները, քանզի հայոց լեզուն աստվածների լեզու էԵվ Հայաստանն աստվածների հայրենիք է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից  են»:

Կարևոր է Խաչիկ Դաշտենցի նկատումը` Եվրոպացի գրողներից ոչ մեկը նման հետաքրքություն չի ցուցաբերել հայոց լեզվի, պատմության և գրականության նկատմամբ, ինչպես դա արեց Բայրոնը: Առաջիներից մեկն էր, որ հայտարարեց`  միշտ չէ, որ Արևմուտքը պետք է հանդես գա սովորեցնողի և ուսուցչի դերում, նրան անհրաժեշտ է շատ բան սովորել Արևելքից. «Բայրոնը Վենետիկից Լոնդոն է ուղարկում հայկական հին աղբյուրներից կատարված թարգմանություններ` անգլիացիներին հրավիրելով իրենց տգիտությունը թոթափել` սովորելով դրանցից» (Խաչիկ Դաշտենց, Բայրոնը և հայերը, Հայպետհրատ, Ե.,1959, էջ 3):

Բայրոնի և Հայր Ավգերյանի դասագիրքը` «Քերականություն Անգղիական և Հայերեն» լույս տեսավ 1817-ին` հենց իր`Բայրոնի ծախսով: Նույն հեղինակների երկրորդ դասագիրքը` «A Grammar Armenian and Inglish” (1819), երրորդը` «Անգլերեն  հայերեն բառարանը» (1821):

Սուրբ Ղազարի հայկական միջավայրում Բայրոնն ապրեց ստեղծագործական ներշնչանքի սքանչելի պահեր` ոչ միայն գրեց «Childe Harold»-ի չորրորդ` ամենագեղեցիկ երգը,   «Beppo» սքանչելի պատմությունը,  «Odea Venedig« գրվածքը,  հռչակավոր «Don Juan»-ի առաջին երկու երգերը, այլև «Երկիր և երկինք» միստիկան` Հայաստանի մասին, նաև կատարեց մի շարք թարգմանություններ հայերենից:

 

ԲԱՅՐՈՆՆ  ԱՏՈՒՄ ԷՐ ԹՈՒՐՔԵՐԻՆ  ԵՎ ԿՈՉ ԷՐ ԱՆՈՒՄ ԲՈԼՈՐ ՃՆՇՎԱԾ ԱԶԳԵՐԻՆ  ԱՊՍՏԱՄԲԵԼ

Երբ տպագրության  էր պատրաստվում  Հայ անգլերեն քերականության դասագիրքը («A Grammar Armenian and Inglish”), Ավգերյանը խնդրում է Բայրոնին առաջաբան գրել այդ հատորի համար, ինչը մեր ժողովրդի մեծ բարեկամն անում է սիրով: Այդ առաջաբանում Բայրոնն ասաց` եթե Սուրբ Գիրքն ուղիղ ըմբռնենք` ապա Հայաստանում է եղել Դրախտը, բայց թուրքերը անապատ դարձրին այդ սուրբ երկիրը, որտեղ Աստված ստեղծել է մարդուն ըստ իր հատուկ պատկերի: Հայոց առաքինությունները այդ ժողովրդի խաղաղասիրության արգասիք են, իսկ թերությունները` թշնամիների ճնշման հետևանք: Սակայն ինչպիսին էլ լինի նրանց ճակատագիրը, Հայաստանը միշտ պիտի մնա որպես աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը:

Սակայն Մխիթարյանները հրաժարվեցին տպագրել Բայրոնի առաջաբանը` վախենալով, որ դա կբարկացնի թուրքերին: Դա էլ պատճառ դարձավ հայերի հետ Բայրոնի կապերի խզման: Վիրավորած բանաստեղծը ոչ միայն հրաժարվեց տալ երկրորդ համատեղ  գրքի տպագրության համար խոստացած գումարը, այլև զայրացած գոչեց Մխիթարյանների երեսին.

«Դուք վախենում եք խիստ կարծիք տպել ձեզ ճնշողների մասին: Ստրուկներ և վախկոտներ, դուք արժանի եք բիրտ իշխանավորների: Դուք արժանի չեք այն մեծ ազգին, որից ծագում եք»:

Բայրոնի կապերը հայ ժողովրդի հետ բոլորովին այլ ընթացք կունենային, եթե նա կղզում  հանդիպեր  խիզախ  ու  քաջ  հայերի: Անգլիացի մեծ բանաստեղծը հայերից հեռացավ հիասթափված, իսկ այդ նշանավոր առաջաբանը հետագայում Բայրոնի թղթերի մեջ հայտնաբերեց և տպագրեց նրա ընկերը` Թոմաս Մուրը:

Հեռանալով հայերից, 1823-ին Բայրոնն ուղևորվեց Հունաստան` թուրքերի դեմ կռվելու: Իր հակաթուրքական հայացքների համար օսմանյան Դիվանի ժողովում Սուլթանը մեծ բանաստեղծին  հայտարարեց «Թուքիայի թշնամի»: 1824-ին Բայրոնը գրում է իր վերջին բանաստեղծությունը` «Այսօր լրանում է իմ երեսուն և վեց տարին» վերնագրով` և հայտարարում  է` Ես գնում եմ թուրքերի դեմ մարտի, սպասիր ինձ, Հունաստան` բեմ փառքի և հպարտ սպարտացիներ վահանակիր: Իր ամբողջ կարողությունը և ֆինանսական միջոցները զոհելով  հանուն Հունաստանի ազատագրության` լորդ Բայրոնը զոհվում  է նույն թվականի ապրիլի 19-ին: Մահվանից առաջ նա հասցրել էր ասել. «Ես Հունաստանին տվեցի իմ ժամանակը, դրամը, միջոցները և առողջությունը: Ավելին ի՞նչ կարող էի տալ: Այժմ տալիս եմ և իմ կյանքը»: Ամբողջ Հունաստանով 21 օրով հայտարվեց համազգային սուգ: Հունական զորքը 37 համազարկով  ազդարարեց մեծ բանաստեղծի, ռազմիկի և հրամանատարի մահը: Նրա դագաղի վրա դրված էր սուր, սաղավարտ և դափնյա պսակ: Հույն հայրենասերների պահանջով Բայրոնի սիրտը, որ տրոփել էր Հունաստանի ազատության համար, դրվեց մարմարյա սափորի մեջ և թաղվեց Հունաստանի Միսսոլոնգի քաղաքում: Բայրոնն առհավետ դարձավ հույն ժողովրդի ազգային հերոսը:

Հունական հեղափոխությունը վայելում էր միջազգային հանրության աջակցությունը, իբրև հարգանքի տուրք հունական մշակույթի և դարավոր պատմության հանդեպ։ Հրապարակայնորեն նշվում էր նաև, որ հույների հեղափոխական շարժման առաջնորդներից էր անգլիացի աշխարհահռչակ գրող Ջորջ Բայրոնը, ով հանդիսանում էր «Ֆիլիկի Էթերիա» կազմակերպության հիմնադիրներից մեկը (1814 թվականին հունական սփյուռքի կարևորագույն կենտրոններից մեկում՝ Օդեսայում ստեղծվում է այսպես կոչված «Ֆիլիկի էթերիա» («Ընկերական հասարակություն») կազմակերպությունը, որը նպատակ ուներ վերականգնել Բյուզանդական կայսրության փառքն ու Կոստանդնուպոլիսը դարձնել մայրաքաղաք, ինչպես նաև հույների պատմական հայրենիքում ստեղծել ազգային պետություն)։

Բայրոնն իր ստեղծագործություններով բարձրացնում էր մարտնչող հույների հայրենասիրական ոգին, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը սևեռում էր Հունաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։

Հունական ապստամբությունը հաղթեց և  Հունաստանը դարձավ առաջին երկիրը, որը 1830-ին լիակատար անկախություն ձեռք բերեց Օսմանյան կայսրությունից։

 

Ի՞ՆՉՆ ԷՐ ՊԱԿԱՍՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ

 

Հայ-ռուսական մշակութային հարաբերությունները սկիզբ են առել դեռևս 10-րդ դարից, սակայն դրանց ծաղկման շրջանը պիտի համարել 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը: Մինչ այդ տարվեց մեծ ծավալի աշխատանք, սակայն մեր գործիչները չկարողացան (կամ չհասցրին) մշակութային կապերը դնել պետականության վերականգնման ծրագրի հիմքում:

Նոր ժամանակներում` հատկապես 20-րդ դարում սկիզբ առավ իրապես նոր գրական  շարժում, որ պատմություն պիտի կերտեր:   Իր Հուշերում Ստ. Զորյանը պատմում է, որ 1914-ին Մոսկվայի Հայկական կոմիտեն որոշում է կայացնում հրատարակել հայ պոեզիայի մի թարգմանական  ժողովածու` ռուս ընթերցողների շրջանում տարածելու նպատակով  և  գիրքը խմբագրելու խնդրանքով դիմում է նշանավոր ռուս բանաստեղծ և թարգմանիչ Վալերի Բրյուսովին: Դա նշանավոր «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» գիրքն էր, որ հրատարակվեց 1916-ին` մեծ հիացում առաջ բերելով Ռուսաստանում: Նույն թվականին հրատարակվեց «Հայ գրականության ժողովածուն»` Մաքսիմ Գորկու խմբագրությամբ` հիմք դնելով ամուր հոգևոր կապի երկու ժողովուրդների միջև: Մեր բարեկամների բանակը գնալով համալրվում էր նոր ու նշանավոր անուններով` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օրդինար ակադեմիկոս Նիկողայոս Մառ, հռչակավոր արվեստաբան, Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ Վլադիմիր Ստասով,  նշանավոր բանաստեղծ  Սերգեյ Գորոդեցկի…

Մեր ժողովրդի բարեկամների այս մեծ շարքը դեռ կշարունակենք, այստեղ ավելացնենք միայն, որ սկիզբ առնելով 1910-ական թվականներին`  շարժումն իր գագաթնակետին  հասավ 1990-ականներին`Արցախյան ազատամարտի տարիներին «Ռուս մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեի» («КРИК»)  ստեղծումով: 1994-ի հաղթական զինադադարից հետո մեր երկիրը հայտնվեց հոգևոր թմբիրի մեջ` հերթով կորցնելով այն, ինչ այնքան դժվարությամբ ձեռք էր բերել: Բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է: