• 20/04/2022

Արցախցին դիմադրելու է, ոչ մեկ չի համաձայնվի, որ թուրքն իր տան մեջ ապրի. Սեւյան

Արցախցին դիմադրելու է, ոչ մեկ չի համաձայնվի, որ թուրքն իր տան մեջ ապրի. Սեւյան

44-օրյա պատերազմի օրերին չարեքթարցի ազատամարտիկ ԱՇՈՏ ՍԵՎՅԱՆԸ մեկ գիշերում դարձավ հայտնի` ամերիկացի անկախ լրագրող Պատրիկ Լանկաստերին տված հարցազրույցով: Տեսանյութն ունեցավ միլիոնավոր դիտումներ, որտեղ արցախյան բոլոր պատերազմների միջով անցած ազատամարտիկն ասում էր, որ չի պատրաստվում դուրս գալ Չարեքթարից, թեպետ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն` Շահումյանի շրջանի Չարեքթար գյուղն անցնում էր Ադրբեջանին: Չարեքթարի կամավորական ջոկատի համառությամբ` այդուհանդերձ գյուղն այդպես էլ ադրբեջանական կողմին չանցավ, իսկ Սեւյանը համեստորեն նշում էր, թե պարզապես իրենց տունն ու արժանապատվությունն են պահել: Երեկվանից Աշոտ Սեւյանն Ազատության հրապարակում է, իր նստացույցով միացել է արդեն մի քանի օր հացադուլի մեջ գտնվող 44-օրյա պատերազմի մասնակից տղաներին, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

«ԵԹԵ ԱՐՑԱԽԸ ՄՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ, ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ԺԱՄ ՀԵՏՈ ՆՈՐԻՑ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍԿՍՎԵԼՈՒ»

– Պարոն Սեւյան, հայաստանյան իշխանությունն ամեն կերպ առաջ է տանում այն թեզը, թե Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի: Հնարավոր համարո՞ւմ եք:

– Ինձ թվում է` այստեղ մեկնաբանելու կարիք էլ չկա, որովհետեւ այդ մարդիկ լրիվ իրողությունից դուրս են: Նրանք ազգային գաղափարից, 30 տարվա պայքարից հեռու են, իրենք ոչ մի արժեքային համակարգ չունեն, եւ տպավորություն է, որ միայն ստամոքսով են մտածում: Եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, էլ 30 տարվա պատերազմն ինչի՞ համար էր: Եվ, ի վերջո, եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ապա ընդամենը մի ժամ հետո նորից պատերազմ է սկսվելու: Ինքս ապրել եմ եւ գիտեմ Ադրբեջանի հսկողության տակ ապրելն ինչ է: Հետեւաբար, անլուրջ եմ համարում այդ մարդկանց ասածները: Այսօր էլ, թեպետ ռուսներն են կանգնած սահմանին, բայց ոչ մի անվտանգային երաշխիք չկա: Ուստի` ամենախելացին այն կլինի, որ համախմբվենք, նորից փորձենք ինչ-որ պաշտպանական շրջաններ կազմել եւ ինքներս պաշտպանվենք: Եթե ինքդ քեզ չպաշտպանես, ոչ մեկը քո տեղը չի անելու:

– Ովքեր պնդում են, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում, իշխանությունը եւ իշխանամերձ վերլուծաբանները միանգամից հակադարձում են, թե ի՞նչ է, նոր պատերազմի մե՞ջ եք ուզում ներքաշել մեզ:

– Ինձնից ավելի շատ ոչ մեկը խաղաղություն չի ուզում, որովհետեւ գիտեմ, որ մեծ-մեծ խոսողները չեն գալու իմ կողքին կանգնեն պատերազմի դաշտում: Իրենք միայն լավ քննադատում են: Խորհուրդ կտամ այդ քննադատողներին, որ երեք օր գան իմ հետ ապրեն սահմանում, լինեն այն դիրքերում, որտեղ ես եմ լինում: Լավ, թող մի ժամով լինեն այդ դիրքերում ու իմ բնակավայրում, որտեղ ես եմ ապրում, դրանից հետո ես կլռեմ:

«ԹԻԿՈՒՆՔԻՑԴ ՍՊԱՍՈՒՄ ԵՍ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԵՆՑ ՔՈ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԵԶ ԽՓԻ»

– Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ընդհանրապես չգիտեմ, թե այդ մարդն ինչով է մտածում: Եթե նա կարող էր առանց կորուստների իրավիճակ ստեղծել, ի՞նչ է, զոհերն ու հաշմանդամ այսքան երեխե՞քն էին խանգարում, թե՞ ինչ-որ ծրագիր կար Հայաստանի աճող սերնդին կիսատելու: Ինչ վերաբերում է պատերազմի արդյունքներին, նորմալ պաշտպանության կազմակերպելու դեպքում` հնարավոր էր մնալ ու հաղթել: Իրո՛ք, հաղթել, այլ ոչ թե իրենց ասածի նման:

– Հիմա փրկությունը սահմանո՞ւմ է, թե՞ Ազատության հրապարակում: Ի՞նչ կասեք տեղի ունեցող շուրջօրյա նստացույցի մասին:

– Ինքս այստեղ եմ, բայց ոչ մի կուսակցության չեմ պատկանում: Փորձելու եմ իմ ներկայությամբ աջակցել պատերազմ տեսած երկու զինվորին, որոնք հացադուլի մեջ են: Ես միայն իրենց գաղափարն եմ կիսում: Անձնական գործերով էի եկել Երեւան, բայց հոգեպես սահմանին եմ, որովհետեւ գիտեմ, որ այնտեղ մարդ չունենք մեզ փոխարինող: Այսօր մազից է կախված մեր երկիրը` թե՛ այնտեղ, թե՛ այստեղ: Եթե այստեղ գա նորմալ իշխանություն, դեռ շատ բաներ կարելի է փոխել: Հավատացե՛ք Արցախում դիմադրություն կա: Արցախցին, միեւնույնն է, դիմադրելու է, ոչ մեկը չի համաձայնի, որ թուրքն իր տան մեջ ապրի: Ես թույլ չեմ տա իմ երեխան թուրքի հետ ապրի համատեղ: Բայց այստեղ էլ շատ մեծ խնդիր կա: Եկեք հասկանանք, որ գոնե ձեւական, բայց Հայաստանը դեռ Արցախի թիկունքին է, մարդիկ դիրքերում կանգնած հույս ունեն, որ այստեղից ինչ-որ բան փոխվելու է դեպի լավը, բայց քանի գնում է, ավելի է իրավիճակը վատանում: Այսօր տեսնում ենք, որ կան մարդիկ, որոնք ասում են, թե մեզ բանակ պետք չէ: Այսպես չի լինի, մի արդյունքի պետք է հասնենք:

– Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակում ելքը: Ինչպե՞ս անել, որ ժողովուրդն ի վերջո արթնանա, եւ ինչ-որ բան փոխվի:

– Հայաստանն այսօր այնպես են դարձրել, որ անգամ դրոշ տնկելն է ազգային խնդիր դարձել: Ուղղակի, կոչ եմ անում բոլոր հայերին համախմբվել: Ազնվությամբ ասեմ` ես ոչ մեկին չեմ սատարում` ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին: Ինձ այսօր պետք է, որ ունենանք նորմալ ղեկավարություն, որը կարող է պաշտպանել սահմանը, որպեսզի իմ երեխան ապրի անվտանգ: Ոչ թե ես սահմանին կանգնած լինեմ անորոշության մեջ, որ ընտանիքս անտերության է մատնված, իսկ թիկունքիցդ սպասում ես, որ հնարավոր է հենց քո ղեկավարությունը քեզ խփի: Այն, որ այս իշխանությունը հայանպաստ չէ, պարզ է ու արդեն կասկածի տեղ էլ չկա: Պետք է մտածել, թե ինչ անել: 4 տարի է այս մարդիկ ապագա էին խոստանում, ու այդ «ապագան» իր ոտքով եկավ, հիմա տեսնում ենք: Այլեւս ոչ մի լավատեսական բան չկա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ