• April 20, 2022

Արցախցին դիմադրելու է, ոչ մեկ չի համաձայնվի, որ թուրքն իր տան մեջ ապրի. Սեւյան

Արցախցին դիմադրելու է, ոչ մեկ չի համաձայնվի, որ թուրքն իր տան մեջ ապրի. Սեւյան

44-օրյա պատերազմի օրերին չարեքթարցի ազատամարտիկ ԱՇՈՏ ՍԵՎՅԱՆԸ մեկ գիշերում դարձավ հայտնի` ամերիկացի անկախ լրագրող Պատրիկ Լանկաստերին տված հարցազրույցով: Տեսանյութն ունեցավ միլիոնավոր դիտումներ, որտեղ արցախյան բոլոր պատերազմների միջով անցած ազատամարտիկն ասում էր, որ չի պատրաստվում դուրս գալ Չարեքթարից, թեպետ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն` Շահումյանի շրջանի Չարեքթար գյուղն անցնում էր Ադրբեջանին: Չարեքթարի կամավորական ջոկատի համառությամբ` այդուհանդերձ գյուղն այդպես էլ ադրբեջանական կողմին չանցավ, իսկ Սեւյանը համեստորեն նշում էր, թե պարզապես իրենց տունն ու արժանապատվությունն են պահել: Երեկվանից Աշոտ Սեւյանն Ազատության հրապարակում է, իր նստացույցով միացել է արդեն մի քանի օր հացադուլի մեջ գտնվող 44-օրյա պատերազմի մասնակից տղաներին, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

«ԵԹԵ ԱՐՑԱԽԸ ՄՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ, ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ԺԱՄ ՀԵՏՈ ՆՈՐԻՑ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍԿՍՎԵԼՈՒ»

– Պարոն Սեւյան, հայաստանյան իշխանությունն ամեն կերպ առաջ է տանում այն թեզը, թե Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի: Հնարավոր համարո՞ւմ եք:

– Ինձ թվում է` այստեղ մեկնաբանելու կարիք էլ չկա, որովհետեւ այդ մարդիկ լրիվ իրողությունից դուրս են: Նրանք ազգային գաղափարից, 30 տարվա պայքարից հեռու են, իրենք ոչ մի արժեքային համակարգ չունեն, եւ տպավորություն է, որ միայն ստամոքսով են մտածում: Եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, էլ 30 տարվա պատերազմն ինչի՞ համար էր: Եվ, ի վերջո, եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ապա ընդամենը մի ժամ հետո նորից պատերազմ է սկսվելու: Ինքս ապրել եմ եւ գիտեմ Ադրբեջանի հսկողության տակ ապրելն ինչ է: Հետեւաբար, անլուրջ եմ համարում այդ մարդկանց ասածները: Այսօր էլ, թեպետ ռուսներն են կանգնած սահմանին, բայց ոչ մի անվտանգային երաշխիք չկա: Ուստի` ամենախելացին այն կլինի, որ համախմբվենք, նորից փորձենք ինչ-որ պաշտպանական շրջաններ կազմել եւ ինքներս պաշտպանվենք: Եթե ինքդ քեզ չպաշտպանես, ոչ մեկը քո տեղը չի անելու:

– Ովքեր պնդում են, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում, իշխանությունը եւ իշխանամերձ վերլուծաբանները միանգամից հակադարձում են, թե ի՞նչ է, նոր պատերազմի մե՞ջ եք ուզում ներքաշել մեզ:

– Ինձնից ավելի շատ ոչ մեկը խաղաղություն չի ուզում, որովհետեւ գիտեմ, որ մեծ-մեծ խոսողները չեն գալու իմ կողքին կանգնեն պատերազմի դաշտում: Իրենք միայն լավ քննադատում են: Խորհուրդ կտամ այդ քննադատողներին, որ երեք օր գան իմ հետ ապրեն սահմանում, լինեն այն դիրքերում, որտեղ ես եմ լինում: Լավ, թող մի ժամով լինեն այդ դիրքերում ու իմ բնակավայրում, որտեղ ես եմ ապրում, դրանից հետո ես կլռեմ:

«ԹԻԿՈՒՆՔԻՑԴ ՍՊԱՍՈՒՄ ԵՍ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԵՆՑ ՔՈ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԵԶ ԽՓԻ»

– Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ընդհանրապես չգիտեմ, թե այդ մարդն ինչով է մտածում: Եթե նա կարող էր առանց կորուստների իրավիճակ ստեղծել, ի՞նչ է, զոհերն ու հաշմանդամ այսքան երեխե՞քն էին խանգարում, թե՞ ինչ-որ ծրագիր կար Հայաստանի աճող սերնդին կիսատելու: Ինչ վերաբերում է պատերազմի արդյունքներին, նորմալ պաշտպանության կազմակերպելու դեպքում` հնարավոր էր մնալ ու հաղթել: Իրո՛ք, հաղթել, այլ ոչ թե իրենց ասածի նման:

– Հիմա փրկությունը սահմանո՞ւմ է, թե՞ Ազատության հրապարակում: Ի՞նչ կասեք տեղի ունեցող շուրջօրյա նստացույցի մասին:

– Ինքս այստեղ եմ, բայց ոչ մի կուսակցության չեմ պատկանում: Փորձելու եմ իմ ներկայությամբ աջակցել պատերազմ տեսած երկու զինվորին, որոնք հացադուլի մեջ են: Ես միայն իրենց գաղափարն եմ կիսում: Անձնական գործերով էի եկել Երեւան, բայց հոգեպես սահմանին եմ, որովհետեւ գիտեմ, որ այնտեղ մարդ չունենք մեզ փոխարինող: Այսօր մազից է կախված մեր երկիրը` թե՛ այնտեղ, թե՛ այստեղ: Եթե այստեղ գա նորմալ իշխանություն, դեռ շատ բաներ կարելի է փոխել: Հավատացե՛ք Արցախում դիմադրություն կա: Արցախցին, միեւնույնն է, դիմադրելու է, ոչ մեկը չի համաձայնի, որ թուրքն իր տան մեջ ապրի: Ես թույլ չեմ տա իմ երեխան թուրքի հետ ապրի համատեղ: Բայց այստեղ էլ շատ մեծ խնդիր կա: Եկեք հասկանանք, որ գոնե ձեւական, բայց Հայաստանը դեռ Արցախի թիկունքին է, մարդիկ դիրքերում կանգնած հույս ունեն, որ այստեղից ինչ-որ բան փոխվելու է դեպի լավը, բայց քանի գնում է, ավելի է իրավիճակը վատանում: Այսօր տեսնում ենք, որ կան մարդիկ, որոնք ասում են, թե մեզ բանակ պետք չէ: Այսպես չի լինի, մի արդյունքի պետք է հասնենք:

– Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակում ելքը: Ինչպե՞ս անել, որ ժողովուրդն ի վերջո արթնանա, եւ ինչ-որ բան փոխվի:

– Հայաստանն այսօր այնպես են դարձրել, որ անգամ դրոշ տնկելն է ազգային խնդիր դարձել: Ուղղակի, կոչ եմ անում բոլոր հայերին համախմբվել: Ազնվությամբ ասեմ` ես ոչ մեկին չեմ սատարում` ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին: Ինձ այսօր պետք է, որ ունենանք նորմալ ղեկավարություն, որը կարող է պաշտպանել սահմանը, որպեսզի իմ երեխան ապրի անվտանգ: Ոչ թե ես սահմանին կանգնած լինեմ անորոշության մեջ, որ ընտանիքս անտերության է մատնված, իսկ թիկունքիցդ սպասում ես, որ հնարավոր է հենց քո ղեկավարությունը քեզ խփի: Այն, որ այս իշխանությունը հայանպաստ չէ, պարզ է ու արդեն կասկածի տեղ էլ չկա: Պետք է մտածել, թե ինչ անել: 4 տարի է այս մարդիկ ապագա էին խոստանում, ու այդ «ապագան» իր ոտքով եկավ, հիմա տեսնում ենք: Այլեւս ոչ մի լավատեսական բան չկա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Առնչվող գրառում

Զելենսկին իր շոուում արդեն կանխատեսել է այս ամենի ավարտը (Տեսանյութ)

Զելենսկին իր շոուում արդեն կանխատեսել է այս ամենի ավարտը…

Զելենսկին իր շոուում արդեն կանխատեսել է ապագան: Մնում է մի քիչ էլ սպասել։ Ամեն դեպքում,լ դիտեք տեսանյութը եւ կհամոզվեք:  
Զապորոժիեի ԱԷԿ-ը հրետակոծվում է օտարերկրյա զինատեսակներից. կան բոլոր ապացույցները

Զապորոժիեի ԱԷԿ-ը հրետակոծվում է օտարերկրյա զինատեսակներից. կան բոլոր ապացույցները

Տարածաշրջանի ամենակարեւոր էներգետիկ օբյեկտի` Զապորոժիեի ԱԷԿ-ի համակարգված գնդակոծությունից հետո հարվածի գոտում կրկին ու կրկին հայտնաբերվել են արեւմտյան զենքի հետքեր։ Զապորոժիեի ռազմական-քաղաքացիական…
Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեև կանխատեսել է Դոնբասի լիակատար ազատագրման ժամկետը

Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեև կանխատեսել է Դոնբասի լիակատար ազատագրման…

Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը հայտնել է, որ դաշնակից ուժերն ամբողջությամբ կազատագրեն ԴԺՀ-ն սեպտեմբերի կեսերին։ Հաշվի առնելով, որ ԼԺՀ-ն արդեն լիովին ռուսական…