• 20/04/2022

Ավելի լավ է երկու օր ավել դիմանալ քննադատությանը, բայց անել արդյունավետ գործողություններ. Վարդանյան

Ավելի լավ է երկու օր ավել դիմանալ քննադատությանը, բայց անել արդյունավետ գործողություններ. Վարդանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որպես «Հայրենիք» կուսակցության նախագահ, կիրակի օրը հայտարարեց Ազատության հրապարակում անժամկետ նստացույց իրականացնելու մասին: Ըստ կուսակցության հրապարակած հայտարարության, քաղաքական իշխանության վերջին օրերի կեցվածքն ու խոսքն ապացուցում են, որ իշխանություն կոչվածները մտել են մեր պետության ու պետականության կործանման վերջին փուլ. «Ուստի` հապաղելու ժամանակ այլեւս չունենք, եւ այս կործանարար անիվը կանգնեցնելու մի ճանապարհ կա` հայությունը պետք է արթնանա ու նորից մեկ բռունցք դառնա»։ Կարճ ժամանակ անց հրապարակում հայտնվեցին նաեւ երկու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի պատգամավորները: Նրանց շարքերում էր նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ում հետ զրուցեց «Իրավունքը»:

«ՉԿԱ ՄԵԿ ՈՒԺ, ՈՐՆ Ի ԶՈՐՈՒ Է ՓՈԽԵԼ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԻԱՅՆԱԿ»

– Ձեր ներկայությունը նշանակո՞ւմ է, որ «Հայաստան» դաշինքը միանում է Արթուր Վանեցյանի կոչին ու շուրջօրյա նստացույցին:

– Ես եկել եմ Ազատության հրապարակ զորակցությունս հայտնելու անձամբ պարոն Վանեցյանին եւ ներկաներին, ովքեր ստեղծված իրավիճակի հանդեպ անտարբեր չեն: Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին եւ ՀՅԴ-ին, որի ներկայացուցիչն եմ ես, բազմիցս հայտարարել ենք, որ սա վերկուսակցական, հայրենիք ունենալ-չունենալու պայքար է: Հետեւապես, մենք ոչ միայն աջակցում ենք, այլեւ ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ունեն նույն նպատակը եւ ազնիվ են իրենց նպատակում, այսինքն` տեղ չեն թողնում մեզ կասկածելու: Ինքս մասնակցել եմ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո բոլոր ճիշտ պահանջները դրված ակցիաներին, որոնց միտումը եղել է այս իրավիճակից դուրս գալը` հեռացնելով ներկա ազգադավ իշխանություններին: Միայն այդ դեպքում փրկության դուռ կբացվի: Այնպես որ, ինչպես բոլոր ակցիաներին, այս դեպքում եւս նույն մտքով ես եւ գործընկերներս եկել ենք Ազատության հրապարակ: Եվ այն պահանջներն ու ձեւակերպումները, որոնք դրված է կատարվող ակցիայի հիմքում, ոչ միայն սատարում ենք, այլեւ այդ նույն պահանջները բազմիցս ձեւակերպել ենք ինքներս:

– Այդ դեպքում` ինչո՞ւ «Հայրենիք» կուսակցությունը որոշեց առանձնանալ եւ միայնակ հայտարարել` շուրջօրյա նստացույց իրականացնելու մասին:

– Սա մեկ ուժի պայքար չէ, եւ չկա մեկ ուժ, որն ի զորու է փոխել այս իրավիճակը միայնակ: Այն պետք է լինի հանրության լայն կոնսոլիդացիայի պայմաններում, եւ այս կոնտեքստում ցանկացած ուժ, որը այդ ուղղությամբ անում է որեւէ գործողություն, պետք է արժանանա մեր զորակցությանը: Եվ մենք եկել ենք Ազատության հրապարակ այդ զորակցությունն արտահայտելու համար: «Հայաստան» դաշինքն արդեն տեղեկացրել է, որ առաջիկա օրերին հանդես կգա ստեղծված իրավիճակի վերաբերյալ ելքերի ծրագրով:

– Ընդդիմության միասնական հանրահավաքներն արդյունավետ չէի՞ն: Ըստ Ձեզ, տարակենտրոն պայքարը տարբեր ուժերի կողմից ու տարբեր ձեւաչափով կարող է առավել արդյունավե՞տ լինի:

– Բոլոր ձեւաչափերն էլ օգտակար են: Երբ անհրաժեշտ է մեկ բռունցք դառնալ, եւ ասելիքը բարձր հնչեցնել, այդպես էլ արվում է: Բայց յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի գործունեություն ծավալելու իր ազատությունը, եւ ամեն մեկն ընտրում է իր ճանապարհը, թե ինչպես արտահայտել իր դիրքորոշումը: Մենք հիմա ականատես ենք նման դրսեւորման: Ավելի կարեւոր է այն, որ դաշտում կա կոնսենսուս` նպատակների եւ ձեւակերպումների շուրջ: Այսօր տեղի են ունենում Հայաստանի թրքացման եւ Արցախի հայաթափման ծրագիր, որի իրագործողը հայաստանյան կոլաբորացիոնիստական իշխանություններն են: Այս ծրագիրը խափանելու համար օրվա իշխանությունը պետք է հեռանա, եւ այն բոլոր գործողությունները, որոնք ունեն այս հաստատումները եւ միտված են այն իրագործելուն, ողջունվում են: Այդ գործողությունները կլինեն ապակենտրոն, թե համատեղ, արդեն մարտավարության հարց է, բայց գլխավորն այն է, որ ռազմավարությունը կա:

«ՄԵՆՔ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԼԱՎ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ»

– Խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի վերջին հանրահավաքից հետո` եղան քննադատություններ հենց ընդդիմադիր շարքերից, թե` ի վերջո, մանդատներդ վայր դրեք եւ դուրս եկեք փողոց: Վերջապես եկե՞լ է այդ օրը:

– 2020-ի նոյեմբերի 9-ից հետո` չեմ հիշում մի ժամանակաշրջան, երբ ես եւ իմ գործընկերները փողոցում չենք եղել: Բայց սա էլ ինքնանպատակ չէ` կարեւորը նպատակին հասնելու ճանապարհը կարճացնելն է, ոչ թե գործողություններ անել, որ քեզ չմեղադրեն, որովհետեւ, միեւնույնն է, մեղադրելու են: «Հայաստան» դաշինքն ասել է, որ իր ձեւակերպումներում եւ արձանագրումներում որեւէ բան չի փոխվել, եւ իր բոլոր քայլերն ուղղված են լինելու այս իշխանությունների հեռացմանը: Մեզ մոտ կա այս գիտակցումը, որ խորհրդարան գործուղվել ենք միայն այդ նպատակին հասնելու համար: Իսկ հիմա արդեն հայտարարելու ենք, որ երկրում առկա ճգնաժամը խորհրդարանում չի կարող հանգուցալուծվել, հետեւապես հանգուցալուծումը փողոցում է: Այս 8 ամիսը մենք օգտագործել ենք բացատրելու մեր հայրենակիցներին, թե ինչ է կատարվում, փորձել ենք կիրառել բոլոր հնարավոր մեթոդներն ու գործիքակազմը: Իհարկե, հանրությունը պետք է գնահատի դրանց արդյունավետությունը, եւ վստահ եմ` կտա իր գնահատականը: Բայց հիմա արդեն իրավիճակը մի փոքր այլ է, եւ առաջիկայում կտեսնեք նաեւ գործողությունների փոփոխություն` արդեն իսկ տեղի ունեցած հանրահավաքներից, բողոքի ակցիաներից բացի: Ինչ վերաբերում է մեղադրանքներին, միայն կարող եմ ասել, որ հանրության որեւէ ներկայացուցչի չի կարելի մեղադրել ո՛չ տված հարցերի, ո՛չ հնչեցրած մեղադրանքների համար: Դրանք մտահոգության դրսեւորում են, եւ մեզ համար ամենակարեւորն այն է, որ այն կա: Սա պետք է գնահատել, որովհետեւ ավելի վատ է անտարբերությունը: Մարդիկ մտահոգ են, դրա համար էլ տալիս են հարցեր ու ճիշտ են անում: Իրենց ընտրած ընդդիմությունն է, եւ իրենք պետք է տան հարցեր, որոնց պատասխանելը մեր պարտականությունն է: Վստահ եմ` առաջիկա գործողությունները տալու են բոլոր հարցերի պատասխանները:

– ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ ամեն րոպեն պետք է ճիշտ օգտագործել, որովհետեւ սխալվելու, մինչեւ վերջ չհաշվարկված քայլեր անելու որեւէ հնարավորություն այլեւս չունենք։ Նա մասնավորապես հորդորել էր պատրաստ լինել` միասնական գործողությունների համար: Կարո՞ղ ենք ասել, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ինչ-որ առումով առաջ ընկավ Իշխան Սաղաթելյանի անոնսավորած գործողություններից, թե՞ այն տեղավորվում է քայլերի հաջորդականության մեջ:

– Արդեն ասացի, որ դաշտում կա համախոհություն` գլխավոր հարցերի վերաբերյալ: Այստեղ շտապել-չշտապելու հարց չէ, տարբեր ուժեր են, եւ ամեն ուժ ազատ է ընտրել իր մարտավարությունը` այս մեծ ռազմավարական գործողություններում: Մեր մասով կարող եմ ասել, որ դասեր քաղելով նախկին շրջանից` նախընտրում ենք պատրաստվել հնարավորինս լավ, որովհետեւ ուժերի համատեղումը լինելու է հաղթանակի գրավականն այս պայքարում: Ոչինչ, ավելի լավ է երկու օր շատ դիմանալ քննադատությանը, բայց անել արդյունավետ գործողություն, քան պարզապես չքննադատվելու համար անել որեւէ քայլ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ