• 20/04/2022

«Բանկից փող են վերցրել, որ պատմամշակութային տունս քանդեն». Անդրանիկ սարկավագ Մանուկյան

«Բանկից փող են վերցրել, որ պատմամշակութային տունս քանդեն». Անդրանիկ սարկավագ Մանուկյան

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է «Սասուն» ազգագրական երգիպարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

Պարոն Մանուկյան, ինչո՞ւ մշակութային ասպարեզում չենք տեսնում Ձեզ:

– Եթե այսպես շարունակվի, մեր երկրում էլ չեմ ստեղծագործի, որովհետեւ չկա կարգ, կանոն, իմաստ եւ խորհուրդ: Օրենքը կա, բայց չի գործում: Ու հիմա խնդիրն ավելի շատ կապված է իմ ընտանիքի, տան, տնտեսության, մշակութային կենտրոնի հետ: Նյութապաշտության մեջ խեղդված ենք: Ու ես, անկեղծ ասած, արդեն վաղուց չեմ կարողանում ստեղծագործել:

Կմանրամասնե՞ք:

– Ես ունեմ տում: Իմ տունը 1991-ից կա, որը ստացել եմ նվիրատվության պայմանագրով: Ես ձեռք եմ բերել տուն, տնատիրություն եւ 880 քմ հողամաս: Դա ինձ տվել է պետությունը: Այդ մարդը եղել է սեփականատեր, եւ ես իրենից եմ ստացել: Ոնց տվել է ինձ, այդպես համաձայնել եւ ստորագրել եմ: Տունը վթարային էր: Ես իմ ձեռքով քանդել եւ կառուցել եմ: Երեսուն տարի ես այդ խնդիրների մեջ եմ: Երբ որ գալիս է ժամանակը հողի գույքահարկ վճարելուն, ես եմ հիմնական սեփականատերը: Ես եմ գույքի, աղբի, հողի վճարողը: Եղել է առիթ, որ ջղայնացել եմ, ասել եմ` չէ, դատարանով, քաղաքապետարանով, հարկադիրով ստիպել են ինձ, որ ես եմ դրա տերը: Տույժ-տուգանք, ամեն ինչ վճարել եմ: Բոլոր անդորրագրերը ունեմ պահած: Հասել է մի պահ, որ տարբեր մարդիկ գալիս են այդ հողի վրա գրանցվում են, դառնում են սեփականատեր, իրենց իրավունքներն ունենում են, իսկ ես մնում եմ մոլորված վիճակի մեջ: Երբ այդ տները գնեցին, եկան մոտեցան` ասացին, որ քսան մետր հեռավորության վրա են կառույցն անելու: Ես չգիտեմª ինչ կառույց է արվում, տեղեկություն չունեմ: Ընդամենը վստահել եմ իրենց, որ քսան մետր հեռավորությունըª ըստ օրենքի է արվելու: Հետո օրենքների հետ կապվածª խնդիրներ են առաջացել: Ես խոսում եմ զուտ օրենքից, իրենք խոսում են նյութապաշտությունից եւ գումարից: Դատարանից բռնած` մինչեւ քաղաքապետարան, որտեղ գնում ես, իրենք նյութապաշտությունից են խոսում: Այսինքն` իրենք վերցրել են շինթույլտվության օրենքը եւ իրավունք ունեն իմ անձը սպանեն, իմ ընտանիքը սպանեն, իմ գույքը փչացնեն, որովհետեւ իրենք շատ ներդրում են անում, մեծ գումարներ են աշխատում: Այսինքն` բանկից փողեր են վերցնում, որ իմ տունը քանդեն: Եկեք հիմա խոսենք օրենքով` Հայաստանի Հանրապետության օրենքը քաղաքաշինության մասին: Հանրային լսումներն են սրանք: Եթե ՀՀ-ում այս օրենքը կա, ես ինչո՞ւ ներկա չեմ, ինչո՞ւ տեղեկացված չեմ, ինչի՞ համաձայնության չեն եկել ինձ հետ: Որեւիցե տեղ փաստաթուղթ չեմ ստորագրել: Հետո դրան գումարած`  տեսնում եմ այդ մարդկանց անօրեն աշխատանքը… երբ որ դրեցին սյուները, այդ ժամանակ ես հասկացա իմ վտանգը ու բողոքեցի Քաղշինտեսչություն: Եկան, կասեցրին, տուգանեցին, գնացին: Միեւնույն ժամանակ հարց բարձրացրի Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստին: Հարցը բարձրացվեց, շոշափվեց իմ անունը, որ Անդրանիկ սարկավագի հետ խնդիր ունեք, ինչ եք արել: Իրենք այնտեղ ասել էին, թե բանակցում են Անդրանիկ սարկավագի հետ, բայց ոչ մի բան… Հանցագործին բռնեցի, տվեցի պետական այրերին: Ասացինª Մարությանն էլ է տեղյակ: Հետո որոշեցի` ինքս մտնեմ Հայկ Մարությանի մոտ ասեմ` եղբա՛յր, դու գիտե՞ս, որ այստեղ լրիվ անօրեն գործողություն, շինարարություն են անում, տեղեկացվա՞ծ ես, թե` ոչ: Այն դեպքում, որ արդեն կասեցված էր, տուգանված էր, ավագանին գիտեր, ու այդպես էլ չստացվեց իմ հանդիպումը Հայկ Մարությանի հետ: Մի քանի անգամ իր ընդունարան եմ զանգել, ասացին` զբաղված է: Հետո տեսա, որ չեմ կարողանում հանդիպել, նամակ գրեցի, որ հասկանա իսկությունը: Հիմա ես ուզում եմ առաջին հերթին Հայկ Մարությանին բերեն պատասխանատվության: Ասում էր` իմ երկիրը կոռումպացված է, օլիգարխներ են, մենք պետք է բռնենք, պետք է դատենք: Ո՞ւր է, թող բռնեն, բերեն դատեն: Տարիուկես ես հանցագործին տվել եմ իրենց, բայց փաստորեն իրենք հանցագործին նորից բաց թողեցին ինձ վրա: Ու մինչեւ օրս դրան լուծում չեն տալիս:

Ըստ ՀՀ ՍՆԻՊ-ի նորմերի` երկու-երեք հարկից բարձր շենքերի կողքին պետք է լինի ամենաքիչը 18-20 մետր հեռավորության կառույց: Սա օրենքն է: Հիմա օրենքներով եմ խոսում իրենց հետ: Որոշեցի տամ դատարան: Դատարանը մեզ լսելով` երկու ամիս կասեցրեց: Փորձագետին հազիվ կարողացանք մենք արագ- արագ մի ձեւի հասցնենք, որպեսզի տեղեկանա, թե ինչ է կատարվում այստեղ: Բայց հրշեջի հետ կապված, չափերի հեռավորության հետ կապված, այս մասնագետի եզրակացությամբ ներկայացրինք դատարանին: Եվ հետո այնտեղ ներկայացրինք, որ մնացած եզրակացությունները հետո կբերենք, իմանալով, որ դատ պետք է արվի: Այնինչ նրանք հետո տանում են ուրիշ փորձագետների եզրակացություն, որտեղ չգիտեմ ինչեր են գրել, որ իրենց փորձաքննությունները ճիշտ են, տեղին են: Ավելի շատ այստեղ հիմնավորում ենª չորս միլիոն դոլար բանկից վարկ են վերցրել, որ իրենք տուժելու են: Չի աշխատելու իրենց բանվորը, չի աշխատելու իրենց շինարարությունը: Դատավորն ավելի շատ հիմք է ընդունում  նյութը, քան մարդկային արժեքը:

Իսկ դուք ո՞ւմ եք դիմել:

– Ես դիմել եմ բոլոր պատկան մարմիններին` Վերահսկողության կոմիտե, Ազգային ժողով…

Շատերը գիտեն, որ իմ տունը մշակութային կենտրոն է: Թող գան, տեսնեն: Նույն Նիկոլ Փաշինյանը թող գա այսօր կանգնի իմ տան մեջ ու գնա: Թող քաղաքապետը գա, կանգնի իմ տան մեջ ու գնա: Երբ որ իրենց պետք է ընտրության համար կամ ուրիշ հարցերով, մենք իրար հետ ենք: Հովիվը պե՞տք է լինի հոտի հետ, թե՞ չէ…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ