• 20/04/2022

Նիկոլն ասում է` ես Հայաստանի մայրիկը լացացնելու եմ, մեր ժողովուրդը պետք է հանդուրժի՞. Աճեմյան

Նիկոլն ասում է` ես Հայաստանի մայրիկը լացացնելու եմ, մեր ժողովուրդը պետք է հանդուրժի՞. Աճեմյան

Արդեն չորրորդ օրն է, ինչ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը եւ մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ շուրջօրյա նստացույց են իրականացնում Ազատության հրապարակում: Անդրադառնալով ընդդիմադիրների գործելաոճի այս փոփոխությանը` «Իրավունքի» հետ զրույցում ազատամարտիկ ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆՆ ասաց, որ այս ամենն իր սրտով է:

– Պարոն Աճեմյան, հիմա հանրության շրջանում ամենաշատ հնչող հարցը հետեւյալն է` այս անգամ մի բան կստացվի՞:

– Ես ո՛չ «Հայրենիք» կուսակցությանն եմ պատկանում, ո՛չ էլ այլ կուսակցության անդամ եմ: Ինձ համար կարեւոր է, որ կայծը վառվի, եւ կրակը կբռնկվի` վերածվելով ժողովրդական շարժման: Այդ ժամանակ թող որոշեն, թե ով այդ շարժման գլուխ կանցնի եւ կղեկավարի: Ինչպես տեսնում ենք, Արթուր Վանեցյանը շատ լավ էլ սկսել է, ամեն ինչ ճիշտ է անում: Սրտովս էր, երբ հայտարարվեց, որ շուրջօրյա նստացույց է լինելու, որովհետեւ հոգնել ենք այն միտինգներից, որ գալիս էինք ու տուն էինք գնում: Ակնկալում եմ բոլոր գիտակից ու հայրենասեր հայերից, որ առանց կուսակցական խտրականության, ով հայրենիքով մտահոգված է եւ այն փրկել է ուզում, իսկական շարժում է ուզում, գա Ազատության հրապարակ: Կոչ եմ անում իմ բոլոր մարտական ընկերներին, որ ներկա գտնվեն: Ժողովրդական շարժումը սկսված է, եւ բոլորի մասնակցությունը կարեւոր է: Այդքան ասում էին` մինչեւ ե՞րբ ենք սպասելու, հիմա ժամանակը եկել է, եւ խոսքից գործի անցնելու պահն է:

– Ըստ Ձեզ` այս ցանցային, ապակենտրոն պայքարն առավել արդյունավե՞տ է լինելու, քան միասնական հանրահավաքները:

– Չգիտեմ, թե ով ինչպես է մտածում, բայց Ազատության հրապարակում պետք է տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվեն: Ընդդիմության մեր հարգելի ղեկավարները բոլորն էլ իրար լավ ճանաչում են, բոլորն իրար հետ լեզու կարող են գտնել, երբ ժողովուրդը հավաքվի հրապարակում: Այսօր խնդիրների խնդիրը Նիկոլի հեռացումն է ու վերջ: Ուրիշ ձեւ չկա մեր հայրենիքը նորից փրկելու: Ինչպես Նիկոլը ամեն ինչ հասցրեց զրո կետի, մենք էլ զրոյից նորից պետք է հայրենիք կերտենք ու մեր ոտնակոխված արժանապատվությունը վերականգնենք:

– Շուրջօրյա նստացույցի հենց առաջին օրը ոստիկանությունն ամեն կերպ փորձում էր սրել իրավիճակը, անգամ վրաններն «առեւանգեցին»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Նորմալ է, ոստիկանությունն էլ իր գործն է անում, բայց վաղը եթե Ազատության հրապարակում տասնյակ հազարավոր մարդ հավաքվի, կուռկուռի ձագ կդառնան ոստիկաններն էլ, բոլորն էլ` նրանց հետ միասին: Ոստիկանությունը միանգամից ժողովրդի կողմն էլ կանցնի, կասկած չունեմ: Այնպես որ, ոստիկանության արածն այս պահին երկրորդական է:

– Լուրեր են շրջանառվում, որ սահմանում էլ բավականին լարվածություն կա, անգամ շշուկներ կային, թե դիրքային փոփոխություններ են տեղի ունենում: Ի՞նչ մտավախություն ունեք այս առումով:

– Ո՞վ ճշմարտությունը գիտի, թե իրականությունը որն է, ո՞վ է ճիշտ ինֆորմացիա փոխանցում: Շատ բաներ ենք լսում, ամեն ինչին արդեն սովորեցինք` դիրք ու գյուղ հանձնել… Լսել եմ, որ զորանոցներն են հանել աճուրդի ու ծախում են: Հայաստանի զորանոցները հոթելներ են ուզում սարքել:

– ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը բավական փակագծեր բացեց, թե ինչ է տեղի ունենում Արցախի շուրջ: Կարծում եք, որ հանձնելու քաղաքականությունը դեռ շարունակվո՞ւմ է:

– Նիկոլն ասում է` ես Հայաստանի մայրիկը լացացնելու եմ, իսկ մեր ժողովուրդը պետք է հանդուրժի՞, պետք է թողնի՞: Բա հերի՛ք եղավ, էլ ո՞ր օրվան ենք սպասում, մինչեւ ոտքի չելնենք, ոչինչ չի փոխվելու: Մեր ազգը պետք է հարություն առնի, չորս տարի է մեռած ենք: Հիսուս երեք օրից հարություն առավ, իսկ մենք չորս տարի է մեռած ենք, թաղված չենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ