• 22/04/2022

«ՌԴ-ի շնորհիվ, կարծես, կանգ է առել խաղաղության պայմանագրի հապճեպ ստորագրումը». Շարմազանով

«ՌԴ-ի շնորհիվ, կարծես, կանգ է առել խաղաղության պայմանագրի հապճեպ ստորագրումը». Շարմազանով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարության դրական կետը, ըստ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի, այն է, որ ՌԴ-ն ՀՀ դաշնակիցն է։ Radar Armenia-ի հետ զրույցում Շարմազանովը նշեց. «Մնացածն արարողակարգային էր։ 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների արդյունքում պաշտոնական այց էր։ Սերժ Սարգսյանը միայն 2017-ին 4 պաշտոնական այց է ունեցել ՌԴ»։

ՀՀԿ ԳՄ անդամն ընդգծեց, թե մյուս դրական բանն այն է, որ որևէ նշում, հղում չկա Ադրբեջանի հետ հապճեպ խաղաղության պայմանագրի կնքման մասին։

«Շնորհիվ ՌԴ-ի, կարծես, կանգ է առել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հապճեպ ստորագրումը։ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման հայտարարության մեջ խոսվում էր կարճ ժամկետներում խաղաղության պայմանագրի կնքման մասին։ Դրա մասին խոսեցին և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը՝ ԱԺ-ում։ Այսինքն, Արևմուտքը փորձեց «խաղն» իր ձեռքը վերցնել և օգտվել ՌԴ-ի՝ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված խառը վիճակից, Փաշինյանը փորձեց Արևմուտքի հետ «խաղեր տալ»։ ՌԴ-ն հերթական քաղաքական ապտակն է հասցրել այդ գործընթացի «քավորներին» և իրականացնողներին»։

Ըստ Շարմազանովի՝ ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունն ընդունել է Ադրբեջանի առաջարկած 5 պայմանները։ «Ակնհայտ է նաև, որ դրանցում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումն է. Արցախն՝ Ադրբեջանի կազմում, որովհետև ԱԺ նախագահից սկսած մինչև Փաշինյան՝ որևէ մեկը չի ասում, որ Ղարաբաղը Ադրբեջան չէ, չի ասում, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի։ Եթե խաղաղության պայմանագիրը շուտափույթ կնքվում էր, Ղարաբաղը ճանաչվում էր Ադրբեջանի մաս, հաջորդ հարցը լինելու էր այն, թե Արցախում ինչ գործ ունի ՌԴ խաղաղապահ  զորախումբը։ ՌԴ-ն սա թույլ չտվեց, ինչն ապտակ էր Փաշինյանի բրյուսելյան պայմանավորվածություններին ու Փաշինյանին, որովհետև ՌԴ գնալուց առաջ Փաշինյանն ԱԺ-ում խոսում էր կարճ ժամկետներում խաղաղության պայմանագրի կնքման մասին»։

ՀՀԿ ԳՄ անդամի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները ոչ միայն չեն հայտարարում, որ Ղարաբաղն Ադրբեջան չէ, այլև ասում են, որ պետք է իջեցնեն կարգավիճակի նշաձողը. «Իրենց խմբակցության պատգամավորն ասում է, թե սխալ է եղել կարծելը, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի։ Եթե իրենք համամիտ չեն այդ մտքին, պետք է այդ պատգամավորին հեռացնեին ԱԺ-ից, մանդատն էլ վայր դներ։ Բայց իրենցից որևէ որևէ մեկը մինչև հիմա չի քննադատել, նշանակում է՝ իրենց պաշտոնական դիրքորոշումն է»։

Շարմազանովն ընդգծեց նաև, որ համատեղ հայտարարությունում ԼՂ ինքնորոշման, կարգավիճակի մասին խոսք չկար։

Անդրադառնալով կողմերի համատեղ հայտարարության այն կետին, որով հաստատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը, և դիտարկմանը, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, թե ՄԽ աշխատանքը կասեցված է մյուս համանախագահողների ձեռամբ, Շարմազանովը նկատեց, որ Լավրովի դասի դիվանագետը պատահական բառեր չի ասում. «Նրա ասածը շատ հստակ էր՝ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները չեն ցանկանում աշխատել այդ ձևաչափով, ոչ թե ՌԴ-ն է դեմ ՄԽ համանախագահությանը։ Թվացյալ իզոլացման պարագայում ՌԴ պետական շահերից չի էլ բխում, որ դուրս գա Մինսկի խմբից։ Ընդհակառակը, ՌԴ շահերից է բխում, որ ցույց տա, թե կա մի ձևաչափ, որում ինքն ու հավաքական Արևմուտքը աշխատում են միասին։ Հետևաբար, սա էլ է ռուսական դիվանագիտության հաջողությունը, բայց նաև մեզ է ձեռնտու։ Մենք մշտապես ասել ենք, որ Արցախի հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով և 3 հայտնի սկզբունքների հիման վրա, դրանից ավելի լավ սկզբունքներ չենք ունեցել բանակցային փաթեթում։ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևն են ուզում ֆորմատը փոխել, Լավրովը չի ուզում»։

Թե ինչքանով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին կհաջողվի սինխրոն աշխատել, ըստ Շարմազանովի, այժմ պարզ չէ, բայց ՀՀ-ն պետք է շահագրգռված լինի, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն աշխատի։

Աղբյուրը` https://radar.am/hy/news/armenia-2501035663/