- 26/04/2022
Ինչ չէինք տեսել, տեսանք`վարչապետը հայհոյում է, բոլոր ոլորտները խայտառակ վիճակում են…».ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Իրավունքը» զրուցեց երգչուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
– Այսօր երգարվեստն ի՞նչ վիճակում է գտնվում Հայաստանում: Դուք բեմ բարձրանո՞ւմ եք:
– Ո՛չ, բեմ չեմ բարձրանում, համերգներ չկան, համարյա բոլոր երգիչներն էլ երգում են ակումբներում, ռեստորաններում: Առաջվա պես Հայաստանում համերգներ չունենք: Այնքան որ գոյատեւում ենք` երգելով ռեստորաններում, ակումբներում:
– Այսօր բեմում երգող լավագույն երգիչները հայտնվել են ռեստորաններում, ակումբներում: Որքանո՞վ է սա արդարացի:
– Նախկինները բեմի մարդկանց իջեցրին ռեստորան, ռեստորանի մարդկանց բարձրացրին բեմ: Այս վարչախմբի ժամանակ այնքան ահավոր վիճակ է արվեստում, որ նույնիսկ դա էլ չկա: Բոլորը անգործ, անհետաքրքիր ապրում են,այնքան որ գոյություն են պահպանում: Գոնե նախկին իշխանությունների ժամանակ մեր գործով էինք զբաղվում, իսկ հիմաª ուզած-չուզած, բոլորը քաղաքական թեմաներ են քննարկում: Չեն թողնում, որ երկիրը հանգստանա, իմանանք` ինչ անենք: Օրինակ` ես հաղորդում եմ ուզում բացել, բայց դեռ քայլեր չեմ անում, մինչեւ այս ամեն ինչը հանգստանա, հանդարտվի, նոր անցնեմ գործի, որովհետեւ անընդհատ լարված ենք բոլորս:
– Ստեղծված քաղաքական իրավիճակի մասին ի՞նչ լուծումներ եք տեսնում: Արդյո՞ք ճիշտ է ստորագրելը:
– Երկիրը վտանգված է: Այս վարչախումբն իր գլխավորի հետ պետք է հեռանան, որ նոր մարդիկ գան, որոնք հոգատար կլինեն երկրի ու ժողովրդի համար, որպեսզի ամեն ինչը վերականգնվի: Այս ի՞նչ վիճակում ենք մենք գտնվում: Բոլոր ոլորտները ավերված են, խայտառակ վիճակի են հասցրել:
– Բայց նոր վարչախումբը, որ եկավ, խոսում էր բարձր արժեքներից, բանաստեղծություններ արտասանելովª շրջում էր: Ո՞ւր մնաց այդ ամենը:
– Իրենց նպատակին հասնելու համար բոլորին խաբեցին: Ստերով եկան, դժբախտություն բերեցին: Ինչ չէինք տեսել, տեսանք: Ազգային ժողովից, առաջին դեմքի բերանից հայհոյանքներ տեսանք: Եթե նախկինների ժամանակ կային մարդիկ, որոնք հայհոյում էին, հիմա գլխավորն է հայհոյում: Վարչապետի բերանից է այդ հայհոյանքները գալիս: Ամեն ինչ ավերված է, ու դեռ ուզում են շարունակել մնալ: Ես իրենց ավել լավ եմ հասկանում, քան այն մարդկանց, որոնք այսօր այս վարչախմբին պաշտպանում են: Իր ծրագիրը կավարտի, կգնա, բա նրանք ո՞նց են շարունակելու ապրել մեր մեջ:
– Եթե այսպես շարունակվի, մի օր թուրքը կծեծի մեր տան դուռը եւ կմտնի ներս: Եվ մենք բոլորս էլ չենք ապրի:
– Իհարկե, դրա համար պետք ռուսի կողքին լինել: Չհամարձակվեն մեր հողերը հանձնեն թուրքին ու մեզ թուրքի լծի տակ թողնեն: Մենք միշտ էլ ռուսի կողքին ենք եղել: Ռուսի կողքին լինելով` մենք ո՛չ պետականություն կկորցնենք ո՛չ էլ դրոշ կկորցնենք:
– Այսօր մեր երկրում վարվում է հակառուսական քարոզչություն: Աջակցում են Ուկրաինային: Դա Դուք ճի՞շտ եք համարում:
– Սարսափելի է` Ուկրաինան իր ֆոսֆորով մեր երեխեքի մարմինն է վառել, բայց կան մարդիկ, որոնք աջակցում են Ուկրաինային: Խոսքս, իհարկե, Ուկրաինայի ժողովրդի մասին չի: Պատերազմն ինքնին չարիք է, եւ երկու կողմից էլ մարդիկ են մահանում: Բայց չգիտես ինչի, ասում են` միայն ուկրաինացիներն են մահանում: Բայց չէ՞ որ ռուսներն էլ են մահանում, ու Ուկրաինան իր պատերազմով ամբողջ աշխարհին խառնել է իրար, ու դա բերել են Հայաստան: Արդեն մեր երկրում ուկրաինացիներն են հավաքներ անում: Գնացեք ձեր երկրում կռիվ արեք, ինչ եք եկել մեր երկրում անախորժություններ անում: Ես լիարժեք ռուսի կողմնակիցն եմ եղել, կամ եւ կմնամ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ