- 26/04/2022
«Հայ-ռուսական հարաբերությունները կծառայեն Հայաստանում եւ Արցախում ապրող մեր ժողովրդի անվտանգության ամրապնդմանը».ԱՐԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«Իրավունքը» զրուցեց «Առնո Բաբաջանյանի հիշատակի» ֆոնդի նախագահ, Առնո Բաբաջանյանի որդու` ԱՐԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ հետ:
– Պարոն Բաբաջանյան, ինչպե՞ս եք վերաբերվում հայ–ռուսական հարաբերությունների ամրապնդմանը:
– Ես գտնում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները դարերից եկած ոչ թե ընկերություն են, այլ` եղբայրություն: Եվ եթե շարունակվի այդ եղբայրությունը, այն կծառայի մեր երկու երկրների մարդասիրական զարգացումներին:
– Ապրիլի 30- ին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանի նախաձեռնությամբ Երեւանի Շահումյան արձանի մոտ լինելու է համերգային ծրագիր` նվիրված հայ–ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին: Այդ մտահղացման մասին ի՞նչ կարծիք ունեք:
– Դա ճիշտ մոտեցում է, որովհետեւ մշակույթը միավորում է ազգերին, մարդկանց: Եվ, իհարկե, այդ ձեւաչափով նշելով հայ- ռուսական հարաբերությունների 30-ամյակը, շատ հետաքրքիր է, որովհետեւ շատերի մոտ դա քաղցր հիշողություններ կարթնացնի: Ես գտնում եմ, որ այդ օրը հանդիսատեսը մեծ բավականություն կստանա` շփվելով մշակույթի հետ:
– Միութենական պետություն ստեղծելու գաղափարի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:
– Բոլոր միություններն էլ օգուտ են տալիս երկրներին ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմական առումներով: Եվ հաշվի առնելով այն դժվար իրավիճակը, որ հիմա Հայաստանում է տիրում` կապված 44-օրյա պատերազմի հետ, եւ հարեւանների` որոնցով շրջապատված է Հայաստանը, հայ-ռուսական հարաբերություններն առաջին հերթին կծառայեն հայ ժողովրդի անվտանգության ամրապնդմանը, որոնք ապրում են ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ` Հայաստանում:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ