• 27/04/2022

«ՇԻՐԱԶԸ ՈՐՏԵՂ ԵՐԵՎՈՒՄ ԷՐ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԾԱՓ ԷՐ ՏԱԼԻՍ».ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

«ՇԻՐԱԶԸ ՈՐՏԵՂ ԵՐԵՎՈՒՄ ԷՐ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԾԱՓ ԷՐ ՏԱԼԻՍ».ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Ապրիլի 27-ին հայ մեծանուն բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ծննդյան օրն է: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց ՀԳՄ նախագահ, գրող ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ:

Պարոն Միլիտոնյան, Դուք բախտ եք ունեցել անձամբ շփվելու Հովհաննես Շիրազի հետ: Կկիսվե՞ք մեր ընթերցողների հետ շիրազյան հուշերով:

– Այո, սիրով կպատմեմ: Ես շատ պատանի տարիքից եմ շփվել Շիրազի հետ, երբ որ տպագրվում էի «Ավանգարդ» թերթում, «Գարուն» ամսագրում: Այն ժամանակները, որ տպվում էի «Գարուն»-ում, տասնյակ հազարավոր մարդիկ միանգամից կարդում էին, ճանաչում էին, զանգում, գալիս ծանոթանում էին: Հիշում եմ, որ մի անգամ Աբովյան փողոցում գրականության հետ կապ չունեցող մարդիկ բոլորել էին Շիրազի շուրջը, պահանջում էին, որ Մասիսը հետ բերի եւ այլն: Ինքն էլ իր ոճով բացատրում էր: Մոտեցա, ասացի. «Վարպետ ջան, ախր տեսնում ես, որ քո ասածներն այս մարդիկ չեն ընկալում, ի՞նչ ես ասում, ի՞նչ ես բացատրում»: Ինձ ասաց. «Տղա ջան, որ սոխակը երգում է: Չի մտածում` ում համար է երգում: Բոլորի համար երգում է»: 1968 թվականն էր, ես դեռ դպրոցում էի սովորում, բայց Գրողների միություն գալիս գնում էի: Ասիայի, Աֆրիկայի եւ Սովետական Միության գրողների շաբաթ էր Երեւանում: Եվ Գրողների միության դահլիճում հանդիպում էր նրանց հետ, որը վարում էր Պարույր Սեւակը: Մեկ էլ դահլիճի դռնից ներս մտավ Հովհաննես Շիրազը: Այդ ժամանակ, որտեղ նա երեւում էր, ժողովուրդը ծափ էր տալիս: Ես նստած էի առաջին շարքում, կողքիս ազատ աթոռ կար: Նա եկավ, այդտեղ նստեց: Ու այդ պահին Պարույր Սեւակն ասաց. «Շիրազ, խնդրում ենք` վերեւ բարձրանաք»: Քանի որ բեմահարթակին էին նստած հյուրերը: Շիրազն ասաց. «Իմ տեղը ժողովրդի կողքին է»: Ես էլ ասացի. «Վարպետ, չմեռա ժողովուրդ էլ դարձա»: Ու ծիծաղեցինք:

Ի՞նչ կարող եք պատմել` Շիրազը եւ այլ գրողները թեմայով:

– 1983 թվականն էր, Գյումրիում Գրողների միության պլենումն էր նորաբաց «Շիրակ» հյուրանոցում: Ավտոբուսով մեզ քաղաքում ման էին տալիս, հետո բերում էին հյուրանոց: Հյուրանոց գալիս Շիրազն ասաց. «Ծո՛ Էդիկ, արի երթանք պիվա խմենք»: Իջանք, իրար հետ մտանք ռեստորան: Մատուցողին ասացի, որ գարեջուր բերեն: Գնաց, որ բերի, այդ պահին եկան Սերո Խանզադյանն ու իր կինը` տիկին Ժենիկը: Հենց մոտեցան, Շիրազն ասաց. “Սե՛րո, եկեք իրար հետ գարեջուր խմենք”: Եկան նստեցին մեզ հետ, մեկ էլ ասաց. «Սերո՛, պատմիր, թե ոնց ես քեզ տուն տվեցի»: Ասացի` «Լավ էլի վարպետ, դու ի՞նչ պետական պաշտոն ես ունեցել, որ իրեն էլ տուն տայիր»: Ասաց. «Ծո՛ Սերո, պատմիր»: Մեկ էլ Սերոն ասաց. «Ճիշտ է ասում»: Ի դեպ, Սերոյի տունը եղել է Կարապի լճի տեղը, հետո քանդել, լիճ են սարքել: Եվ Սերո Խանզադյանը պատմեց. «Ապրում էինք տնակում: Մի օր Շիրազի հետ եկանք տուն` գինի խմելու: Մի քիչ խմելուց հետո Շիրազն ասաց` մի հատ թուղթ բեր: Թուղթը բերեցի, ասաց` գրի: Ասացիª ի՞նչ գրեմ: Ասաց` գրի Կենտկոմի առաջին քարտուղար Հարությունովին: Ասում եմ` Շիրազ, ես ի՞նչ գործ ունեմ Կենտկոմի առաջին քարտուղարի հետ: Ասաց` չէ՛, գրի: Ինքը թելադրեց, ու ես գրեցի` պատերազմի մասնակից, «Մեր գնդի մարդիկ» վեպի հեղինակ, կապիտան Սերո Խանզադյանից դիմում: Գրեցի, ինքը մի քիչ լռեց ու մեկ էլ ասաց` գրի` ես ապրում եմ շան բնում: Վերջակետը դրեցի, ասացի հետո՞, վերջ ասաց: Դե ստորագրի: Ստորագրեցի, վերցրեց, տակը գրեց` համաձայն եմ: Շիրազ ստորագրեց, դրեց գրպանը: Ու էլի խմեցինք: Որոշ օրեր անց մեկ էլ մեր այդ խրճիթի դուռը մեկը ծեծում է: Բացեմ տեսնեմ Գրողների միության սուրհանդակն է: Ասում է` Սերո, քեզ նախագահը` Իսահակյանը շտապ կանչում է: Մտածեցի` այս ինչ է եղել, որ Իսահակյանն ինձ այդպես շտապ կանչում է: Գնացի, Իսահակյանն ասաց` ա՛յ տղա, ի՞նչ ես արել, որ Կենտկոմի քարտուղարն այդքան շտապ քեզ կանչում է: Ասացի` վարպետ, ես ոչ մի բան էլ առանձնապես չեմ արել: Ի՞նչ պետք է անեի, որ ինձ կանչեն: Գնացի նախասենյակ, քարտուղարուհին տեղեկացրեց, որ ես եկել եմ: Քարտուղարուհին զանգելուց հետո ասաց` ներս անցեք: Ներս մտա, Կենտկոմի առաջին քարտուղար Հարությունովը մոտեցավ, բարեւեց, հրավիրեց նստելու եւ ասաց` դո՞ւ ես Սերո Խանզադյանը: Ասացի` ես եմ: Հետո հարցրեց ինձ` ո՞նց է քո կյանքը, ապրուստը, պայմանները: Ես էլ սկսեցի գովել, թե շատ լավ եմ ապրում: Երկու երեխա ունեմ: Ինչքան լավ եմ ասում, այնքան Հարությունովը մռայլվում է: Մեկ էլ ասաց` ուրեմն դու լավ վիճակո՞ւմ ես ապրում: Ասացի` այո: Լսելով իմ պատասխանըª նա մի թուղթ սեղանի վրայից սահեցնելով մոտեցրեց ինձ: Ասաց` կարդա: Սկզբից կարդացի Կենտկոմի քարտուղար Հարությունովին` Սերո Խանզադյանից դիմում: Մոռացել էի… գլխի չէի ընկնում ինչ է, որովհետեւ այն օրը Շիրազի հետ շատ խմեցինք: Երբ հասավ այն տեղը, որ ես ապրում եմ շան բնում, մեկ էլ հիշեցի: Հարությունովը հարցրեց` դո՞ւ ես գրել: Ասացի` ես եմ գրել, բայց խմած ենք եղել: Նա էլ, թե` Շիրազն ինչ կապ ունի այդ դիմումի հետ: Ասացի` ինչ մեղքս թաքցնեմ, իրար հետ գինի էինք խմում, տունս իրեն դուր չեկավ, ասաց` գրի, ես էլ գրեցի: Ուրեմն ինքն էլ բերել, նամակը գցել է Կենտկոմի նամակների բյուրոյի արկղում: Ու նամակը գնացել, հասել էր Կենտկոմի առաջին քարտուղարին: Նա էլ ասում է` հիմա իսկականից ասա, քո վիճակը ո՞նց է: Ասացի` երկու երեխա ունենք, հարմարություններ չունենք: Եվ Կենտկոմի քարտուղարը զանգեց Իսահակյանին եւ ասաց` վարպետ ջան, Տերյան փողոցի գրողների շենքի այն երկու սենյակը եկեք հատկացնենք Սերո Խանզադյանին: Երկու փոքր երեխա ունի, պատերազմի մասնակից է: Վարպետն էլ ասում է` իհարկե, շատ հարմար թեկնածու է»: Ու այդ երկու սենյակը տալիս են Սերո Խանզադյանին: Տիկին Ժենիկն էլ կողքից ասում է` Շիրազը որ չլիներ, մեզ ո՞վ էր տուն տալու: Շիրազը այդպես էլ ձեւակերպում է: Ասում էր` տունդ ես տվեցի, ես տարա գցեցի նամակը: Սա հումորիկ պատմություն է, բայց տակը շատ լուրջ բան կա: Թե ոնց է Շիրազը սրտով ցանկացել, որ իր ընկերը` Սերո Խանզադյանը, նորմալ բնակարանում ապրի:

Ամսագրում աշխատած տարիների հեռվից ի՞նչ կհիշեք Շիրազի հետ կապված:

– «Գարուն» ամսագրում, որ աշխատում էի, մի օր Շիրազը բերեց իր «Խաղաղություն ամենեցուն» պոեմը: Ամսագրի համար շատ երկար պոեմ էր: Ասացի` վարպետ ջան, սա լրիվ հնարավոր չի տպել: Երիտասարդական ամսագիր է: Նա էլ թե` հա, բա ինչ ընեմ: Ասացի` բեր մի լավ շարք: Ասաց` ես նոր գրվածքներ քիչ ունեմ: Ասացի` իրար գումարի, բեր, որը ցանկանաս ու մի լուսանկար էլ կբերես: Ասաց` էէէ՜, ես որտե՞ղ եմ լուսանկարվում: Մեկ էլ երկու օր հետո եկավ: Շարքը բերեց ու հետն էլ իր բոլոր երեխաների հետ լուսանկարված նկարը: Այդ նկարն էլ հենց տպեցինք «Գարուն ամսագրում, որը շատ լավ ընդունելություն գտավ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ