- 29/04/2022
ՄՇԱԿՈՒՅԹԸ ՊԵՏՔ ՉԷ ԽԱՌՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Իրավունքը» զրուցեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:
– Ապրիլի 30-ին Երեւանի Շահումյանի անվան հրապարակում տեղի կունենա համերգ` նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Դուք նույնպե՞ս մասնակցելու եք:
– Այո, ապրիլի 30-ին ես էլ եմ հրավիրված` ելույթ ունենալու հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգային ծրագրին: Եվ պետք է կատարեմ երեք երգ:
– Ո՞ր երգերն եք կատարելու:
– Կերգեմ Արթուր Գրիգորյանի «Հայաստան իմ չքնաղ», Առնո Բաբաջանյանի «Իմ երգը» երգերը, իսկ երրորդ երգը դեռ չեմ որոշել, բայց երեւի կլինի ռուսերեն կատարմամբ:
– Ի՞նչ կարծիք ունեք հայ-ռուսական ոչ միայն դիվանագիտական, այլ նաեւ մշակութային կապերն ավելի ամուր հաստատելու մասին:
– Ես միշտ էլ շատ լավ կարծիքի եմ եղել ե՛ւ հայ մշակույթի, ե՛ւ ռուսական մշակույթի փոխհամագործակցության վերաբերյալ, որովհետեւ բավականին շատ եմ ելույթներ ունեցել ռուսական աստղերի հետ: Եվ պետք է ավելացնեմ, որ յուրաքանչյուր երկիր, անկախ նրանից, թե ինչ է կատարվում իր երկրի ներսում, միշտ շատ ճանաչված է լինում միայն իր մշակույթով: Եվ մշակույթը երբեք պետք չէ խառնել քաղաքականության հետ, որովհետեւ դա այն մթնոլորտն է, որ չի կարելի մեկը մյուսի հետ խառնել: Եվ ես ընդհանրապես, որպես երգչուհի, շատ հեռու եմ այդ ամեն ինչից: Ինձ համար ամենակարեւորը իմ արվեստն է:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ