- 22/06/2022
Էրդողանի նոր խա՞ղը, թե՞ Թուրքիան իրոք ուզում է ՆԱՏՕ-ից դուրս գալ
Ֆինլանդիան առաջընթաց չի գրանցել Թուրքիայի հետ բանակցություններում եւ հավանաբար չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ–ին առնվազն մինչեւ սեպտեմբեր: Այս մասին հայտարարեց Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն:
ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ» ՆԱՏՕ-ՈՒՄ
Այսպիսով, Անկարան շարունակում է տորպեդահարել ՆԱՏՕ–ի ընդլայնման գործընթացը: Այն դեպքում, երբ ինչպես ՆԱՏՕ–ի ղեկավարության, այնպես էլ՝ Սպիտակ տան մոտ ի սկզբանե կար այն լավատեսական տրամադրությունը, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հարցով Էրդողանը ինչ–որ փոքիկ խաղ է սարքում, մի բան կստանա եւ արգելքը կհանի: Բայց չէ, Անկարան շարունակում է պնդել նույն բանը՝ պետք է քրդերին ճանաչել ահաբեկիչներ, մի բան, որը անելու համար ԱՄՆ–ն պետք է Մերձավոր Արեւելքի իր քաղաքական ծրագրերը գլխիվայր շրջի: Իսկ դա մեկ բան է նշանակում, որ Վաշինգտոնի եւ Անկարայի, ավելի ճիշտ՝ էրդողանական Անկարայի հակամարտությունն իրոք այն աստիճան խորն է ու խորքային, որ այստեղ հաշտության եզրերը գործնականում եթե չեն բացառվում, ապա գոնե տեսանելի չեն: Այսինքն, լուծումն այն է, ինչի մասին երկու–երեք ամիս առաջ հայտարարեց ուլտրալիբերալիզմի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Բոլթոնը: Այն է՝ ԱՄՆ–ն պետք է կենտրոնանա, որ գալիք տարվա ընտրություններում տապալի Էրդողանի վերարտադրությունը, իշխանության բերի յուրայիններին եւ Թուրքիային վերադարձնի վերահսկողության տակ: Ընդ որում, հաշվարկը պարզ է. ինչպես հուշում են վերջին բոլոր հարցումները, Էրդողանի վարկանիշը շարունակում է հետեւողականորեն նվազել: Այսինքն, կարելի է «գունավոր գործընթացը» միացնել: Բայց դա ռեա՞լ է: Չնայած, հարցին այսկերպ մոտենալը ժամանակավրեպ է. դեռ թուրքական ընտրություններին մեկ տարի կա, ու այն ժամանակ՝ «ով՝ սաղ, ով՝ մեռած»: Առավել եւս՝ ներկա սրընթաց փոփոխությունների պարագայում:
Սակայն այս «մեդալը մեկ այլ երես ունի», որն արդեն ժամանակավրեպ չէ: Էրդողանը «հին աղվես» է, լավ հասկանում է, որ ԱՄՆ–ին պետք է «առանց Էրդողան Թուրքիա», այսինքն, որ եթե անգամ հիմա փորձի Վաշինգտոնի հետ հաշտեցման ուղղությամբ գնալ, դա, ամենայն հավանականությամբ, ոչ միայն չի կանգնեցնի իրեն հեռացնելու ծրագրերը, այլ դրանք կյանքի կոչելու հավանականությունը կտրուկ կավելանա: Եվ այն, որ հենց այս պահին է մեկը մյուսի հետեւից հարվածներ հասցնում, այդ թվում՝ ՆԱՏՕ–ի կարեւորագույն ծրագրերը ձախողելու միջոցով, եթե ոչ ներթուրքական հարթակում սեփական դիրքերն ամրացնելու, այլ առնվազն ԱՄՆ–ի դիրքերն էլ ավելի թուլացնելու նպատակ ունի: Այսինքն, այդ գործելաոճն Էրդողանը գոնե առաջիկա տարվա ընթացքում պետք է որ շարունակի:
Սակայն այստեղ այլ խնդիր կա. կա մի գիծ, որից այն կողմ ՆԱՏՕ–ն, ավելի կոնկրետ՝ ԱՄՆ–ն Էրդողանին հաստատ թույլ չի տա անցնել: Եթե անգամ դրա համար հարկ լինի Դաշինքի բոլոր կանոնակարգերը խախտելով, Թուրքիային հեռացնեն: Նման «կարմիր գիծ» կարող է դառնալ հունիսի 29–30–ին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ–ի գագաթաժողովը, որը խոստանում է Դաշինքի պատմության մեջ կարեւորագույններից դառնալ: Ինչպես այդ մասին օրերս հայտարարեց Դաշինքի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը. «Մադրիդում ՆԱՏՕ–ի գագաթաժողովում մենք կարեւոր որոշումներ կընդունենք, ներառյալ նոր ռազմավարական դոկտրինի ընդունումը: Հյուսիսատլանտյան պայմանագրի հետ մեկտեղ, Ռազմավարական դոկտրինան ՆԱՏՕ–ի ամենակարեւոր փաստաթուղթն է, որը հաստատում է արժեքները, նպատակը եւ խնդիրները…»: Ընդ որում, ինչպես արդեն հայտնի է, ՆԱՏՕ–ի նոր ռազմավարական դոկտրինը հիմնված է լինելու Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ հակամարտության փաստի վրա: Այսինքն, եթե գործող դոկտրինով ՌԴ–ն համարվում է «ռազմավարական գործընկեր», իսկ Չինաստանի մասին որեւէ բան չկա, ապա նոր դոկտրինով երկուսն էլ կարող են դիտարկվել առնվազն, որպես հակառակորդ, որոշ աղբյուրների ենթադրմամբ էլ՝ թշնամի:
Թե գլոբալ առումով դա ինչ է նշանակում, այլ հարց է ու շատ կարեւոր: Բայց վերադառնալով Թուրքիային՝ նկատենք, որ Դաշինքի նման մոտեցումը հազիվ թե տեղավորվի Անկարայի շահերի մեջ: Այսինքն, եթե Էրդողանը ստորագրի նման ձեւակերպման տակ, ապա այն բոլոր շահերը, որոնք կան այս պահին, կամ սպասելի են Մոսկվայից եւ Պեկինից, կարող են միանգամից օրակարգից դուրս գալ: Նաեւ հաշվի առնելով, որ նման իրավիճակում Ռուսաստանն ու Չինաստանն էլ իրենց հերթին են խստացնելու իրենց ռազմական գնահատումը ՆԱՏՕ–ի, այն է՝ նրա բոլոր անդամների նկատմամբ, այդ թվում՝ Թուրքիայի, եւ դա անկախ երկկողմ հարաբերություններից:
Էրդողանը, հասկանալի է, նման իրավիճակից ելք ունի. կարող է այս դեպքում եւս արգելափակել, եւ ՆԱՏՕ–ն ոչ մի նոր դոկտրին չի ունենա: Սակայն դա հենց այն «կարմիր գիծն» է, որը հատելով, Անկարան այլեւս ՆԱՏՕ–ում տեղ չի ունենա. նրան հեռացնելու տարբերակ կարող են մտածել: Բայց ահա ստորագրելով, կրկնենք, նաեւ իր վրա է վերցնելու Մոսկվայի եւ Պեկինի հետ հարաբերությունների հետագա սրացման բեռը:
ԵՎՐԱՍԻԱՆ՝ ՆԱՏՕ-Ի ՓՈԽԱՐԵՆ
Այսպիսով, Էրդողանի համար այս պահին օրակարգային է դարձել հարցը՝ մնա՞լ ՆԱՏՕ–ում, թե՝ ոչ: Ամեն դեպքում, թեման թուրքական մամուլում, այդ թվում՝ իշխանությունների հետ կապված լրատվամիջոցներում ակտիվ քննարկման փուլում է: Օրինակ, թուրքական խոշորագույն լրատվամիջոցներից մեկը՝ «Cumhuriyet»–ը, հարցին մոտեցել է այս կողմից՝ իսկ Դաշինքին անդամակցելու 70 տարիներին ՆԱՏՕ–ն ի՞նչ է տվել Թուրքիային: «Անվտանգությո՞ւն, բայց ո՞վ ասաց, որ Դաշինքում չլինելու դեպքում ժամանակին ԽՍՀՄ–ն, հետո եւ մեր օրերում՝ ՌԴ–ն, որի դեմ էլ ի սկզբանե ուղղված էր ՆԱՏՕ–ն, պատրաստվում էր պատերազմել Թուրքիայի հետ…»,– հարց է տալիս լրատվամիջոցը:
Եզրակացությունը սա է՝ Թուրքիան ՆԱՏՕ–ի կազմում ոչ մի առավելություն չի ստացել, սակայն Դաշինքից դուրս գալու դեպքում առավելությունները շատ են: Փոխարենը, ԱՄՆ–ի համար կլինեն խնդիրներ. «Եթե Թուրքիան դուրս մնա Դաշինքից, դաշինքի սահմանը կանցնի Հունաստան–Էգեյան ծով–Կրետե–Հարավային Կիպրոս–Իսրայել գծով, եւ այդ փոփոխություններն առաջին հերթին կհարվածեն ԱՄՆ–ի ծրագրերին. նրանք ստիպված կլինեն հրաժարվել Սեւ ծովը «ՆԱՏՕ–ի լճի>> վերածելու գաղափարից: Սակայն, դրան չեն կարող հասնել նույնիսկ, երբ Թուրքիան Դաշինքի կազմում է»: Հաջորդը. «Բացի այդ, Դաշինքից Թուրքիայի դուրս գալը կնշանակի Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ազդեցության ԱՄՆ ծրագրերի ձախողում»:
Իսկ ահա Թուրքիան, ըստ աղբյուրի, հանգիստ կարող է անցում կատարել՝ «Ռուսաստանի եւ Իրանի հետ ռազմավարական գործընկերության, ինչպես նաեւ ինտեգրվել Շանհայի համագործակցության կազմակերպությանը եւ BRICS–ին»: Դրա համար Թուրքիան պետք է «կտրի ՆԱՏՕ–ի հետ պորտալարը», փակի Սեւ ծովը, Կովկասը, ԱՄՆ–ի մուտքը Կենտրոնական Ասիա եւ դառնա Մեծ Եվրասիական գործընկերության եւ նոր աշխարհի մի մասը:
Այսպիսով, լրատվամիջոցն այն համոզմունքին է, որ Դաշինքից դուրս գալուց հետո ԱՄՆ–ը կկորցնի Թուրքիային իր շահերից ելնելով՝ ամեն ինչ ստիպելու ունակությունը, իսկ Թուրքիան ուժեղ դիրք ձեռք կբերի Եվրասիայում:
Այն, որ նման տրամադրությունները գերակշռում են թուրքական հատկապես իշխանական աղբյուրներում, խոսում է հետեւյալի մասին:
- Չբացառենք, որ ԱՄՆ–ին նման հեռանկար ի ցույց դնելով, Անկարան ցանկանում է հասնել առավելագույն զիջումների Վաշինգտոնի կողմից: Այդ թվում՝ քրդական խնդրի հետ կապված: Միգուցե նաեւ երաշխիքներ, որ այդքանով հանդերձ, չփորձեն Էրդողանին «գունավորել»: Հաշվի առնելով նաեւ, որ այս օրերին ԱՄՆ պետքարտուղար Բլինկեն իր մակարդակով մի գլուխ սիրո խոստովանություններ է հղում Անկարային, թե ինչ եք ասում, Ամերիկան չի պատկերացնում ՆԱՏՕ–ի ապագան առանց Թուրքիայի:
- Թուրքիան մատնանշում է այն ռեալ ուղղությունը, որով իրոք պատրաստվում է առաջ գնալ, թերեւս նաեւ հաշվարկելով, որ լինելու է «նոր աշխարհ» եւ պետք է առաջ վազել՝ դրա «մի մասը>> դառնալու համար:
Չնայած, թերեւս մինչեւ հունիսի վերջ արդեն այս հարցերի պատասխանները կլինեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ