- 28/06/2022
ԲԱՅԴԵՆԻՆ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՃԱՄՊՐՈՒԿԻ» ՀԱՄԱՐ Է՞Լ ԵՆ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ ԿԱԶՄԵԼՈՒ
Այն, որ աշխարհն իրոք փոխվում է անվերադարձ կերպով, ցույց տվեց օրերս արձանագրված եւ առաջին հայացքից «շատ ծանր» տեսք չունեցող դրվագը: Խոսքը՝ ԱՄՆ նախագահ Բայդենի հերթական կազուսի մասին է, երբ նա հանրությանը հրամցրեց այն «շպարգալկան», որով նրան զինում է իր աշխատակազմը՝ անգամ ոչ առաջնային հանդիպումներից առաջ: Հիշեցնենք, այստեղ մանրամասն գրրված էր, թե ինչպես Բայդենը պետք է մտնի տվյալ դահլիճ, որ պահին ում հետ ինչ խոսի եւ երբ հեռանա:
Հիմա կասեն՝ ծեր մարդ է, ինչ կա: Բայց չմոռանանք. այդ ծեր մարդն ԱՄՆ-ի նախագահն է, ամենահզոր «միջուկային ճամպրուկներից» մեկի պահապանը: Ու պարզ հարց կա. իսկ կոնկրետ այդ «միջուկային ճամպրուկի» դեպքում է՞լ են հուշաթերթիկ կազմելու. այս պահին կբացես, այս-այս կոճակները կսեղմես, սա էլ քո անձնական գերգաղտնի կոդն է, որը միայն ԱՄՆ նախագահները գիտեն. ինչպես գրած է, կհավաքես եւ կոճակները կսեղմես:
Ամերիկյան գործող վարչակազմի համար ամենամեծ խնդիրն այն է, որ ամերիկացիները տեսան, թե իրականում ով է իրենց նախագահը: Չնայած, սա էլ է հարաբերական. եթե մեկն ամեն բան անում է հուշաթերթիկներով, նա՞ է նախագահը, թե՞ հուշաթերթիկ կազմողները, որոնք որեւէ բանի համար պատասխանատվություն չեն կրելու: Ահա, հենց սա տեսան ամերիկացիները, եւ սպասելի էր, որ Թրամփն անմիջապես արձագանքեց, թե՝ Ջո Բայդենը Նահանգների պատմության մեջ վատագույն նախագահն է. «Բայդենի օրոք ԱՄՆ-ն այլեւս մեծ երկիր չէ, այն անկման երկիր է: Շատ առումներով այս երկիրը դարձել է ծիծաղի առարկա», եւ այդպես շարունակ:
Թե այս վիճակն ուր կտանի ներամերիկյան հարթակում, ենթադրելի է: Թրամփն այս պահին ունի Բայդենի՝ օր օրի անկում ապրող վարկանիշին էականորեն գերազանցող ցուցանիշներ, իսկ դիմացը՝ Կոնգրեսի ընտրություններ են: Այսինքն, լիբերասները ունեն ժամանակ մինչեւ աշուն եւ կարծես փորձում են առավելագույնս դրանից օգտվել: Ամեն դեպքում, երբ ռուսների հետ ներկա հակամարտության պարագայում Վաշինգտոնը կտրուկ ակտիվացնում է նաեւ չինական ուղղությունը, դա արդեն նմանվում է ցայտնոտային վիճակից բխող վա-բանկի:
Այսպես, Վաշինգտոնն արդեն ուղղակիորեն է Չինաստանին դիտարկում, որպես հիմնական հակառակորդ, եւ օրերս հայտարարեց նոր հակաչինական կոալիցիայի ստեղծման մասին, որի կազմում ներառվել են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան: Չինաստանն էլ ցույց է տալիս, որ պատրաստ է մարտահրավերն ընդունել՝ Թայվանի ուղղությամբ նկատելի ռազմական ուժեր կենտրոնացնելով եւ պարզ ակնարկելով, որ ամեն պահի պատրաստ է ներխուժման: Բայց ասել, թե Վաշինգտոնը կարող է իրականում գնալ այս նոր հակամարտությանը, սխալ կլիներ: Ներամերիկյան տնտեսական վիճակն արդեն ռեցեսիոն է, գնաճը հասել է այն մակարդակին, որ ցանկացած պահի կարող է ներքին պայթյուն առաջացնել: Եթե այս պայմաններում սկսեն նաեւ Չինաստանից տնտեսական հարվածներ ստանալ, ապա նման պայթյունը գործնականում կդառնա անխուսափելի:
Փորձում են նաեւ սրել ռուսական ուղղությունը, եւ այստեղ բանը հասավ նրան, որ Բրիտանիան սկսեց լրատվամիջոցներով Մոսկվային սպառնալ պատերազմով: Բայց այս դեպքում եւս Լոնդոնի հետագա քայլերը փակուղային են. ՌԴ-ն Պետդումայի զինվորական-պատգամավորների միջոցով պարզապես արձագանքեց՝ եթե հանկարծ իրոք պատերազմ լինի, ապա առաջին քաղաքը, որը կոչնչանա, կլինի հենց Լոնդոնը: Գիտակցե՞ց այդ սպառնալիքը վարչապետ Ջոնսոնը, դժվար է ասել: Բայց ակնհայտ է, որ Մակրոնն ու Շոլցը շատ ավելի ադեկվատ են եւ պարզ հասկանում են, որ Լոնդոնից հաշված րոպեներ անց նաեւ Փարիզն ու Բեռլինը գոյություն չեն ունենա, եւ այդ հանգամանքը արեւմտյան կոալիցիայում գնալով սրվող հակասություններ է ի ցույց դնում, ինչը պարզ տեսանելի էր նաեւ G-8-ի օրերս կայացած գագաթաժողովում: Գումարած, ամերիկյան հեղինակավոր աղբյուրներն են սկսել մի գլուխ աղմկել, որ ռուսներն ունեն այն տեխնիկան, որն ի զորու է Լոնդոնից մի 10 րոպե անց ոչնչացնել ողջ ԱՄՆ-ն՝ բոլոր քաղաքներով հանդերձ:
Այսպիսով, վա-բանկի ցանկություն կարծես թե կա, սակայն այս իրավիճակում ոչ մի վա-բանկ էլ չի լինելու. պարտությունը երաշխավորված է, եւ կարծես Արեւմուտքում դեռ մնում են ուժեր, որոնք դա գիտակցում են: Իսկ սովորական մեթոդներով Բայդենը, ավելի ճիշտ՝ նրա համար հուշաթերթիկներ գրողներն ունեն այս իրավիճակը, որը, մեղմ ասած, հուսադրող չէ: Մի խոսքով, կարծես թե անակնկալներ չեն լինելու: Այդ թվում, մեր տարածաշրջանում, որը, սակայն, մեր տեղական արեւմտածախներն այդպես էլ չեն կարողանում մարսել: