• 16/08/2022

Գիտնականները կանխատեսել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև միջուկային պատերազմի հետևանքները

Գիտնականները կանխատեսել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև միջուկային պատերազմի հետևանքները

Ավելի քան հինգ միլիարդ մարդ կարող է զոհվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լայնամասշտաբ միջուկային պատերազմի դեպքում: Այս եզրակացության են եկել ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռաթգերսի համալսարանի գիտնականները երկուշաբթի օրը հրապարակված ուսումնասիրության մեջ:

«Մենք գնահատում ենք, որ ավելի քան 5 միլիարդ մարդ կարող է մահանալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային պատերազմի արդյունքում, ինչը հաստատում է դրա կանխման համար գլոբալ համագործակցության անհրաժեշտությունը», – ասվում է Nature Food ամսագրում հրապարակված հոդվածում:

Ինչպես նշվում է ուսումնասիրության մեջ, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պատերազմը Ռուսաստանի հետ կարող է հանգեցնել աշխարհի միջուկային զինանոցի ավելի քան 90%-ի օգտագործմանը։ Դրա արդյունքը կլինի ավելի քան 150 տերագրամ (ավելի քան 165 մլն տոննա) աղտոտված նյութի արտանետումը մթնոլորտ՝ առաջացնելով միջուկային ձմեռ մոլորակի շուրջ։

Միևնույն ժամանակ, 360 միլիոն մարդ կարող է ուղղակիորեն մահանալ միջուկային արկերի պայթյունից, մինչդեռ ավելի քան 5 միլիարդը «սովի զոհ կդառնան»` աղետից հետո։

«Բնակչության մնացած հատվածին կտրամադրվի գոյատևման համար անհրաժեշտ նվազագույն սննդամթերք՝ օրական 1911 կիլոկալորի չափով, բայց առանց միջազգային առևտրի հնարավորության»,- ասվում է զեկույցում։

«Միջուկային պատերազմի դեպքում քաղաքների և արդյունաբերական տարածքների վրա ուղղված ռումբերը կհանգեցնեն հրդեհային փոթորիկների, այրման մասնիկների զգալի ծավալների արտանետմանը վերին մթնոլորտ, որը կտարածվի ամբողջ մոլորակով և կհանգեցնի նրա արագ սառեցմանը: Այս աղտոտիչները տասնամյակներ շարունակ կխախտեն Երկրի կլիման և կազդեն մակերևույթի և օվկիանոսների սննդի արտադրության համակարգերի վրա»,- նշում են հեղինակները:

Կրեմլն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը միջուկային զենք կիրառելու ծրագիր չունի։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլին խոսել է միջուկային պատերազմի «շատ էական» ռիսկերի մասին, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ միջուկային զենքի օգտագործումն անթույլատրելի է։