- 29/08/2022
Եվրոպան բախվել է «սարսափելի չափերի ճգնաժամի». Լեհաստանի վարչապետ
Եվրոպան կանգնած է «սարսափելի չափերի» ճգնաժամի առաջ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին` Փարիզ կատարած այցի ժամանակ, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
«Ռուսաստանը, հարձակվելով Ուկրաինայի վրա, հրահրեց սարսափելի ճգնաժամ, որը հավանաբար նոր է սկսվում։ Անվտանգության ճգնաժամը ներառում է էներգետիկ խնդիրներ, քաղաքական և տնտեսական ճգնաժամ՝ բառիս լայն իմաստով»,- ասաց նա։
Մորավիեցկու խոսքով՝ նման իրավիճակում Եվրոպան պետք է մտածի, թե ինչպես պաշտպանի իրեն։ Այդ կապակցությամբ լեհ քաղաքական գործիչը ԵՄ երկրներին միասնության կոչ է արել։
«Միասին կանգնած ենք, մենակ ենք ընկնում»,- փոխաբերական ասաց նա։
Մորավիեցկին նաև բարձր է գնահատել ուկրաինական բանակը: «Ուկրաինացի զինվորները կռվում են առյուծների պես: Նրանք կռվում են ինչպես ֆրանսիացիները Վալմիում, ինչպես Նապոլեոնի զինվորները Աուստերլիցում կամ Վարշավայի ապստամբները: Բայց նրանք զենքի և ֆինանսական աջակցության կարիք ունեն շատ ավելի, քան մարդասիրական»,- հավելել է Լեհաստանի վարչապետը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը ձգձգվում է, ուստի ԵՄ-ն պետք է համբերատար ու վճռական լինի։
«Թող չպարզվի, որ ուկրաինացիներն ավելի շատ ուժ, համբերություն և հաստատակամություն ունեն, քան մենք՝ եվրոպացիներս», – ասել է Մորավիեցկին։