• 29/08/2022

Եվրոպան բախվել է «սարսափելի չափերի ճգնաժամի». Լեհաստանի վարչապետ

Եվրոպան բախվել է «սարսափելի չափերի ճգնաժամի». Լեհաստանի վարչապետ

Եվրոպան կանգնած է «սարսափելի չափերի» ճգնաժամի առաջ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին` Փարիզ կատարած այցի ժամանակ, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

«Ռուսաստանը, հարձակվելով Ուկրաինայի վրա, հրահրեց սարսափելի ճգնաժամ, որը հավանաբար նոր է սկսվում։ Անվտանգության ճգնաժամը ներառում է էներգետիկ խնդիրներ, քաղաքական և տնտեսական ճգնաժամ՝ բառիս լայն իմաստով»,- ասաց նա։

Մորավիեցկու խոսքով՝ նման իրավիճակում Եվրոպան պետք է մտածի, թե ինչպես պաշտպանի իրեն։ Այդ կապակցությամբ լեհ քաղաքական գործիչը ԵՄ երկրներին միասնության կոչ է արել։

«Միասին կանգնած ենք, մենակ ենք ընկնում»,- փոխաբերական ասաց նա։

Մորավիեցկին նաև բարձր է գնահատել ուկրաինական բանակը: «Ուկրաինացի զինվորները կռվում են առյուծների պես: Նրանք կռվում են ինչպես ֆրանսիացիները Վալմիում, ինչպես Նապոլեոնի զինվորները Աուստերլիցում կամ Վարշավայի ապստամբները: Բայց նրանք զենքի և ֆինանսական աջակցության կարիք ունեն շատ ավելի, քան մարդասիրական»,- հավելել է Լեհաստանի վարչապետը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը ձգձգվում է, ուստի ԵՄ-ն պետք է համբերատար ու վճռական լինի։

«Թող չպարզվի, որ ուկրաինացիներն ավելի շատ ուժ, համբերություն և հաստատակամություն ունեն, քան մենք՝ եվրոպացիներս», – ասել է Մորավիեցկին։