• 24/09/2022

Հայե՜ր, միացե՛ք, Հայրենիք ենք կորցնում, ազգն է ոչնչանում. Մադլեն Ասրյան

Հայե՜ր, միացե՛ք, Հայրենիք ենք կորցնում, ազգն է ոչնչանում. Մադլեն Ասրյան

Ի աջակցություն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ակցիայի, որը կազմակերպել էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը եւ «Հականացիստական ճակատը» Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, մասնակցեցին նաեւ մի շարք մշակութային գործիչներ:

Ակցիայի ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԸ եւ շեշտեց, որ Ռուսաստանի դեմ այս օրերին խոսում են սորոսականները, աղանդավորները, համասեռամոլները, որոնք գրանտակերներ ու ձրիակերներ են: Ըստ նրա, նմանները Հայրենիք ու ազգ չեն ճանաչում, միայն սպասում են, որ ԱՄՆ-ից գումարներ ստանան ու «լափեն»:

«Մենք չենք կարող դեմ լինել ռուսական զորքին: Մեր տանից երեւում է Մասիսի ստորոտը, որտեղ թուրքական ռազմաբազաներ են տեղակայված: Դրանցից այսօր մեզ պաշտպանում է միայն ռուսական սահմանապահ զորքը: Մի պահ մտածեք, թե ինչ կլինի մեր վիճակը, եթե ռուսական զորքը չլինի: Հետեւապես, հորդորում եմ հակառուսական տրամադրություններ հրահրելով՝ մեր սարսափելի վիճակն էլ ավելի չվատացնել: Ռուսական զորքը պե՛տք է լինի Հայաստանում եւ պաշտպանի մեզ՝ հայ ժողովրդին: Իսկ ով չի ուզում, թող ինքը Հայաստանը լքի ու հեռանա, որովհետեւ այդպիսիք ո՛չ հայ են, ո՛չ էլ` ՀՀ քաղաքացի: Թող գնան Ադրբեջան ու Թուրքիա, որովհետեւ դրանք են իրենց երկրները, եւ նրանց համար են իրենք աշխատում»- ընդգծեց Մադլեն Ասրյանը:

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրադրությանը՝ ՀՀ վաստակավոր արտիստը հորդորեց հայ ժողովրդին միանալ եւ մեկ բռունցք դառնալ:

«Հայե՛ր, բոլոր երկրներից եկեք ու միացե՛ք, ինչպես 1988 թվականին, Հայրենիք ենք կորցնում, ազգն է ոչնչանում: Իշխող տականքները սա չեն հասկանում, նրանց համար նշանակություն չունի: Ասում էին՝ Կոմիտասը խելագարվել է, ինչպե՞ս չխելագարվեր… Հիմա էլ նույն իրավիճակն է, եկել է օրհասական պահը: Բոլոր նրանք, ովքեր անգիտակից կանգնել են մի դավաճանի, ծախու արարածի կողքը, թող հիմա գոնե գիտակցելով միանան մեզ, որպեսզի այս ստորին գահընկեց անենք: Հասկացե՛ք, այսօր անդունդի եզրին ենք կանգնած», – եզրափակելով խոսքը՝ ասաց երգչուհին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ