- 27/10/2022
Ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները ռեալ են միայն ԱՄՆ ընտրություններից հետո
Մեր տարածաշրջանում ներկայումս ստեղծված իրավիճակը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=239663&l=am) մեկ առանձնահատկություն եւս այս փուլում ձեռք է բերել: Այսպես, եթե մինչ այս ամերիկացիները հիմնականում աշխատում են տարբեր գործիքների՝ պետությունների, կառույցների միջոցով, ապա վերջին ժամանակներս գործում են ուղղակի՝ առաջին դեմքով՝ կոնգրեսմեններ, տարբեր պաշտոնյաներ, հատուկ ծառայություններ եւ այլն: Մասամբ, օգտագործվում են նաեւ ԵՄ-ի մեխանիզմները: Սակայն հաշվի առնելով այն իրավիճակը, որ ներկայումս կա Եվրոպայում, ապա ԵՄ-ի այդ գործիքակազմը հազիվ թե երկար ծառայի ամերիկացիներին:
Արդյունքում, ռուսներն ու ամերիկացիներն արդեն մասնավորապես մեր տարածաշրջանում մտնում են ուղիղ բախման փուլ: Ճիշտ է, դա դեռ քաղաքական հարթությունում է, սակայն ամեն ինչ շատ արագ է փոխվում: Սա էական է նրանով, որ ինչպես Վաշինգտոնը, այնպես էլ Մոսկվան շատ ավելի կտրուկ են դնում տարածաշրջանային երկրներին ուղղված հիմնական հարցը՝ ում կողմից եք:
Որքա՞ն կշարունակվի այս բարդ իրավիճակը, հաշվի առնելով, որ այս դեպքում միայն աճում է հավանականությունը, որ ռուս-ամերիկյան բախումը քաղաքական հարթությունից կտեղափոխվի ռազմական, իհարկե, այս դեպքում նաեւ իրենց կողմն անցած պետությունների միջոցով: Սակայն, ինչպես Ուկրաինայում ռուս-ամերիկյան բախումների պարագայում, այնպես էլ մեր տարածաշրջանի հետ կապված կա նաեւ այն հարցը, թե ներկա սրացումը կողմերին չի՞ պարտադրում՝ գնալ պայմանավորվածությունների: Առավել եւս, որ ԱՄՆ-ն կանգնած է իշխանական համակարգի հնարավոր տեղաշարժերի շեմին, որը կարող է նաեւ ռուս-ամերիկյան հարաբերություններում լուրջ տեղաշարժերի տանել:
Այս առումով ԱՄՆ-ից եկող ազդակներ արդեն իսկ նկատվում են: Մասնավորապես, ըստ The Washington Post-ի տեղեկացման, 30 կոնգրեսական ուղիղ կոչ է արել Բայդենին՝ փոխել իր ռազմավարությունն Ուկրաինայում եւ սկսել բանակցել Մոսկվայի հետ: Հասկանալի է, խոսքը հիմնականում հանրապետականների մասին է: Իսկ սրանից ավելի վաղ կրկին հանրապետական թեւին հարող մի շարք տնտեսական խոշոր գործիչներ էին հրապարակային մեսիջներ հղում՝ Մոսկվայի հետ բանակցելու անհրաժեշտության մասին:
Իսկ ահա մի շարք հեղինակավոր փորձագետներ շատ ավելի առաջ գնացող ակնարկներ են անում՝ սկսելով հարցից, թե ինչու է Պուտինը ձգձգում ուկրաինական պատերազմը: Բացատրությունը ոչ թե ուժերի պակասն է կամ սխալ ռազմավարությունը, այլ որ ի սկզբանե ակտիվ հարձակումները միանգամից ՌԴ-ի դեմ կհամախմբեր ողջ Արեւմուտքը: Սակայն այսպես, երբ զուգահեռաբար բոլորի համար տեսանելի են դառնում ուկրաինական պատերազմի ինչպես տնտեսական, այնպես էլ Երրորդ աշխարհամարտի վերածվելուց բխող անվտանգային հետեւանքները, Արեւմուտքում սկսվել են լուրջ տեղաշարժեր: Այդ թվում, ամերիկյան իրական տնտեսական սեկտորը, որտեղ էլ գերակշռում են հանրապետականները, խորքային ներքին պայքար են սկսել: Ընդ որում, հիշատակված աղբյուրները նաեւ ակնարկում են, որ արդեն իսկ կան Կրեմլի հետ հստակ պայմանավորվածություններ, որոնք կգործարկվեն ամերիկյան ընտրություններից հետո, եթե հանրապետականները վերցնեն Կոնգրեսի վերահսկողությունը:
Ինչեւէ, ամերիկյան ընտրություններին մնում է երկու շաբաթ, եւ կա տպավորություն, որ դրանից հետո անակնկալների պակաս չեն լինելու:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ