- 18/11/2022
Իսկ ի՞նչ է ասում Նիկոլի «շրջանակային պայմանագիրը» Արցախի մասին
Մի հին խոսք կա՝ «պոլի փետն էլ կարող է տարին մեկ կրակել»: Ժամանակակից լեզվով դա կարելի է «թարգմանել» այսպես՝ Նիկոլն էլ կարող է մեկ-մեկ դուզ խոսք ասել: Իհարկե, հիմնականում աղճատված, հեռահար նպատակներով, բայց դրանով էլ՝ դուզ խոսք:
ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՌՈՒՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ»
Նման դուզ խոսք Նիկոլից լսեցինք նաեւ նախօրեին՝ ԱԺ-ի ելույթում, երբ սկսեց հերթական «սիրո խոստովանությունը» ռուսների հանդեպ: Թե գիտեք՝ «ՌԴ նախագահի՝ «Վալդայ» ակումբում արած հայտարարությունը շատ կարեւոր էր ու էական»: Ավելին, որ իր կառավարությունը դեռ «2021 թվականի հունվարից ընդունել է այդ պայմանավորվածությունը, դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով»: Ու ահա այդ «սիրային զեղումներից» հետո, որի դետալներին դեռ կանդրադառնանք, հերթը հասավ հենց այդ «դուզ խոսքին», թե՝ իսկ ի՞նչ է մտածում Ռուսաստանի առաջարկների մասին: Եթե համարում է, որ պետք է մերժել, ապա «ճիշտ կլինի, որ այդ մասին բարձրաձայն հայտարարի»: Ենթատեքստն էլ պարզ է՝ իսկ ընդունելի է համարում, այսինքն, որ կառավարությունն ու ընդդիմությունը նույն պատկերացումներն ունեն ռուսական առաջարկների մասին, ուրեմն պետք է օգնեն:
Այսինքն, Նիկոլը եւս առաջ քաշեց այն պարզ հարցը, որի մասին բազմիցս ենք խոսել՝ առաջ գնալու ի՞նչ տեսլական է առաջարկում հայաստանյան ընդդիմությունը, որի մասին համառորեն լռում է: Հայտարարությունները, թե պետք է ուժեղ լինենք, Արցախի անկախությունն այլընտրանք չունի եւ այլն, այդ մասին չէ խոսքը, այլ կոնկրետ, գործնական ծրագրի՝ դրանց հասնելու համար: Եվ այս դեպքում, երբ այս պահին դաշտում երկու հիմնական սկզբունք կա՝ ռուսական կամ ամերիկյան առաջարկությամբ «խաղաղության պայմանագրի» գաղափարները, որի այլընտրանքը երկուսից էլ հրաժարվելու անիրատեսական ուղին է, հենց այդ մասով է, որ ընդդիմության կարծիք, որպես այդպիսին, պարզապես չունենք: Հատուկենտ կիսատ-պռատ հայտարարություններ եղել են, սակայն հստակ մոտեցում, թե կոնկերտ որ տարբերակով են հայ ժողովրդին առաջարկում շարժվել, թիվ 1 ընդդիմությունն այդպես էլ չի ներկայացնում:
Թե ինչու Նիկոլն այս դաշտը մտավ, կարելի է կռահել: Առնվազն, նա սրանով փորձում է Մոսկվային ցույց տալ, թե, տեսեք, ես անվերապահորեն ձեր կողմն եմ, իսկ ահա այս ընդդիմությունը ծամծմում է, հստակ բան չի ասում, ուրեմն՝ ինչ-որ խաղերի մեջ է: Սա, իհարկե, սովորական «բլեֆ» է, հաշվի առնելով, որ «Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը դեռ տարեսկզբից, երբ արդեն ակնհայտ էր, որ կա «խաղաղության պայմանագրի» երկու տարբերակ, նաեւ, որ դրանց հիմնական տարբերությունը կապված է Արցախի կարգավիճակի երկու հնարավեր սցենարների հետ՝ ռուսականով՝ հետաձգում, ամերիկյանով՝ Ադրբեջանի կազմ, հստակ գնահատականներ տվել է իրավիճակին՝ հայտարարելով, որ Արցախը հայկական պահելու միակ տարբերակը ռուսական սցենարն է: Ընդ որում՝ նույն Նիկոլը, երբ հիմա նման ձոներ է հնչեցնում ռուսական տարբերակի հասցեին, նաեւ ընդունելով, որ իրոք հենց այդ սցենարներն են օրակարգում, այս ընթացքում հասցրել է մի շարք «հաջող բանակցություններ» վարել Բրյուսելում՝ ամերիկյան դրածո Շառլ Միշելի հովանու տակ: Այստեղ էլ քանիցս հայտարարեց՝ գնում եմ ստորագրելու:
ԱՄՆ-Ն ՀԻՇԵՑՐԵՑ ԻՐ ՄԱՍԻՆ
Սակայն այս պահին խնդրին պետք է այլ կողմից մոտենալ: Այն է՝ ինչո՞ւ հանկարծ Նիկոլը հերթական անգամ հիշեց «Վալդայում» Պուտինի հայտնի ելույթի մասին, երբ քանիցս խոսել է դրանից հետո իր «հանկարծահաս պուտինասիրությունից»: Պարզապես ավելորդ անգամ հայաստանյան ընդդիմության «բոստանը քա՞ր էր ուզում գցել», թե՞ ինչ-որ նոր ընթացք կա:
Նախ նկատենք, որ այս նոր ելույթը հաջորդեց Բլինքենի հետ հեռախոսային զրույցին, որի ժամանակ, պարզվում է, պետնախարարը պահանջել էր՝ շարունակել նախկին «բրյուսելյան ակտիվությունը»: Սակայն այդ մասին «մոռացել» էին նշել այդ հեռախոսազրույցի հետ կապված կառավարության հաղորդագրության մեջ՝ ընդամենը ներկայացնելով այս չեզոք միտքը, թե՝ «Պետքարտուղար Բլինքենը ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում»: Ու, երեւի թույլ չտալու համար, որ դրանից տպավորություն առաջանա, թե ԱՄՆ-ն կամաց-կամաց զիջում է դիրքերը, Բլինքենը նաեւ հատուկ գրառմամբ հիշեցրեց, թե որն է իրենց տեսլականը: Ավելին, հաջորդած՝ Ալիեւի հետ հեռախոսազրույցի հետ կապված Պետդեպարտամենտի հաղորդագրությունը շատ ավելի հստակ էր. «Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է խաղաղ գործընթացին եւ երկու կողմերին կոչ է արել պլանավորել հետագա բանակցությունները, ինչպես դա համաձայնեցվել է Վաշինգտոնում…»:
Հասկանալի է, խոսքը Վաշինգտոնում ՀՀ ԱԽՔ-ի ստորագրած փաստաթղթի մասին է: Իհարկե, հասկանալի է, որ սույն ԱԽՔ-ը պետության ապագան կանխորոշող նման պարտավորություններ ստանձնելու որեւէ պաշտոնական լիազորություն չի կարող ունենալ, եթե անգամ ընդունենք, որ Վաշինգտոն մեկնելու շեմին Նիկոլը նրան ինչ-որ բան թույլատրել է: Բայց իրավիճակն այլ է՝ ամերիկացիները հիմա պահանջում են՝ եկաք Վաշինգտոն, թուղթ ստորագրեցիք, հիմա պարտավոր եք կատարել:
Պատահակա՞ն էր, որ դրանից հետո Նիկոլը շտապեց Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլու հետ քննարկել. «Հարավկովկասյան տարածաշրջանում մթնոլորտի բարելավումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը»: Այն դեպքում, երբ կան համառ լուրեր, որ Վաշինգտոնի ծրագրմամբ հենց Վրաստանում Նիկոլն ու Ալիեւը պետք ստորագրեն ամերիկյան սցենարով «խաղաղության պայմանագիրը»…
ՀԻՄԱ ԻՆՉ Է ՄՈԳՈՆԵԼ
Եվ ահա, երբ այս ամենից հետո է, որ Նիկոլն ԱԺ-ում հանկարծ հիշեց «Վալդայում» Պուտինի ելույթը, նման երկակի տպավորություն է առաջանում: Կա՛մ սա պետք է համարել Բլինքենին տրված պատասխան, թե՝ հիշո՞ւմ եք Պուտինն ինչ ասաց «Վալդայի» ելույթում, կներեք, բայց չեմ կարող նրա խոսքից «թռնել»: Կա՛մ կարող է գործում է դրան 180 աստիճանով հակադիր տարբերակը՝ Նիկոլն իր «ռուսասիրության նոպաներով» փորձում է Մոսկվայի աչքերին թոզ փչել, որ ինչ-որ պահի Ալիեւի հետ վազի Թբիլիսի՝ փաստաթուղթ ստորագրելու:
Ընդ որում, պայմանագրի այս սցենարը, որն իր խոսքի շարունակության մեջ առաջարկեց Նիկոլը, մտահոգությունների տեղիք, այնուամենայնիվ, տալիս է: Այսպես, ըստ Նիկոլի. «Պատրաստ եք շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ»: Թե ինչ է թաքնված այդ «շրջանակային պայմանագիր» ասվածի տակ, որի մասին, ի դեպ, ըստ Նիկոլի՝ Հայաստանը Վաշինգտոնում է Ադրբեջանին փոխանցել իր տեսլականը, նա բացատրում է այսպես. «Կա երկու մոտեցում՝ դետալացված եւ շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցում, երբ շրջանակն եք գծում առանց շատ մեծ կոնկրետությունների: Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք շատ դետալացված հարցեր փորձենք լուծել, կարող է դժվարություններ ունենանք: Սա է պատճառը, որ Հայաստանն առաջարկել է ստորագրել խաղաղության շրջանակային համաձայնագիր: Սա ընդունված պրակտիկա է, եւ մենք եւս պետք է փորձենք գնալ այս ճանապարով»:
Ընդունելի գաղափար է, թե՝ ոչ, կախված է ընդամենը մեկ հարցի պատասխանից՝ իսկ այդ «շրջանակային պայմանագիր» կոչվածն ի՞նչ է սահմանում Արցախի հետ կապված: Կրկնենք, այս պահին հենց դա է հիմնական խնդիրը՝ այդ պայմանագրում կամ դրան կից փաստաթղթերում հստակ կֆիքսվի՞, որ այն չի վերաբերում Արցախին, որի հարցը պետք է ապագայում դեռ լուծել, ինչպես առաջարկում է Ռուսաստանը: Թե՞ Նիկոլը Արցախը եւս «դետալացված հարց» է համարում եւ առաջարկում է, որ այս մասով էլ «առանց կոնկրետությունների», այն է՝ առանց Արցախի անունը տալու պայմանագիր ստորագրել: Բայց չէ՞ որ դա կնմանվի այն առաջարկին, որն անում է Վաշինգտոնը՝ պայմանագիր՝ առանց Արցախի հիշատակման, որի դեպքում այն միանգամից կընկալվի՝ որպես Ադրբեջանի մաս:
Դատելով նրանից, որ նման սցենարը «Հայաստանը Վաշինգտոնում է Ադրբեջանին փոխանցել», ավելի հավանական է, որ «շրջանակային պայմանագիր» կոչվածը նույն ամերիկացիների առաջարկած սցենարն է, որին նման նոր «հանդերձանքով» փորձում են անճանաչելի դարձնել:
Ի դեպ, այս մասին խոսում է նաեւ մեկ այլ փաստ: Բանն այն է, որ այս ամենին զուգահեռ, Նիկոլը հանդիպում ունեցավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին: Նա, ինչպես ՌԴ ԱԳՆ-ն է քանիցս հայտնել, զբաղվում է նաեւ «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակը պատրաստելու, ավելի կոնկրետ՝ հիմնականում պատրաստ տարբերակը կողմերի հետ համաձայնեցնելու աշխատանքով: Իսկ այս հերթական այցը, թերեւս, ինչ-որ դրվագներ համաձայնեցնելու նպատակ է հետապնդում, եւ Նիկոլն էլ առիթը բաց չթողնելով, Խովաեւին եւս հիշեցրեց, թե սկսած 2021թ.-ից ջանասիրությամբ է աջակցում «ռուսական կողմից դեռեւս ընթացիկ տարվա օգոստոսին ներկայացված առաջարկները»,- ինչպես ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:
Բայց դա մի կողմ: Հիմնական հարցը սա է. եթե ռուսներն ունեն հիմնականում պատրաստի պայմանագիր, որի միակ «ծանր» խնդիրը հենց Արցախի հետ կապված հիշատակված դրվագն է՝ իր բոլոր «դետալներով» հանդերձ, էլ ի՞նչ «շրջանակային պայմանագրի» մասին է խոսքը:
Չնայած, գալիք շաբաթ Հայաստանում կայանալու է ՀԱՊԿ ղեկավարների հանդիպումը, կմասնակցի նաեւ Պուտինը, եւ միգուցե դրա շրջանակներո՞ւմ հասկանալի կդառնա, թե ինչ է ուզում Նիկոլն իր «շրջանակային պայմանագրով»:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ