- 21/11/2022
Սեւաստոպոլի պետհամալսարանում Հայաստանի թեման էր
Նախորդ շաբաթ ՍԻՄ կուսակցության նախագահ, Հայաստանի «Ղրիմի բարեկամներ» ակումբի ղեկավար Հայկ Բաբուխանյանը այցելեց Սեւաստոպոլ քաղաք Սեւաստոպոլի պետական համալսարանի հրավերով: Համալսարանում Հայկ Բաբուխանյանը ունեցավ մի շարք հանդիպումներ ղեկավարության հետ, որոնց ընթացքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ Սեւաստոպոլի պետհամալսարանում Հայաստանից ուսանողների ուսումը կազմակերպելու վերաբերյալ: Այդ նպատակով արդեն հունվարից Երեւանում ու մարզերում մեկնարկելու են նախապատրաստական դասնթացներ:
Համալսարանի մեծ` շուրջ 400 տեղանոց դահլիճում, դասախոսական կազմի եւ ուսանողության մասնակցությամբ ցուցադրվեց «Ուխտագնացություն դեպի Ղրիմ» (հեղինակներ` Հ. Բաբուխանյան, Ա.Վարդանյան) պատմավավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է հայ ժողովրդի պատմա-մշակութային ներդրումը Ղրիմի զարգացման մեջ: Ֆիլմի ցուցադրմանը եկել էին Սեւաստոպոլի, Յալթայի ու Սիմֆերոպոլի հայ համայնքի ներկայացուցիչները: Ֆիլմի ցուցադրումից հետո տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցեց Ղրիմի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Արմեն Մարտոյանը (Սամվել):
Նույն օրը համալսարանում տեղի ունեցավ կլոր սեղան, որը նվիրված էր Սեւաստոպոլի պետական համալսարանի եւ Հայաստանի կապերի ամրապնդմանը, որտեղ քննարկվեցին մի շարք կրթական ու երիտասարդական ծրագրեր: Քննարկմանը մասնակցում էր համալսարանի ռեկտոր Վ. Նեչայեւը, պրոռեկտորներ, քաղաքապետարանի պաշտոնեաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Իր ելույթում Հ. Բաբուխանյանը կարեւորեց երկկողմանի կրթական ու մշակությանին կապերի զարգացումը, համատեղ երիտասարդական միջոցառումների կազմակերպումը: Նա առաջարկեց եկող տարի Հայաստանում անցկացնել Սեւաստոպոլի օրեր, որոնց ընթացքում մեկ օր տրամադրել համալսարանի ներկայացմանը:
.
սեփ.լրատվ