- 25/01/2023
Հայաստանի համար մի վերջին շանս կա
Նախօրեին Կրեմլի կայքը հրապարակեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ ուղղված ԵՏՄ պետությունների ղեկավարներին: Թե ինչու ՌԴ նախագահին պետք եղավ հրապարակային ուղերձով դիմել ԵՏՄ-ի ուղղությամբ իր գործընկերներին, երբ կարող էր նրանց հետ ընդհանուր եւ երկկողմ շփումներում ներկայացնել նույն թեզերը, իհարկե, շատ կարեւոր է հասկանալ:
ՊՈՒՏԻՆԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿԸ
Այսպիսով, ի՞նչ է ԵՏՄ անդամ երկրների ղեկավարներին այդ ուղերձով առաջարկում ՌԴ նախագահը: Նախ, որ հնարավորություն է տեսնում մի տնտեսության բազում առանցքային ոլորտներում հասնել ամենասերտ համագործակցության, այդ ուղղությունները դարձնել աշխարհի մասշտաբով տեսանելի: Այն է՝ «Կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի նպաստենք բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, արդյունաբերական, ֆինանսական եւ տեխնոլոգիական ոլորտներում, ինտեգրման հետագա խորացմանը: Այս առնչությամբ նպատակահարմար ենք համարում միասին գնահատել գործող «Մինչեւ 2025թ. Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» իրականացման ընթացքը եւ արդեն ընթացիկ տարում սկսել պատրաստել երկարաժամկետ պլանավորման նոր փաստաթղթեր, որոնք կորոշեն ինտեգրացիոն փոխգործակցության հիմնական վեկտորները մինչեւ 2030 եւ 2045թթ.»,- ընդգծել է Պուտինը:
Այս ամենը, ՌԴ նախագահի համոզմամբ, ինքնանպատակ չէ: Այլ, հանրագումարում. «Ակնհայտ է, որ Միությունը բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի դառնա բազմաբեւեռ աշխարհի հզոր, ինքնուրույն, ինքնաբավ բեւեռներից մեկը, լինել ձգողականության կենտրոն մեր արժեքները կիսող բոլորի եւ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցել ձգտող անկախ պետությունների համար»:
Խոշոր հաշվով, իմաստը սա է. ԵՏՄ անդամ երկրները ունեն երկու ուղղություն: Առաջինը, միավորվելով եւ այդ միասնականությունը զարգացնելով, ապագա աշխարհում լինել հիմնական գործոններից՝ « ինքնուրույն, ինքնաբավ բեւեռներից մեկը» : Կամ գնալ այլ ուղությամբ՝ լինել առանձին միավորներ կամ միգուցե միանալ այլ խմբերի, որի պարագայում կմնան երրորդ-չորրորդական կարգավիճակներում (Հայաստանի պարագայում «Ճ» կարգից էլ այն կողմ): Այլ կերպ ասած՝ կա՛մ դառնալ ստեղծվող բեւեռներից մեկը, կա՛մ էլ՝ այդ բեւեռներից մեկի հետնաբակի ինչ-որ անկյունում, լավագույն դեպքում՝ հետնաբակի կենտրոնական հատվածում ծվարել: Իհարկե, ԵՏՄ-ում կան երկրներ, որոնք կարող են այլ միավորումների մեջ ներառվելու հույսեր ունենալով, ցանկանան այդ ուղղությամբ գնալ: Սակայն անգամ այդ պարագայում ինքնուրույն բեւեռ դառնալու հավակնություն չեն կարող ունենալ: Բեւեռ լինելու համար այդ դիրքը պետք է ապահովվի նաեւ ռազմական համապատասխան մակարդակով, այդ թվում՝ միջուկային զինանոցով՝ մյուս բեւեռների անխուսափելի սպառնալիքներին դիմակայելու համար: Այսինքն, եթե օրինակ, ԵՏՄ անդամ Ղազախստանը նախընտրի թյուրքական ուղղությունը, լավագույն դեպքում կհավակնի «երկրորդ խմբի խաղացողի» ֆունկցիայի, իսկ ԵՏՄ-ի պարագայում՝ առաջին: Ըստ էության, հենց սա է դրված Պուտինի առաջարկի հիմքում:
Իհարկե, կա նաեւ այն հարցը, թե ԵՏՄ-ն ինքնուրույն բեւեռի ձգտելու պոտենցիալ ունի՞: Առավել եւս, այս պահին, երբ Ռուսաստանը փաստացի պատերազմի մեջ է ողջ Արեւմուտքի դեմ: Սակայն փաստն այն է, որ այդ պատերազմում Ռուսաստանն այս պահին էլ հաղթողի դիրքում է, թեեւ իր պոտենցիալի հիմնական մասը դեռ չի կիրառել:
Թե խորքային իմաստով որն է ՌԴ նախագահի այս ուղերձի իմաստը, դրա տակ կա՞ արդյոք ինտեգրացիայի ամենաբարձր մակարդակին անցնելու տեսլական, էլի շատ կարեւոր հարց է, բայց այլ խոսակցության թեմա: Այս պահին, կրկնենք, դեռ հասկանալ է պետք՝ ինչո՞ւ ԵՏՄ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձը ներկայացվեց ոչ թե անձամբ այդ ղեկավարներին, այլ՝ հրապարակավ:
Ասենք, այստեղ էլ, թերեւս, ինչ-որ բարդ բան չկա: Եթե հրապարակավ, ապա նշանակում է, որ հասցեատերը ոչ միայն ԵՏՄ երկրների ղեկավարներն են, այլ հենց ԵՏՄ երկրները: Այսինքն, առաջարկն ուղղված է ամեն մի քաղաքացու՝ որոշեք, ո՞ր ուղղությունն եք նախապատվելի համարում: Միգուցե նաեւ հաշվի առնելով, որ միայն ԵՏՄ երկրների գործնականում բոլոր ղեկավարներն արդեն իսկ իրենց մոտեցումները Ռուսաստանի եւ նրա ինտեգրացիոն մեխանիզմների մասով բավականին պարզ ի ցույց դրել են:
Արդյունքում, որ սա Հայաստանի համար մի վերջին շանս է, հասկանալի է: Բայց…
ՈՒ Ի՞ՆՉ ԵՆ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ
Հայաստանի գործող իշխանություններն աշխարհաքաղաքական վեկտորի շրջադարձի բացահայտ նշաններ են ի ցույց դնում: Սկսած ՀԱՊԿ-ի ուղղությամբ դեմարշներից, վերջացրած ՀԱՊԿ-ի փոխարեն ինչ-որ անհասկանալի «եվրոպական դիտորդներ» Հայաստանի սահմաններ բերելու ծրագրերով, արեւմտյան եւ թուրքական ուղղություններով տարաբնույթ խաղերով: Ճիշտ է, միաժամանակ դեռ ուղիղ տեքստով ռուսական վեկտորից հրաժարվելու մասին չեն խոսում, սակայն հասկանալի է, որ այս զարգացումները, եթե պահպանեն, հենց դրան էլ տանելու են:
Ասվածի հերթական դետալները կարելի է համարել Նիկոլի ԱԳ նախարար Միրզոյան Արարատի այցը Բրյուսել՝ դաշնակից համարվող ՌԴ-ին փաստացի թշնամի երկու կառույցում՝ Եվրոպական խորհրդարանում ելույթի, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, ապա նաեւ եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպելու համար:
Եվրոպական խորհրդարանում, իհարկե, Ալիեւի հասցեին անգամ ամենաճոխ հայտարարությունները հնչեցին: Ընդհուպ առաջարկ, թե պետք է հրաժարվել ադրբեջանական գազից եւ պատժամիջոցներ կիրառել: Գեղեցիկ է հնչում, միայն թե գործնականում այդ պահանջները կյանքի կկոչվե՞ն. էս գլխից կարելի է ասել, որ բացառված է:
Այս ամենի փոխարեն, թե իրականում ինչի է ձգտում Եվրոպան, իհարկե, ոչ առանց ամերիկյան «տանիքի», երեկվա եվրախորհրդարանական շոուի փոխարեն շատ ավելի պարզ ի ցույց դրեց եվրոպական մեկ այլ ներկայացուցիչ՝ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Նա Հայաստան այցի շեմին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Վերադարձ Երեւան՝ մեկօրյա հանդիպումների: Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, եւ պետք է շտապ լուծումներ գտնել: Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ հետագա ուղիները բացահայտելու համար…»: Ու այստեղ շատ պարզ հարց՝ տեսնես ԵՄ-ի ներկայացուցիչը Հայաստանում ի՞նչ է պատրաստվում քննարկել եւ ո՞ւմ հետ, որ նպաստի Լաչինի միջանցքը բացելուն: Հիշեցնենք՝ նիկոլյան Հայաստանը հայտարարել է Լաչինի միջանցքի հետ որեւէ առնչություն չունենալու մասին: Գումարած, միջանցքը Ադրբեջանն է փակել, իսկ ռուս խաղաղապահներն էլ բացել պարտադրելու որեւէ լծակ չունեն: Այսինքն, եթե Եվրոպան, ի դեմս իր հատուկ ներկայացուցչի, Երեւանի փոխարեն պետք է Բաքու մեկնեն՝ Ալիեւին համոզելու կամ Եվրոպական խորհրդարանում հնչած հիշատակված ճոխ ելույթները մեջբերելով՝ սպառնալու, թե միջանցքը բաց:
Բայց եթե դրա փոխարեն գալիս են Լաչինի միջանցքի հարցը այդ միջանցքից հրաժարված Հայաստանի հետ քննարկելու, ապա դա այլ միտք է առաջ բերում: Որ փորձում են Հայաստանում առաջ տանել ինչ-որ զիջողական քայլեր, որոնք հաշվի առնելով, Ալիեւը միջանցքը կբացի: Ասենք, պարոն Տոյվոն այդ մասին նաեւ ակնարկում է՝ իր գրառումն ավարտելով այս մտքով. «Եվրամիության նպատակը մնում է համապարփակ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը»: Իսկ թե որն է եվրոպական այդ ծրագիրը, հայտնի բան է՝ «Պրահայի պայմանավորվածություններ» կոչված սցենարը ստորագրել-վերջացնելը: Բայց այստեղ էլ «անհասկանալի» պահեր կան. չէ՞ որ օրերս Նիկոլը հայտարարեց, թե պատրաստ է «Պրահայի պայմանավորվածությունների» հիման վրա պայմանագիր ստորագրել: Դրանից հետո էլ ի՞նչ են եվրոպացիները նրա հետ քննարկելու: Էլ չասած, թե այս պարագայում ինչի՞ց է Միրզոյանը խոսելու ՆԱՏՕ-ի ղեկավարի հետ:
Սակայն, չնայած «Պրահայի պայմանավորվածությունների» հետ կապված Նիկոլի այդ հայտարարության, նախօրեին Միրզոյանը մի փոքր այլ բան հայտարարեց՝ կապված Թուրքիայի ԱԳ նախարարի այն հրապարակային հույսերի հետ, թե՝ Հայաստանը կներգրավվի արեւելք-արեւմուտք տարածաշրջանային մեխանիզմներին՝ համագործակցելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի հետ, Միրզոյանն ասաց. «Հայաստանը միանշանակ շահագրգռված է թե՛ տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակմամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված սկզբունքներին համաձայն, թե՛ ավելի մեծ տրանսպորտային նախագծերի մաս կազմելու մեջ: Տեղյակ եք հավանաբար, որ հյուսիս-հարավ եւ արեւելք-արեւմուտք մեխանիզմների համադրմամբ ՀՀ կառավարության կողմից առաջ է քաշվել «Հայկական խաչմերուկ» նախագիծը…»:
Կարճ ասած, Արեւմուտքի համար ամենակարեւոր հարցերից մեկով, որով նախատեսում են կոմունիկացիոն գծերի անվան տակ Ռուսաստանին եւ Իրանին առանձնացնել, Նիկոլը դեռ «եւ-եւ» հարթությունում է: Դա, իհարկե, գալիս է այն բանից, որ ինչքան էլ որ նա սրում է հակառուսական տոնայնությունը, բայց նաեւ դեռ հասկանում է, որ գլոբալ իրավիճակը կարող է ամենեւին էլ Արեւմուտքի երազած տարբերակով չզարգանալ: Այսինքն, երբ անգամ Բորելն է իր ծայրահեղ հակառուսականության ֆոնին հրապարակավ հիշեցնում, որ ռուսներն արդեն կարողացել են նման իրավիճակում հասնել Փարիզ եւ Բեռլին, եւ դրանով կասկածի տակ է դնում ուկրաինական պատերազմում Արեւմուտքի միանշանակ հաղթանակի տեսլականը, ընդհակառակը՝ իր այդ համեմատություններով ավելի հավանական է համարում ռուսների հաջողությունը, ապա Նիկոլը, իհարկե, վախենալու տեղ ունի: Ի՞նչ կլինի, եթե հիմա վերջնականապես հրաժարվի ռուսներից, եւ նրանք հաղթող դուրս գան: Ու եթե վերջնականապես չի տեղափոխվում արեւմտյան դաշտ, դա նաեւ Ալիեւի համար է որոշակի արգելակներ միացնում:
Նման է, որ եվրոպացիները մի կողմից են շարունակում համոզել, թե պետք չէ վախենալ, ամերիկացիները՝ մյուս կողմից: Անգամ ՆԱՏՕ-ին են ներգրավել: Բայց երբ իր բրյուսելյան այցի շեմին Միրզոյանը առաջ էր տանում « հյուսիս-հարավ եւ արեւելք-արեւմուտք մեխանիզմների համադրման» գաղափարը, ապա դա ակնարկի է նման, որ գոնե այս պահին Նիկոլը դեռ վերջնականապես պատրաստ չէ բոլոր կամուրջներն այրելուն:
Առավել եւս, որ այս ամենին զուգահեռ, Պուտինն էլ իր հերթին է մատնանշում բոլորովին այլ հեռանկարների մասին:
Ու նորից ամեն բան մնում է կախված ուկրաինական պատերազմից…
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ