- 26/01/2023
Էրդողանը դեռ հաղթելու լուրջ շանսեր ունի
Ամեն դեպքում այն, որ Թուրքիայում մեկնարկած նախագահական ընտրությունները Էրդողանի հիմնական ուշադրությունը տեղափոխում են երկրի ներս (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=247130&l=am)՝ անցանկալի դարձնելով արտաքին հարթակներում կտրուկ քայլերը, սպասելի է:
Բանն այն է, որ Էրդողանին, ինչպես քանիցս նշելու առիթներ ունեցել ենք, սպասվում են ծանր ընտրություններ: Մի կողմից, մի քանի տարի շարունակ ԱՄՆ-ից եկող տնտեսական ճնշումները եւ դրանցով պայմանավորված՝ Թուրքիայի ներքին վիճակն է էապես նվազեցրել Էրդողանի վարկանիշը: Մյուս կողմից, նույն ամերիկացիները օգնում են թուրքական ընդդիմությանը, փորձելով վերջապես ազատվել ամերիկյան քաղաքականության ոտքերի տակ քանիցս «սապոն դրած» եւ բացարձակ ինքնուրույնության ձգտող Էրդողանից: Ըստ այդմ, թուրքական ընդդիմությունը եւս, հասկանալով, որ սա լուրջ շանս է, առավելագույնս համախմբվածության նշաններ է ցուցադրում: Առավել եւս, երբ ունեին վարկանիշային, անգամ Էրդողանին գերազանցող թեկնածուներ, ասել է թե՝ խաղի մեջ իմաստ տեսնում է: Վերջապես, թուրքական ընտրազանգվածի «անտարբերների» մի հսկա հատվածը, թեեւ քաղաքական առումով առանձնակի շահագրգռվածություն չունի, բայց արդեն հասցրել է մի լավ հոգնել Էրդողանից՝ նրա գերմարաթոնյան կառավարման պատճառով:
Արդյունքում, հունվարի կեսերի դրությամբ Էրդողանի վարկանիշը գնահատվում է 40-41 տոկոսի կարգի, որը նրա նվազագույն ցուցանիշներից է: Բանն այն է, որ 2018թ. ընտրություններում, սոցիոլոգիական 55-56 տոկոս վարկանիշի պարագայում Էրդողանին հաջողվեց հաղթել հազիվ 52 տոկոսով, ընդ որում, ամենատարբեր ռեսուրսների կիրառման պարագայում: Եվ ահա փորձագետներն այդ համեմատությամբ կարծում են, որ եթե առաջիկա 3-3.5 ամիսներին կտրուկ քայլեր չարվեն, ապա էս գլխից կարելի է Էրդողանին համարել պարտված: Նաեւ հաշվի առնելով, որ «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» ներկայացնող առնվազն երկու թեկնածու (դեռ պարզ չէ, թե ում կներկայացնեն)՝ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասին եւ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հաղթելու բոլոր շանսերն այս պահի դրությամբ ունեն:
Ընդ որում, պետք է նաեւ հաշվի առնել, որ ամերիկացիների ճնշումները շարունակվում են եւ կարող են անգամ բազմապատկվել: Բանն այն է, որ Էրդողանը վերջնականապես է տապալում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը, որին Վաշինգտոնում հազիվ թե անտարբեր նայեն: Գումարած հայտնի մնացած բախումային ուղղությունները, եւ դա տանում է այն մտքին, որ ԱՄՆ-ն ամեն բան կանի՝ առանց Էրդողանի Թուրքիա ունենալու եւ այն իր վերահսկողության տակ վերադարձնելու համար:
Եվ ահա, ինչպես եւ քանիցս ենթադրելու առիթ ունեցել ենք, հենց նման իրավիճակն է, որ Էրդողանին պարտադրում է՝ օգնություն ակնկալել Մոսկվայից եւ Թեհրանից: Ընդ որում, երկուսն էլ ունեն լուրջ հնարավորություններ՝ ազդելու Էրդողանի վարկանիշի ավելացման վրա: Նախ, տնտեսական այն գործարքները, որը Մոսկվան սկսել է Էրդողանի հետ (հացահատիկի ծրագիր, ռուբլիով էներգակիրների վաճառք եւ այլն), արդեն իսկ որոշակի էֆեկտիվություն ցուցաբերում են: Այսինքն, եթե այս պահին Էրդողանի վարկանիշը 40.8 տոկոս է, ապա դեկտեմբերին այն նկատելիորեն ավելի ցածր էր՝ 38.6, եւ այդ աճը բացառապես ռուսական այդ ծրագրերի արդյունքում Թուրքիայում տնտեսական անկումների մեղմումն է: Գումարած, եթե Թեհրանը շարունակի վերջին շաբաթներին նկատվող բարիդրացիական դինամիկան, որը ցուցաբերում է Անկարայի ուղղությամբ, այդ թվում՝ նախագահական մակարդակով այց կատարի Թուրքիա, դա եւս ռեալ էֆեկտ կարող է ունենալ: Թեկուզեւ Թուրքիայի փոքրաթիվ, բայց որոշակի զանգված կազմող շիաականներին Էրդողանի օգտին կողմնորոշելու իմաստով:
Այսպիսով, ռեալ շանսեր Էրդողանը դեռ ունի: Իհարկե, կա նաեւ այն հարցը, թե հաղթելու դեպքում նույն աշխարհաքաղաքական մոտեցումները նա որքանո՞վ կպահի: Բայց մյուս կողմից էլ ցանկացած այլ ուժ, որն իշխանության գա Թուրքիայում, գործելու է ամերիկյան դաշտում, եւ դա արդեն իսկ Մոսկվայի եւ Թեհրանի համար Էրդողանին աջակցության հարցում այլընտրանքի տեղ չի թողնում:
Ի դեպ, կհաղթի՞ Էրդողանը, թե` ոչ, Հայաստանի համար մեծ նշանակություն չունի: Թուրքիայիում ով էլ իշխի, մեկ է` «Թուրքը մնում է թուրք): Չնայած, Էրդողանը գոնե ամերիկյան հրահանգներով չի մտնում ռուսների դեմ պատերազմի մեջ, որը կնշանակի Հայաստանի վերջնական ոչնչացումը: Իսկ եթե նրան փոխարինելու գան ամերիկամետ տարրերը, ի՞նչ կանի Թուրքիան, դա արդեն մեծ հարց է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ