- 28/01/2023
Ուկրաինայում գլխավոր ճակատամարտը շատ մոտ է
Այսպիսով, այս ծայրահեղ բարդ եւ վտանգավոր իրավիճակում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=247333&l=am) ի՞նչ պատկեր է ուկրաինական ռազմաճակատներում, ի՞նչ շանսեր ունեն կողմերը:
Այս պահին ռուսական ուժերը ռազմաճակատային գրեթե ողջ պարամետրով հարձակումների մեջ են: Հիմնական հատվածներից՝ Լիման-Սեւերսկ ուղղությամբ ընթանում է Սեւերսկի շրջափակման գործընթացը եւ աճող հաջողությամբ: Մի փոքր ավելի հարավ՝ Սոլեդարի գրավումից հետո ակտիվ ընթացքի մեջ է Արտյոմովսկի (Բախմուտ) շրջափակման օպերացիան: Ընդ որում, կարեւորագույն ռազմավարական նշանակություն ունեցող Բախմուտն արդեն իսկ օպերատիվ շրջափակման վիճակում է, եւ հազիվ թե այս ճակատամարտը երկար տեւի: Մոտավորապես նույն պատկերն է Դոնեցկ քաղաքի հատվածում, որի դիմաց ուկրաինական ամենաամրացված կետերից մեկն է՝ Ավդեեւկան: Ու այս դեպքում եւս ակտիվ ընթացքի մեջ է այդ պաշտպանական գոտին շրջափակելու օպերացիան: Այս պահին Ավդեեւկայի գործնականում միակ մատակարարման ուղուց՝ նրա թիկունքում գտնվող Օռլովկա բնակավայրից ռուսական ուժերը մի քանի կիլոմետրի վրա են, ճանապարհներն արդեն կրակի տակ են: Դոնեցկ քաղաքից արեւմուտք ուկրաինական մեկ այլ հանգուցային պաշտպանական գոտի կա՝ Մարինկա-Ուգլեդար քաղաքները: Մարինկան գրավված է, իսկ նախօրեին ռուսական ուժերը մտան Ուգլեգար, եւ այս հատվածում եւս կա «կաթսայի» ստեղծման վտանգ: Ավելի արեւմուտք Զապորոժիեի ուղղությունն է, որտեղ եւս վերջին օրերին ռուսական ուժերը հարձակվում են:
Այս ամենին պետք է ավելացնել ողջ ճակատով մեկ գրեթե մշտական հրթիռահրետակոծությունները, ավիացիոն գրոհները, որոնք աստիճանաբար «մաղում» են ուկրաինական բանակը: Նաեւ կենսական համակարգերի ուղղությամբ շարունակվող գրոհները, այդ թվում՝ երեկվա հզոր հրթիռային հարձակումը:
Այսինքն, կա այն ընդհանուր տպավորությունը, որ ռուսական ուժերը բավականին բարենպաստ վիճակում են: Բայց այս ամենը դեռ պատերազմի վերջը չի որոշում: Ուկրաինայում համատարած մոբիլիզացիա է, կոպիտ ասած, ում բռնեցին, ուղարկում են պատերազմ, եւ այս միջոցով բանակի քանակական կազմը դեռ պահպանվում է: Գումարած արեւմտյան օգնությունը, որը եւս դեռ բավարար ծավալներով է: Շրջանառվում է նաեւ այն հիմնական վարկածը, որ նոր մատակարարումները, այդ թվում՝ տանկերը, կօգտագործվեն դեպի Ղրիմ ճեղքում իրականացնելու համար, թեեւ դրա հավանականությունը դժվար է մեծ գնահատել:
Մյուս կողմից, թեեւ ընթացիկ հարձակումներին, սակայն ակնհայտ է նաեւ, որ Ռուսաստանը եւս դեռ գլխավոր հարվածին չի անցել: Կան բավականին լուրջ կուտակումներ, այդ թվում նաեւ Բելառուսի տարածքում: Ակտիվ աճի մեջ է նաեւ ռազմական արդյունաբերությունը:
Կարճ ասած, գլխավոր ճակատամարտը առջեւում է, եւ այն, ըստ ամենայնի, արդեն շատ մոտ է:
Բայց մյուս կողմից էլ նախօրեին իրանական աղբյուրներից մեկն ուշագրավ լուր տարածեց: «Ռուսաստանը բանակցություններ է վարում Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկաթուղու կառուցման շուրջ, եւ վերջին հանդիպումներում Թեհրանում եւ Աստարայում (Գիլան նահանգ) երկու ռուս պաշտոնյաներ եկան եւ քննարկեցին երկաթուղային գիծը»: Իսկ ահա կից ներկայացված քարտեզում, որպես հիմնական ուղղություն է ներկայացված Իրանից Հայաստան հատող ուղին (տե՛ս քարտեզը):
Եվ սա դեռ ամենը չէ: Արեւմտյան աղբյուրներն իրենց հերթին տարածեցին պնդումներ, թե Ռուսաստանն Իրանին տրամադրում է 10-20 միջուկային մարտագխիկ, գումարած՝ Սու-35 ինքնաթիռներ, որոնց դիմաց կստանա փոքր հեռահարության հրթիռների բավարար խմբաքանակ:
Երկու լուրն էլ բավականին իրատեսական տեսք ունեն, առավել եւս, որ օրերս Իրանից լսվեց սպառնալիք, թե՝ դուրս կգա միջուկային զենքի չտարածման պայմանագրից: Այսինքն, այն տպավորությունն է, որ ՌԴ-ն ու Իրանը կտրուկ ամրացնում են հարավային ուղղությունը՝ այս հատվածում ավելորդ ցնցումներից խուսափելու համար: Իսկ ռազմական համագործակցության աճի եւ հրթիռների մատակարարման սցենարները, ինչ խոսք, իրենց էական ազդեցությունը կունենան ուկրաինական սպասվող գլխավոր ճակատամարտի վրա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ