- 01/02/2023
Երրորդ աշխարհամարտի կենտրոն կդառնա՞ մեր տարածաշրջանը
Այսպիսով, Իրանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակի թեման (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=247669&l=am), ի վերջո, հասնում է նրան, թե հնարավո՞ր է իրանա-իսրայելյան հակամարտության հիմքով հրահրել Երրորդ աշխարհամարտ: Թե՞ անգլոսաքսոնական վերնախավը մտածում է ընդամենը նման պատրանք ստեղծելով՝ Իրանին խաղից դուրս հանելու մասին:
Օրինակ՝ քաղաքագետ-ամերիկագետ Դմիտրի Եվստաֆիեւն այս վերջին իրադարձություններին մոտենում է հենց այդ՝ Իրանին խաղից դուրս հանելու փորձի տեսանկյունից՝ հասնելով նման եզրակացության. «Մենք առաջ միայն խոսում էինք համաշխարհային պատերազմից, ու աշխարհը լրիվ լիարժեք քայլ արեց դեպի այն:
Անգլոսաքսե՞րը: Այո, նրանք առաջնագծում են, բայց ոչ միայն նրանք: Իհարկե, եթե ես լիակատար դավադրության տեսաբան լինեի, կկապեի Իսրայելին` Իրանին պատասխան հարվածի դրդելու սադրանքը (եւ հետագայում ամեն ինչը) Կիմ Չեն Ընի քրոջ հայտարարության հետ, որ ԿԺԴՀ-ն եւ Ռուսաստանը նույն խրամատում են: Երբ չորս պետություններ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան եւ Իրանը, գտնվում են նույն խրամատում, իրավիճակը սկսում է բոլորովին այլ ձեւ ստանալ, քան 2022 թվականի փետրվարին եւ առավել եւս՝ 2021 թվականի դեկտեմբերին էր:
Ուստիեւ, Իրանին նոր կոալիցիայից դուրս մղելը շատ գրավիչ է: Սա հակաամերիկյան աշխարհի թույլ օղակն է, որը ահռելի ջանքեր է գործադրել թույլ չլինելու համար: Իսկ Իրանի վրա հարձակվելու ամերիկացիների համաձայնությունը (որեւէ մեկը կասկածո՞ւմ է դրան) խոստովանություն է, որ Իրանն այնքան թույլ չէ, որ կործանվի միայն ներսից: Իսկ ժամացույցը թրթռում է…
Բայց ես դավադրության տեսաբան չեմ: Պարզապես կասեմ, որ գրեթե միաժամանակ մի քանի ուժեր՝ Ռուսաստանը, Իրանը, ԱՄՆ-ը, Իսրայելը, Թուրքիան, Հնդկաստանը, քայլեր կատարեցին արտաքին քաղաքականության մեջ՝ ելնելով առաջին հերթին ներքաղաքական նկատառումներից: Այնքան անգամ է պատահել: Օրինակ, 1910-ականների կեսերին: Այո, սա «վերահսկվող քաոսի» փորձ է: Ոչ, սա դեռ «երկրորդ ճակատ» չէ Ռուսաստանի դեմ: Բայց դա արդեն շատ մոտ է դրան:
Բայց արդյոք ամերիկացիները կկարողանա՞ն կառավարել իրենց ստեղծած մեծ քաոսը, երբ այն այրվի «այրիչների» վրա, հարց է:
Հենց նրանք են՝ ամերիկացիները, ովքեր նույնիսկ առայժմ ձեռնպահ են մնում իրենց մեջ բրիտանացիներին ավելացնելուց, մոտալուտ մեծ քաոսի հայրերն են: Ստի եւ քաոսի հայրեր: Հիմա դա ակնհայտ է, կարծում եմ, արդեն բոլորի համար…»:
Կարճ ասած, ինչքան էլ որ այս ամենն ուղղված է Իրանին խաղից հանելուն, սակայն աշխարհն այն վիճակում է, որ այս ամենը կարող է տանել մեծ պայթյունի: Ամեն դեպքում, նաեւ հաշվի առնելով, որ Թեհրանն այս իրավիճակում ցույց տվեց, որ խաղից դուրս գալ մտքով անգամ չի անցկացնում, ավելին, գնում է Մոսկվայի հետ հարաբերությունների էլ ավելի խորացման: Օրինակ, այս հարվածներից հետո Իրանը եւ Ռուսաստանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ միացնելու իրենց բանկային հաղորդագրությունների համակարգերը (SWIFT-ի տարբերակով), որի միջոցով կհեշտացվեն ֆինանսական եւ բանկային փոխանակումները: Եվ դա երկկողմ հարաբերություններում շատ լուրջ քայլ է:
Մյուս կողմից, Իրանի պայթյունների ֆոնին հետաքրքիր հայտարարություններ լսվեցին Էրդողանից: Նախ, որ. «Իմ հարաբերությունները պարոն Պուտինի հետ հիմնված են ազնվության վրա», այսինքն՝ չի պատրաստվում Արեւմուտքի օրինակով խաբել նրան: Եվ երկրորդը, որ «Իրանը միանում է սիրիա-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին»: Սիրիայի հետ հարաբերությունների թեման այս պահին Էրդողանի համար մեծ կարեւորություն ունի, նա դրանով նախընտրական հարցեր է լուծում: Եվ եթե Իրանն այդ հարցում օգնում է Էրդողանին, ապա դա պարզ ակնարկ է, որ Թուրքիայի նախագահն իրեն ներկա հակաիրանական խաղից դուրս է դնում:
Շատ հետաքրքիր է, որ Էրդողանն այս մասին խոսում է հենց այն պահին, երբ Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունները մոտենում են «պլինտուսի մակարդակի»: Այս դեպքում մեկ այլ հարց է ծագում` իսկ իրականում ո՞ւմ «փոքր եղբայրն» է Ադրբեջանը, Թուրքիայի՞, թե` Իսրայելի: Ընդ որում, ադրբեջանական դեսպանատան միջադեպի հետ կապված, Անկարայի ռեակցիան եւս զուսպ էր. թուրքերը միայն խնդրեցին, որ անցկացվի օբյեկտիվ քննություն, եւ իրենց տեղյակ պահեն մանրամասների մասին: Եվ այս իրավիճակում արդեն մտահոգվելու առիթ ունի Ալիեւը. առանց Էրդողանի անվերապահ օգնության կարո՞ղ է դիմանալ այս մեծ խաղում, որտեղ ստիպված է բախվել Իրանի եւ Ռուսաստանի հետ:
Այս ֆոնին, ուշագրավ է նաեւ Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հոսեյնի տեղեկատվությունը, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը դիմել է Իրաքի իշխանություններին` Իրանի Իսլամական Հանրապետության եւ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու խնդրանքով: Այսինքն, սունի իսլամական աշխարհը եւս պարզ հասկանում է, որ ընթացիկ գործընթացները կարող են տանել ողջ Մերձավոր Արեւելքի պայթյունի, եւ փորձում են Իրանի հետ միասին համագործակցված՝ չեզոքացնել այդ ռիսկերը:
Իսկ ահա այս իրավիճակում Իսրայելը ենթարկվում է ողջ իսլամական աշխարհի հետ հակամարտության ռիսկի, եւ մեծ հարց է, թե կցանկանա՞ շարունակել առաջ գնալ այդ ճանապարհով: Ճիշտ է, ունի միջուկային զենք: Բայց կա՞ երաշխիք, որ Իրանը չունի: Կամ միջուկային հարվածի դեպքում ի՞նչ կմնա տարածաշրջանից: Իսկ առանց դրա ի զորո՞ւ է կռվել Իրանի դեմ, եթե մյուս տարածաշրջանային ուժերը գոնե չեզոքություն պահեն:
Ու այս իրավիճակում հասկանալի է դառնում, որ ԱՄՆ-ն Պենտագոնի ղեկավարի փոխարեն պետքարտուղարին ուղարկեց Իսրայել. դիվանագիտությունը միակ հնարավոր տարբերակն է:
Այսինքն՝ ի՞նչ, Mi-6-ի օպերացիան մեծ հեռանկարներ չունի՞: Նման է դրան: Մնում է սպասենք Ալիեւի քայլին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ