- 02/02/2023
Իրանն ու Ադրբեջանը մտել են երկարաժամկետ թշնամանքի փուլ
Իրանը տեսականորեն հաստատված է համարում, որ նախօրեին Սպահանում իրանական ռազմական օբյեկտի վրա հարձակման թիկունքին կանգնած է Իսրայելը: Համեմատել են գրոհած անօդաչու թռչող սարքի մնացորդները 2019 թվականի օգոստոսի 25-ին Բեյրութից հարավ ընկած վթարից հետո լիբանանցի զինվորների գրաված իսրայելյան անօդաչուի մնացորդների հետ՝ հիմնավորելով, որ դրանք համարժեք են:
ԻՍՐԱՅԵԼԻ ԳՈՐԾՈՆԸ
Սա, հասկանալի է, դեռ վերջնական հաստատումը չէ: Այսինքն, իսրայելյան անօդաչուն կարող էր Իրանում հայտնվել երրորդ կողմի միջոցով. վաճառել են, ինչ-որ մեկը գնել եւ օգտագործել է: Սակայն Իրանում մեծ են համարում հավանականությունը, որ Իսրայելն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված է հարձակման մեջ: Նաեւ այն առումով, որ եթե անգամ գործողությունն իրականացրել են իրանական ներքին ինչ-որ ուժեր, ապա բազմիցս է հիմնավորվել, որ այդ ուժերը գտնվում են իսրայելյան եւ բրիտանական հետախուզությունների, ինչպես նաեւ սերտորեն համագործակցում են Ադրբեջանի հետ: Գումարելով այս ամենին նաեւ փաստը, որ Ադրբեջանը միանգամայն մտացածին պատրվակով հանեց իր դեսպանատունն Իրանից, Թեհրանի փորձագիտական հանրության մոտ առաջնային պլան է եկել այն տեսլականը, որ այս ամբողջական գործընթացում գործ ունեն առաջին հերթին այդ երեք երկրների՝ Իսրայելի, Բրիտանիայի եւ, որպես ավելի ներքեւի օղակ, նաեւ Ադրբեջանի հետ:
Մյուս կողմից էլ, պաշտոնական Թեհրանից չուշացավ նախազգուշացումը, որ իրենց նկատմամբ ագրեսիայի դեպքում պատասխանն անխուսափելի է: Եվ դա, իհարկե, պարզ հասկանում են նաեւ Իսրայելում: Ամեն դեպքում, թեեւ պետքարտուղար Բլինքենը շտապեց Թել Ավիվ, ըստ ամենայնի, ծայրահեղ սրացումները բացառելու համար, սակայն ԱՄՆ-ի մյուս քայլերը գալիս են հուշելու, որ նման զարգացումներն ամենեւին էլ չեն բացառվում: Այսպես, Իրանում հարձակումներից շատ չանցած, ամերիկյան ռազմատրանսպորտային ավիացիան մի շարք թռիչքներ իրականացրեց դեպի Իսրայել: Փորձագիտական նախնական տվյալներով, Իսրայել է ժամանել 7 բեռնատար Քաթարից, 5-ը՝ Թուրքիայից, 4-ը՝ Չիկագոյից եւ այլն: Փորձագետները ենթադրում են նաեւ, որ դրանք ներկրել են 1000 կմ-ից ավել հեռահարությամբ «ցամաք-ցամաք» դասին, ինչպես նաեւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռներ, հրթիռային ռադիոտեղորոշիչ համակարգեր եւ այլն: Միաժամանակ կա նաեւ լուր, որ Իսրայելն էլ իր հերթին արագորեն Ուկրաինայից հետ է կանչել իր բանակի 538 հրահանգիչների, որոնք ուկրաինական զինվորներին վարժեցնելուց զատ, նաեւ տեղում ուսումնասիրում էին իրանական անօդաչու թռչող սարքերի հետ պայքարելու հնարավոր մարտավարությունը:
Այս դետալները հուշում են, որ գոնե Թել Ավիվն ու Վաշինգտոնը տեսնում են Իրանի եւ Իսրայելի միջեւ հրթիռների եւ անօդաչուների հարվածների փոխանակման վտանգ, սակայն դրանով հանդերձ, ցամաքային բախումների հավանականությունը ավելի փոքր է: Բանն այն է, որ ծովից Իրան ներխուժման հավանականությունը մասնագետներն անլուրջ են համարում, հաշվի առնելով իրանական հիպերձայնային հրթիռների փաստը, որոնց դեմ անզոր կլինեն ծովային բոլոր ՀՕՊ համակարգերը: Ցամաքից ներխուժման համար Իրաքն արդեն հայտարարել է, որ չի դառնա պլացդարմ, եւ ենթադրելի է, որ նույն մոտեցումը կցուցաբերի նաեւ Թուրքիան:
Բայց կա նաեւ վերջին տարբերակը՝ Ադրբեջանի հարավային հատվածի եւ Նախիջեւանի օգտագործումը, եւ չեզոք փորձագետներն այդ տարբերակն ամենեւին էլ չեն բացառում: Իհարկե, հաշվի առնելով նաեւ այն ֆունկցիան, որ այս ամբողջ պատմության մեջ ի ցույց դրեց Ադրբեջանը: Այդ թվում, դեսպանատան տարհանումը, որը նույն մասնագետները հակված են նաեւ համարել նախապատերազմյան նախապատրաստական քայլ:
ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՓԱՇԱԶԱԴԵՆ
Այսպիսով, իրատեսակա՞ն է Իրանի դեմ արշավն ադրբեջանական թատերաբեմից: Նախօրեին այդ տարբերակի հավանականության օգտին արտահայտվեց միջազգայնագետ, ամերիկյան իրողություններից քաջատեղյակ Սուրեն Սարգսյանը: «Մի մոռացեք պետքարտուղարության այն հայտարարությունը, որ եթե Իրան-Ադրբեջան ռազմական բախում լինի, ապա ԱՄՆ-ն Ադրբեջանի կողքին է կանգնելու: Այսինքն, Իրանին պատերազմական գործողությունների մեջ ներքաշելու լավագույն միջոցներից մեկը դիտարկվում է Ադրբեջանը…»,- նշում է քաղաքագետը: Ապա նա նաեւ դետալավորեց. «Մոտավորապես պարզ է չէ՞, թե որտեղ եւ ինչ սցենարով է տեղի ունենալու Իրան-Ադրբեջան (Թուրքիա)-Իսրայել հնարավոր բախումը: Նախիջեւան-Սյունիք-ԼՂ օկուպացված տարածքներում: Այլ կարծիքներ կա՞ն»:
Իհարկե, սա միանգամայն հնարավոր տարբերակներից է, առավել եւս, երբ հաշվի ենք առնում, որ Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն սրել հակաիրանական հռետորաբանությունը, ընդհուպ՝ դրան կրոնական երանգ տալու փորձերով: Այս տեսանկյունից, իհարկե, պատահական չի կարող լինել նաեւ նախօրեին Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունը: Փաշազադեն, ով մինչ այդ պնդում էր, որ «Իրանը եղբայր է Ադրբեջանի համար», հանկարծ կտրուկ փոխեց մոտեցումը՝ հայտարարելով. «Մենք դատապարտում ենք Իրանում Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը: Այսօր իրենց ցավակցություններն են հայտնել մեր երկրի բոլոր կրոնների ներկայացուցիչները: Սա վկայում է Ադրբեջանում հանդուրժողականության եւ ազգային միասնության առկայության մասին: Իրանից նահատակ ենք բերել, որը եղբայրական ենք համարել: Հիմա մենք գիտենք, որ նրանք մեր եղբայրները չեն, նրանք Հայաստանի եղբայրներն են: Ինչպես հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը, տեղի ունեցած իրադարձությունը ահաբեկչություն է… Իրանում մոտ 40 միլիոն ադրբեջանցիներ ռեժիմի գերի են»:
Դեռ մի կողմ թողնենք հարցը, թե ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը, նկատենք, որ այսպիսով Փաշազադեն միտք է փորձում ներշնչել: Նախ, թե իբր Ադրբեջանում կա «ազգային միասնություն» եւ դրա տակ, իհարկե, հասկանում է նաեւ կրոնական միասնություն: Դրանով էլ, իհարկե, փորձում է առաջ տանել այն միտքը, որ Ադրբեջանի շիա-մահմեդական մեծամասնությունն ամենեւին էլ շիա-իսլամի առաջնորդ Իրանի հոգեւոր ենթակայության տակ չեն, այլ իր ու Ալիեւի: Եվ երկրորդը, որ նաեւ «Իրանի մոտ 40 միլիոն ադրբեջանցիները» պետք է այդ ուղղությամբ առաջնորդվեն, ընդ որում՝ դեմ դուրս գալով իրանական շիա-իսլամի առաջնորդներին: Հայաստանն այստեղ կապ չունի, պարզապես «նրանք Հայաստանի եղբայրներն են» տրամաբանությամբ Փաշազադեն փորձում է իր այդ գաղափարների համար կրոնական հիմք սարքել:
Իրականում իրեն Կովկասի մահմեդականների առաջնորդ համարող Ալլահշուքյուրը, ով տարիներ առաջ արհեստականորեն նման ֆունկցիա է իրեն վերագրել, անգամ Ադրբեջանի մուսուլմանների առաջնորդ չէ: Այդ երկրի ոչ ադրբեջանցի շիաական զանգվածները կրոնական առումով իրենց գերագույն իշխանություն են ճանաչում Թեհրանին: Փաշազադեն էլ, հասկանալի է, նման հայտարարություններն անում է Ալիեւի հրահանգով, եւ հենց սա է այստեղ ամենակարեւոր դետալը: Այսինքն, Ալիեւը սրանով մի կողմից ցույց է տալիս, որ շարունակում է Իրանի հետ սուր հակամարտությունը: Բայց մյուս կողմից էլ, իհարկե, հասկանում է, որ անգամ սեփական երկրի, էլ ուր մնաց՝ Իրանի 40 միլիոն «ադրբեջանցիներին» Թեհրանի «ռեժիմի» դեմ հանելու շանսերը քիչ են: Դիմել է Փաշազադեի օգնությանը, բայց նաեւ, ըստ ամենայնի, ներքուստ վստահ լինելով, որ դա լուրջ չէ. Փաշազադեի կոչով չէ, որ շիա-իսլամական աշխարհը կարող է դեմ դուրս գալ իր իրական հոգեւոր առաջնորդներին: Իսկ հակառակը կարող է լինել. քիչ չեն օրինակները, որ Ադրբեջանի հարավային շիաական ժողովուրդները, որոնք սերտ կապերի մեջ են Թեհրանի հետ, կտրուկ դեմ են դուրս եկել Բաքվին:
Ու երբ չնայած այս իրողություններին, Ալիեւը հրահրում եւ շարունակում է Իրանի հետ սուր հակասությունները, դա, իհարկե, վկայում է երկու բանի մասին: Նա կարծում է, որ համապատասխան թիկունք ունի՝ ի դեմս Իսրայել-ԱՄՆ-ՆԱՏՕ ուղղության, եւ երկրորդը, որ մեծ ախորժակ է փայփայում Իրանի ուղղությամբ: Ընդ որում, այս երկրորդ դետալը նաեւ Իրանում են պարզ գիտակցում: Օրինակ, իրանական քաղաքական փորձագետ Էհսան Մովախեդյանը ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Թեհրանում դեսպանատունը փակելով, Ալիեւը պահել է Թավրիզի հյուպատոսարանը՝ մեկնաբանելով. «Բաքուն ասում է, որ Իրանում անվտանգ չէ, բայց բաց է պահում իր հյուպատոսությունը Թավրիզում: Ինչո՞ւ: Նպատակը Իրանի հետ հարաբերությունները շարունակելը չէ, պատճառն այն է, որ Բաքուն հավակնում է Թավրիզի սեփականությանը եւ կոպիտ կերպով այն չի համարում Իրանի մաս»: Այսինքն, որ դրանով Ալիեւը ցանկանում է ասել, որ Թավրիզը ադրբեջանական քաղաք է, եւ իրենք մնալու են այստեղ:
Սա, ի դեպ, Հայաստանի (Նիկոլին նկատի չունենք) համար առավել քան ձեռնտու իրավիճակ է: Այսինքն, Իրան-Ադրբեջան հարաբերությունները մտնում են մի այնպիսի երկարաժամկետ թշնամանքի փուլ, որի վերջնարդյունքը կարող է դառնալ կա՛մ Իրանի, կա՛մ Ալիեւի եւ նրա քաղաքական կուրսի ոչնչացումը: Ու այս իրավիճակից Հայաստանը կարող է եւ պետք է կարողանա օգտվել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ