- 08/02/2023
Ո՞ւմ օգտին է խաղում Նիկոլը` արգելափակելով ՀԱՊԿ ուժերի տեղակայումը
Վերջին օրերին այդպես էլ չեն հանդարտվում կրքերը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտնի հայտարարության հետ կապված: Հիշեցնենք, «Ռոսսիա 24» հեռուստաալիքի եթերում Լավրովը մասնավորապես նման միտք հնչեցրեց. «Ղարաբաղյան հակամարտության պատմությունը տասնամյակների խորքն է գնում: Հայաստանը երկար-երկար տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները… Ամեն դեպքում, այո՝ Ադրբեջանը վերադարձրեց այն հողերը, որոնք իրեն էին պատկանում»:
ԻՆՉ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ «ՉՏԵՍՆԵԼ» ՄԵՐ ԱՐԵՎՄՏԱՄՈԼՆԵՐԸ
Անմիջապես էլ հայաստանյան իշխանական եւ արեւմտամոլ շրջանակները էյֆորիկ վիճակում հայտնվեցին, թե սա էլ բարեկամ Ռուսաստանը, որը օկուպացված է համարում հայտնի 7 շրջանները: Միայն թե այստեղ մեկ պարզ հարց կա՝ իսկ այդ ե՞րբ չէր համարում: Ճիշտ է, խուսափում էր «օկուպացված» տերմինն օգտագործել, բայց երբ արցախյան կարգավորմանը միտված բոլոր փաստաթղթերում, այդ թվում՝ այսպես կոչված «Լավրովի պլանում» խոսվում էր 7 շրջանի վերադարձի մասին, իմաստը հենց նույնը չէ՞ր, որ մասնավորապես Ռուսաստանն այդ 7 շրջանը առնվազն Հայաստանինը կամ հայությանը չէր համարում:
Մյուս կողմից էլ, այս հայտարարության հետ կապված, աղմկողները որոշ պարզ փաստերի մասին են «մոռանում»: Նախ, օկուպացված էին այդ 7 շրջանները, թե՝ ոչ, արդեն քննարկելը ժամանակավրեպ է. հիմա ունենք բոլորովին այլ իրողություն: Հաջորդը, այդ «օկուպացված տարածքների» մասին միտքը հատկապես իշխանամերձ աղբյուրները կտրել են Լավրովի ընդհանուր խոսքից, որի շարունակության մեջ մեկ այլ փաստ է ընդգծված, թե ինչպես Նիկոլն ու Ալիեւը, Եվրամիության քավորությամբ, Պրահայում փաստաթուղթ ստորագրեցին, որով 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրում շարադրված պայմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելու պատրաստակամություն են հայտնել: Հիշատակված փաստաթղթի համաձայն՝ նորանկախ պետությունների միջեւ սահմաններն անցնելու են խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով, ավելորդ անգամ պարզաբանեց Լավրովը՝ ավելացնելով. «Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը: Մեզ համար մի տեսակ դժվար է նույնիսկ կողմնորոշվել հետագա քայլերում»: Իսկ թե ինչ է բխում Նիկոլի կողմից նման փաստաթուղթ ստորագրելուց, միանշանակ է. եթե Նիկոլն օրինական է համարում Ալմա-Աթայի հռչակագրով սահմանագծումը, ապա դրանով նա ոչ միայն 7 շրջանները, այլ նաեւ Արցախն է համարում Ադրբեջանի մաս: Եվ քանի որ մոտ 3 տասնամյակ հայկական ուժերը գտնվել են այդտեղ, ապա նիկոլյան փաստաթղթի տրամաբանությամբ, «օկուպացրել» են ոչ միայն 7 շրջանները, այլ նաեւ՝ Արցախը: Ու դրանից հետո դեռ Լավրովի՞ց ու Ռուսաստանի՞ց են բողոքում, որի համար «մի տեսակ դժվար է նույնիսկ կողմնորոշվել հետագա քայլերում»: Ընդ որում, դա միայն մեկ բացատրություն կարող է ունենալ: Այսինքն, եթե Ռուսաստանը եւս հիմք ընդուներ Ալմա-Աթայի հռչակագիրը, հիմա կողմնորոշվելու հարցում որեւէ դժվարություն չէր ունենա: Ու հակառակը. եթե «դժվար է նույնիսկ կողմնորոշվել», ապա դա մեկ բան է նշանակում՝ Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք չի համարում, այն է՝ ասվածն Արցախի կարգավիճակի այլ տարբերակի մասին բացահայտ ակնարկ է՝ ի տարբերություն Նիկոլի:
Վերջապես, «օկուպացված 7 շրջանի» մասին միտքն առաջին պլան մղողները փորձում են Լավրովի հայտարարության ամենակարեւոր, միանգամայն արդիական եւ գործնական մտքից ուշադրություն շեղել: Հայտարարության հիմնական իմաստը ոչ թե պատմական էքսկուրսն էր, այլ ՀԱՊԿ-ի գործողությունները՝ անդամ երկրներին օգնելու հարցում: Եվ այս համատեքստում էլ Լավրովը հնչեցրեց մեզ համար ամենակարեւոր միտքը՝ Հայաստանին ՀԱՊԿ-ի օգնության հայտնի եւ արդեն ամիսներ շարունակ օրակարգում գտնվող խնդրի հետ կապված: Այն է՝ ըստ Լավրովի, Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայել Ռուսաստանի համար այս պահին էլ արդիական է: «Առաջարկը դեռ սեղանին է: Եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ հետաքրքրված են դրանում, այս առաքելությունը կարող է տեղակայվել բառացիորեն մեկ կամ երկու օրվա ընթացքում»,- հայտարարեց նա: Ապա նաեւ մանրամասնեց. «Այդ պլանը պատրաստվել է բավականին վաղուց, բայց հայկական կողմը մեզ չի շտապեցրել: Երեւանի գագաթաժողովում մենք վերջնական տեսքի բերեցինք համապատասխան որոշման տեքստը, սակայն հայ գործընկերներն ասացին, որ այդ որոշումն իրենց պետք կգա միայն այն դեպքում, եթե դրանում կտրականապես դատապարտեն Ադրբեջանին »: Սակայն՝ «Ոչ բոլորն էին պատրաստ կատարել Հայաստանի իշխանությունների պահանջը», քանի որ դա արդեն ոչ թե ռազմական, այլ՝ քաղաքական մոտեցում է:
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵ՞ՏՔ Է ՀԱՊԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Այսպիսով, նորից գալիս ենք այն խնդրին, որ Հայաստանը համառորեն հնարավորություն չի տալիս ՀԱՊԿ առաքելությանը՝ կատարել այն կոնկրետ ռազմական խնդիրը, որի համար, չմոռանանք, հենց Հայաստանն էր դիմել ՀԱՊԿ-ին: Ընդ որում, դեռ անցած տարվա սեպտեմբերի 14-ին Նիկոլը պաշտոնապես հայտարարեց, որ ՀԱՊԿ-ին դիմել են կազմակերպության 4-րդ հոդվածով՝ մանրամասնելով. « 4-րդ հոդվածը սահմանում է, որ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ: ՀԱՊԿ-ից Հայաստանը խնդրել է օգնություն, այդ թվում` ռազմական՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ-ի դուրսբերումն ապահովելու համար»: Ճիշտ է, նա նաեւ հայտարարեց, թե ՀԱՊԿ-ից ակնկալում են ոչ միայն ռազմական, այլեւ դիվանագիտական աջակցություն, սակայն միաժամանակ հասկանալի էր, որ դա այլ դաշտում է եւ որեւէ կապ չունի 4-րդ հոդվածի հետ:
Բայց ահա դրան հաջորդեց «տարօրինակությունների» շարանը, որը, դատելով Լավրովի հայտարարությունից, այս պահին էլ դեռ շարունակվում է: Այն է՝ թեեւ ռազմական օգնության առաջարկի «պլանը պատրաստվել է բավականին վաղուց», սակայն ամիսներ են անցել, եւ Նիկոլը դեռ այն չի ընդունում եւ ի սկզբանե էլ անտարբերություն է ցուցաբերել: Պատճառաբանությունը հայտնի է՝ պահանջում է քաղաքական գնահատական, որը, կրկնենք, այլ թեմա է եւ բուն դիմումի ու 4-րդ հոդվածի հետ որեւէ կապ չունի: Այսինքն, կարելի է կոնկրետ այդ օգնությունն ընդունել, 1-2 օրում խաղաղապահ առաքելությունը տեղակայել (որը «վերջնական տեսքի է բերվել», այսինքն՝ նաեւ Հայաստանի համար է մեխանիզմների մասով ընդունելի եղել), ապա շարունակել քաղաքական մասով քննարկումները: Բայց ոչ, առաջարկը դեռ «սեղանին է», սակայն որեւէ շարժ չկա: Ու դա այն դեպքում, երբ վերջերս ՌԴ-ում Հայաստանը ներկայացնող նիկոլյան դեսպան Վաղարշակն իր հերթին հայտարարեց, թե Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության տեղակայումից: Բայց փոխարենը, ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների խորհրդակցությանը մասնակցելու համար օրերս ՌԴ-ում էր ՀՀ ԱԺ-ի պատվիրակությունը, որը եւս, ըստ տարածված լուրերի, նույն՝ «քաղաքական գնահատական» պատճառաբանությամբ կրկին մերժել է առաքելության տեղակայման առաջարկը: Ու երբ այս ամենին հաջորդեց Լավրովի հայտարարությունը՝ «օկուպացիա» տերմինով հանդերձ, ապա դա ավելորդ անգամ հուշում է նիկոլյան այս «տարօրինակ» խաղերի մասին Մոսկվայի աճող դժգոհության մասին:
Հաշվի առնելով, որ այս ամբողջ պատմությունը նաեւ մեկ այլ ենթատեքստ ունի: Այսինքն, իրականում Հայաստանին պե՞տք է այդ առաքելությունը, ի՞նչ է այն տալու: Այդ հարցը, չնայած, ավելորդ է դառնում, հաշվի առնելով, որ խոսքը այն մասին է, որ նման երկարաժամկետ առաքելության առկայության պարագայում Ալիեւը պետք է շատ երկար մտածի՝ Հայաստանի սահմանների ուղղությամբ նոր ագրեսիայի դեպքում, դա միանշանակ է: Մոտավորապես այնպես, ինչպես Ալիեւի ռազմատենչությունը նվազեցնում է Արցախում տեղակայված առաքելությունը: Այսինքն, մասշտաբային հարձակումը կնշանակի հարձակում ոչ թե պարզապես Հայաստանի, այլ այնտեղ գտնվող ՀԱՊԿ դրոշի վրա, որը, իհարկե, առաջին հերթին հասկացվում է՝ որպես ռուսական դրոշ: Ի դեպ, Նիկոլը Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ զորավարժությունը չեղարկեց նման մի «բացատրությամբ»՝ կգան, կգնան, հետո մենք մենակ կմնանք ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ: Բայց ահա նրան նույն ՀԱՊԿ-ի անունից առաջարկում են՝ գալ եւ երկար ժամանակով մնալ, ու էլի համառորեն մերժում է:
Ամեն դեպքում, երբ Լավրովը ՀԱՊԿ ուժերի թեման հերթական անգամ օրակարգ բերեց, ապա դժվար չէ կռահել, որ դա մի կողմից էլ Բաքուն կարող է իրեն ուղղված մեսիջ համարել: Այն իմաստով, որ թեեւ Նիկոլը դեռ դեմ է, բայց կկարողանա՞ երկար դիմադրել, եթե, օրինակ, Ուկրաինայում իրավիճակի արմատական փոփոխություն լինի:
Ուրեմն, այս իրավիճակում Հայաստանին (նաեւ Արցախին) պե՞տք է, որ սահմաններին ՀԱՊԿ առաքելությունը գործի. միանշանակ: Իսկ Ադրբեջանին պե՞տք է. սա էլ միանշանակ, բայց՝ ոչ, ու որեւէ մեկը կարո՞ղ է հակաճառել, որ նույն բանը նաեւ Արեւմուտքը չի ցանկանում:
Եվ գալիս ենք ամենապարզ հարցին՝ իսկ ո՞ւմ օգտին է գործում Նիկոլը՝ նման անիմաստ պատճառաբանությամբ արգելափակելով ՀԱՊԿ առաքելության տեղակայումը Հայաստանի սահմանին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ