- 12/02/2023
Նիկոլը ռուսների վրա եվրոպական «ժուչոկներ է դնում»
Բայց որ Նիկոլը հասկանում է իր արածի` ռուսներին բացահայտ թշնամություն հայտարարած եվրոպացիներին Հայաստանում տեղավորելու հետեւանքները (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=248547&l=am), այդ թվում՝ իր հանդեպ հետագա քաղաքականության տեսանկյունից, հուշեց նախօրեին ԱԺ-ում նրա «արդարացում» ելույթը:
«Թեմայի հետ կապված՝ բազմաթիվ թյուրըմբռնումներ կան»,- սկսեց Նիկոլը, փորձելով նաեւ ռուսներին «թյուրըմբռումներով» համոզել, թե ինչու ՀԱՊԿ դիտորդներին չի թողնում, իսկ ԵՄ դիտորդներին՝ թողնում է գալ Հայաստան: Բայց դրանով արդեն իսկ «ունքը շտկելու փոխարեն աչքը հանեց:
Այսինքն, ըստ նրա, ամբողջ խնդիրն այն է, որ ռուսները չեն ասում, թե որն է «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում», իսկ ահա եվրոպացիներն ասել են: Այսինքն, որ. «Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն հստակ գծագրել է, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ ու համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն՝ իրենք ասել են՝ մեր պատկերացմամբ Հայաստանի քարտեզը սա է, կամ մենք ենք ասել, իրենք էլ հաստատել են: Իրենք գալիս են այդ տարածքը դիտելու, մոնիտորինգ անելու»:
Եթե մի պահ ընդունենք, որ լուրջ է ասում, եւ սրա տակ հերթական «կրուտիտը» դրված չէ, էլ ավելի վատ Հայաստան կոչվածի համար. էս խելքո՞վ են երկիր ղեկավարում: Ուրեմն, Պրահայի այդ հանդիպման «քավոր-քավորակինը»՝ Մակրոնը եւ Շառլ Միշե՞լն են «ասել», թե գիտե՞ս Հայաստան, այ, սա է քո սահմանը, ու Նիկոլն էլ դա հիմք է համարել եւ եվրոպացիներին այդ սահմաններն է բերում՝ սեփական դաշնակիցներին մերժելով, ու ավելի կոնկրետ՝ միակ ռեալ դաշնակցիդ հետ հարաբերություններդ ծայրահեղ վատթարացնելով:
Նիկոլի միայն այդ միտքը բավական է հասկանալու համար, թե նա ում օգտին եւ ինչ խաղերի մեջ է, բայց հետագա շարադրանքներում ավելի հետաքրքիր բաներ էլ կան:
Գիտեք, ասում է նա, եվրոպացիները սխալ պատկերացումներ ունեն մեր մասին, Ալիեւը նրանց համոզել է, թե «Հայաստանը, ՀՀ վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր են բերում եւ տեղակայում հայ-ադրբեջանական սահմանին, պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ… Իսկ ՌԴ-ում փորձ էր արվում ներկայացնել որպես արեւմտյան դավադրության մասնակից»: Ու քանի որ ռուսներն այստեղ ունեին ներկայացուցիչներ, իսկ «արեւմտյան մեր գործընկերները արդեն սկսել էին մեզ խեթ նայել», մենք էլ ասացինք՝ «Շատ լավ, դուք եկեք տեղում դիտարկեք, տեսեք այդ ամենը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՝ ոչ»:
Սա, իհարկե, ցնցող խոստովանություն է եվրոպացի դիտորդներին Հայաստան թողնելու մասին, բայց նախ մատնանշենք սրա աբսուրդ կողմը: Նախ, հետո՞ ինչ, որ եվրոպացիները սխալ կամ ճիշտ պատկերացում կունենան, թող նրանք նախ իրենց կեղտերի տակից դուրս գան, օրինակ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մատը մատին չտվեցին: Կամ, որպեսզի եվրոպացիները հասկանան՝ Հայաստանի սահմաններին հսկայական զորքեր կան, թե՝ ոչ, երկու տարի՞ է պետք՝ նրանց ունեցած տեխնիկական միջոցների պարագայո՞ւմ: Կամ ի՞նչ է, դեռ միայն դեկտեմբերին հեռացած դիտորդները դա պարզել չէի՞ն կարող: Լավ, ասենք չկարողացան, հիմա մի երկու, լավ, վեց ամիսը հերիք չէ՞, որ երկու տարով են գալու:
Եվ, իհարկե, այս պատմության ամենագլխավոր դետալն այն է, որ եվրոպացիները գալիս են ոչ թե հայ-ադրբեջանական հարցեր լուծելու, այլ, ինչպես նաեւ Արմեն Աշոտյանն էլ ընդգծեց. «Փաստորեն, ըստ Նիկոլի, գալիս են ոչ թե մեր անվտանգությունն ամրապնդելու, այլ ռուսական զորքի շարժը դիտարկելու համար»: Եվ ոչ միայն շարժը, այլ՝ հնարավորությունները՝ պոտենցիալը ուսումնասիրելու: Այսինքն, երբ ֆրանսուհի, դեպուտատուհի-լիբերաստուհի Նատալի Լուազոն ասում է, թե այդ առաքելությունը ԵՄ-ի «աչքն ու ականջներն» են լինելու, նշանակում է, որ ռուսական զորքերի մասո՞վ են այդ «աչքն ու ականջները» գործելու: Իսկ Նիկոլը մինչ այդ ռուսներին գոնե հարցրե՞լ է՝ կթողնե՞ք ձեր տեղի զորախմբի վրա նման «աչք ու ականջ» դնենք:
Սա, փաստորեն, խոստովանություն է, որ եվրոպացիները Հայաստանում զբաղվելու են ռուսական ուժերի հանդեպ շպիոնաժով: Ընդգծենք, այն նույն ուժերի, որոնք երեսուն տարուց ավել պաշտպանում են մեր արեւմտյան սահմանը, հիմա էլ վերջնական հայազրկումից՝ Արցախը: Ու սրանից հետո ի՞նչ անուն տաս քեզ նման օգնություն ցուցաբերողի վրա «եվրոպական ժուչոկ տեղադրելուն»:
Բայց նաեւ չմոռանանք, որ Հայաստանում ռուսական ուժերն ամենեւին էլ Ադրբեջանի դեմ ուղղված չեն. եթե ռուսներին պետք լինի Ադրբեջանին հարվածել, կարող են անել նաեւ իրենց տարածքից կամ Կասպից ծովից: Իսկ այստեղի զորախումբը մեկ այլ կարեւորագույն առաքելություն ունի՝ այն, այսպես ասենք, ռազմական կամուրջ է Իրանի հետ: Ի դեպ, վերջերս իրանական աղբյուրները սկսեցին պնդել, որ ԱՄՆ-ի քավորությամբ Իսրայելը Մակրոնի հետ ակտիվ բանակցությունների մեջ է Իրանի դեմ ռազմական կոալիցիա կազմելու հարցում: Նաեւ սրա համար չէ՞, որ ֆրանսիացի ժանդարմները փորձելու են պարզել, թե այդ դեպքում ՌԴ-ն որքանո՞վ է պատրաստ օգնել Իրանին: Այսինքն, սա նաեւ Իրանին ուղղված հարված է:
Բայց մյուս կողմից էլ նախօրեին Անկարայի նախկին քաղաքապետ, Էրդողանի թիմակից Մելիհ Գյոքչեքը գրեթե անթաքույց երկրաշարժի հարցում սկսեց մեղադրել ԱՄՆ-ին եւ Իսրայելին. «Սա համոզված եմ ասում, Ստամբուլում կարող է երկրաշարժ լինել: Մանավանդ, որ որոշ երկրներ ուսումնասիրություններ են անում, երկրաշարժերի համար մեքենաներ ունեն, Տեսլա են ասում…»:
Իսկ երբ Թուրքիայում հակաիսրայելյան եւ հակաամերիկյան ժեստիկուլյացիան նման ծաղկման մեջ է, որքանո՞վ է իրատեսական Իրանի վրա հարձակումը, Մակրոնն այս մասին մտածե՞լ է: Կամ մտածե՞լ է, թե ինչ կլինի, երբ շարժման մեջ դրվի ուկրաինական սահմանին կանգնած ռուսական 1-ին տանկային բանակը՝ 1800 տանկով, 3950 զրահամեքենայով, եւ զուգահեռ 2700 հրետանային համակարգ, 810 համազարկային կայանք, 400 կործանիչ եւ 300 ուղղաթիռ: Իսկ Նիկոլը մտածե՞լ է այդ ամենի մասին…
Ինչ վերաբերում է Արցախ մտնելուն, ապա նման փորձի դեպքում ԵՄ-ի այդ «ականջները» հաստատ «կկտրվեն», «աչքերն» էլ՝ «կհանվեն»:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ