• 23/11/2023

ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ

ՍԻՄ նախագահը հանդիպեց  Հայաստանի վետերանների  միավորման  հետ

Այսօր ՍԻՄ նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանը ընդունեց Մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման  նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանին եւ  միաջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ  Ելենա Շուվաեւային:

Հյուրերը ներկայացրեցին վետերանների միավորման աշխատանքը, ինչպես նաեւ ծրագրերը: Նրանք անդրադարձան նաեւ  Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Մեծ Հայրենականի վետերանների ճակատագրին: Հյուրերը կարեւորեցին Մեծ Հայրենականի վերաբերյալ հիշողության պահպանումը, պատմության ճշմարիտ ներկայացումը եւ վետերանների  հանդեպ հոգատարության անհրաժեշտությունը: Նրանք նաեւ անդրադարձան  հայ-ռուսական հարաբերությունների եւ բարեկամության  պահպանման հարցի կարեւորությանը նշելով, որ այս առումով ամբողությամբ կիսում են «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման նպատակները ու պատրաստ են  նպաստել հայ-ռուսական հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը:

Իր հերթին  Հայկ Բաբուխանյանը  ներկայացրեց ՍԻՄ կուսակցության ու Շարժման գործունեությունը նշելով, որ պատմության հանդեպ հարգալից վերաբերմունքը  ապագա հաղթանակների գրավականն է եւ պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի վետերանները լինեն  հանրության ուշադրության կենտրոնում: Նա նշեց նաեւ, որ ՍԻՄ կուսակցության ամենաավագ անդամը` Ներսես Սիմոնյանը Մեծ Հայրենական պատերազմի վետերան է շուտով բոլորելու է իր 100-ամյակը, իսկ ՍԻՄ կուսակցությանը անդամագրվել է 90-ամյա հասակում: Հ. Բաբուխանյանը նշել է, որ որեւէ այլընտրանք չի տեսնում հայ-ռուսական դաշնակային հարաբերություններում եւ ողջունել է հյուրերի ցանկությունը միանալ Շարժմանը:

Քննարկվեցին նաեւ մի շարք միասնական ծրագրեր:

Հանդիպմանը ներկա էր ՍԻՄ կուսակցության միջազգային հարաբերությունների պատասխանատու Զարուհի Բաբուխանյանը:

ՍԻՄ լրատվական ծառայություն