ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ՍԻՄ կուսակցությունը շարունակում է պնդել, որ Արցախյան երկրորդ պատերազմում մեր պարտությունը եւ Սյունիքի սահմաններում նահանջը պայմանավորված է բացառապես Հայաստանի իշխանությունը զավթած սորոսական խմբակի պարտվողական ու հակահայկական գործողություններով: Այն, ինչի մասին մենք զգուշացրել ենք դեռեւս 2018թ. ապրիլ-մայիսյան հեղաշրջման օրերին եւ դրանից հետո յուրաքանչյուր օր: Հետեւապես հեղաշրջման ադրյունքում իշխանությունը զավթած եւ Հայաստանը արտաքին կառավարման տակ մտցրած խունտայի հեռացումն իշխանությունից մեր պետականության մնացորդների փրկման եւ մեր երկրի ու ժողովրդի ապագա ունենալու գրավականն է:

Ցավոք սրտի, ինչպես խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «գլխավոր» ընդդիմություն դարձած «Հայաստան» դաշինքը, այնպես էլ բազմաթիվ այլ ընդդիմադիր ուժեր  չցուցաբերեցին համախմբվածություն եւ գնացին իրենց ամբիցիաների հետեւից, ինչը բերեց նիկոլական խունտայի կողմից իշխանությունը պահպանելուն թե՛ ԱԺ, թե՛ ՏԻՄ ընտրություններում: Վերոհիշյալ ուժերի կողմից տարօրինակ պասիվությունը, անբացատրելի անվճռականությունը, համագործակցության մերժումը հնարավորություն են տալիս նիկոլական վարչակազմին շարունակել իրենց հակահայկական գործունեությունը:

Մենք խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչակազմի կողմից քաղաքական գործիչների, տեղական ինքնակառավարման մարմինների ընդդիմադիր ղեկավարների, լրագրողների հանդեպ ծավալած քաղաքական հետապնդումները: Առավել զազրելի են վարչախմբի կողմից սեփական իշխանությունը ամրապնդելու համար իրականացվող օրենսդրական փոփոխությունները, որոնք կոպտորեն ոտնահարում են ժողովրդավարական սկզբունքները ու ազատությունները երկրում:

Մենք խստորեն դատապարտում ենք վարչակազմի կողմից բանակի դեմ իրականացվող հետեւողական քաղաքականությունը, որը շարունակվում է հեղաշրջումից մինչ օրս: Նույն պարտվողական եւ ադրբեջանահաճո քաղաքականությունը շարունակվում է Արցախի հարցում: Ըստ էության, Հայաստանի իշխանությունները  հրաժարվել են Արցախի հարցից եւ Արցախից ընդհանրապես: Անպաշտպան են թողել Հայաստանի Հանրապետության սահմանները, հարցականի տակ են դրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:

ՍԻՄ կուսակցությունն անհրաժեշտ է համարում տարածաշրջանում խաղաղության ձեւավորմանն ուղղված միջոցառումների անցակցումը: Այդ թվում` սահմանազատման եւ սահմանանշման գործընթացը, ավտոճանապարհների, երկաթգծի եւ օդային փոխադրումների բացման անվտանգ իրականացումը եւ այլն: Սակայն մենք վստահ ենք, որ այդ գործընթացները պետք է իրականացնեն նոր ազգային ուղղվածություն ունեցող եւ ազգային նպատակներով տոգորված իշխանությունները եւ ոչ թե նրանք, ովքեր պարտվել են թուրքին եւ այսօր էլ հաճոյանում են նրան:

Մենք գտնում ենք, որ խաղաղության համակարգերը ձեւավորելիս ադրբեջանական օկուպացիոն զորքերը պետք է դուրս բերվեն Արցախի Հանրապետության, Հադրութի, Շուշիի օկուպացված շրջաններից, ինչպես նաեւ ՀՀ սահմանային օկուպացված շրջաններից: Քանի որ սահմանազատման գործընթացը համաձայնեցված է անցկացնել ԽՍՀՄ վարչական սահմանների հիմքի վրա, հետեւապես նմանատիպ մոտեցում պետք է լինի Արցախի եւ Ադրբեջանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ հիմք ընդունելով  ԼՂԻՄ սահմանները:

Ինչ վերաբերում է ճանապարհների բացմանը, ապա կողմ լինելով դրանց գործարկմանը՝ պնդում ենք, որ դրանք չեն կարող ունենալ անդրտարածքային կարգավիճակ, խախտելով երկրի ինքնիշխանությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Նախիջեւանի հետ կապող ճանապարհին, ապա այն նույնպես պետք է լինի ՀՀ վերահսկողության տակ, եւ Ադրբեջանը նույն կարգավիճակով պետք է տրամադրի միջանցք Հայաստանի Հանրապետությանը Ռուսաստանի Դաշնության հետ տրանսպորտային կապ հաստատելու համար:

ՍԻՄ կուսակցությունը կողմ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ եւ տրանսպորտային հաղորդակցություն հաստատելու քաղաքականությանը, սակայն այն հիմունքներով եւ սկզբունքներով, որոնք դրված էին 2008-2009թ. «Ֆուտբոլային դիվանագիտության» հիմքում: Հայաստանը պետք է շարունակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը եւ Թուրքիայից պահանջի փոխհատուցում Ցեղասպանության համար, մասնավորապես` Ցեղասպանության ենթարկվածների ժառանգների իրավունքների պաշտպանությունը, հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանումը, Թուրքիայում հայ փոքրամասնության, այդ թվում` կրոնափոխ եղած հայերի իրավունքների պաշտպանությունը եւ այլն:

Հայ դատը պետք է մնա մեր ազգային արժեհամակարգի եւ ազգային գաղափարախոսության բաղկացուցիչ մասը, որը համադրվելով զարգացման ռացիոնալ  ուղղությունների հետ՝ ձեւավորի ազգային գաղափարախոսություն: Նիկոլական խունտայի ազգային արժեհամակարգի` ազգային կրոն, ընտանիք, սերունդների փոխհարաբերություն, ուղղված հարվածները նպատակ են հետապնդում զրկել մեր ժողովրդին ազգային ինքնությունից եւ բարոյականությունից: Պատմական հիշողության ոչնչացմանն է ուղղված նաեւ խունտայի ձգտումը մոռացության տալ Ցեղասպանությունը կամ այն մղել երկրորդ պլան: Մենք եղել ենք եւ շարունակում ենք ազգային արժեհամակարգի պահպանման եւ ավանդական հիմքի վրա զարգացման հետեւողական պահանջատերը:

ՍԻՄ կուսակցությունը խորապես մտահոգված է երկրի տնտեսական ցուցանիշների եւ ժողովրդի սոցիալական վիճակի կատաստրոֆիկ վատթարացման տվյալներով: Իրական տնտեսության ցուցանիշների լղոզումը, արտաքին պարտքի կտրուկ աճը Հայաստանում տանում են դեպի սոցիալ-տնտեսական ճգնաժամ:

Վարչակազմի հակազգային գործունեության արդյունքում տագնապալի մակարդակի է հասել արտագաղթը: Հայաստանի ժողովրդագրական վիճակն աղետալի է: Այս իրավիճակը պահպանվելու դեպքում  կարող ենք ստանալ անդառնալի հետեւանքներ:

ՍԻՄ կուսակցությունը երկրի ինքիշխանությունը ու տարածքային ամբողջականությունը պահպանելու, ինչպես նաեւ անվտանգության, տնտեսության, սոցիալական ոլորտի, ժողովրդագրական հարցերի, արժեհամակարգի պահպանման խնդիրների լուծումը տեսնում է ինչպես պարտադիր իշխանափոխության եւ ներքին կազմակերպվածության դաշտում, այնպես էլ` դաշնակից եւ բարեկամ պետությունների հետ հարաբերությունների սերտացման, փոխադարձ վստահության բարձրացման ուղղության մեջ: Առաջին հերթին դա վերաբերում է մեր երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր ոլորտներում համագործակցության եւ վստահության ամենաբարձր մակարդակի ձեւավորմանը: Անցնող տարվա ընթացքում ՍԻՄ կուսակցությունը մի շարք այլ գործընկեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու անհատների հետ հիմնադրեց «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» հանրային Շարժումը, որի նպատակն է Հայաստանի անդամակցությունը Միութենական պետությանը:

Միաժամանակ մենք անհրաժեշտ ենք գտնում զարգացնել մեր հարաբերությունները Չնաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ երկրների, հարեւան Վրաստանի, ինպես նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրամիության երկրների հետ:

Մենք վստահ ենք, որ փորձառու, պատասխանատու եւ ազգային նպատակներին նվիրյալ իշխանության պարագայում Հայաստանի Հանրապետությունը, Արցախը կարող են դուրս գալ ճգնաժամային եւ նահաջի ներկա փուլից եւ կրկին կանգնել զարգացման, ռազմական հզորության, տնտեսական աճի ու բարեկեցիկ եւ հայեցի երկրի ստեղծելու ճանապարհին:

25.12.2021թ.