• 02/01/2022

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ «Իրավունք TV»-ի հետ զրույցում անդրադարձել է 2022 թվականից ակնկալիքներին

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ «Իրավունք TV»-ի հետ զրույցում անդրադարձել է 2022 թվականից ակնկալիքներին

 

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համահիմնադիր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ «Իրավունք TV»-ի հետ զրույցում անդրադարձել է 2022 թվականից ակնկալիքներին, Ձմեռ պապից սպասելիքներին եւ Ամանորը նշելու ընտանեկան ավանդույթին:

– Պարոն Բաբուխանյան, հնարավորության դեպքում՝ ի՞նչ կխնդրեիք Ձմեռ պապից՝ այս տարվա համար:

– Ձմեռ պապից նախ պետք է խնդրենք, որ մեր սահմաններն ամուր պահի, դավաճաններին ու սրիկաներին, օտար շահեր սպասարկողներին դուրս վռնդի իշխանությունից եւ ընդհանրապես՝ Հայաստանից: Նաեւ պետք է խնդրենք, որ մեր ժողովուրդը լինի առողջ, հիվանդությունները շրջանցեն մեր երկիրը: Ուզում եմ նաեւ, որ մեր ժողովուրդը գիտակցի, որն է ճիշտ, որը՝ սխալ հենց իր համար՝ որպես հայ, վերլուծի, թե ինչն է բերել այսօրվա անկմանը եւ ինչն է, որ կտանի դեպի առաջընթաց: Եվ, իհարկե, Ձմեռ պապից կխնդրեի, որ յուրաքանչյուր ընտանիքում երջանկություն լինի, մեր զինվորներն անփորձանք եւ հաղթական ծառայություն իրականացնեն եւ մեր երկրի անունն էլ 2022 թվականին կրկին բարձրացնենք այնպես, ինչպես ժամանակին էր, երբ մեր մասին ասում էին, որ տարածաշրջանում ամենաուժեղ բանակն ունենք եւ հաղթանակ ենք տարել, ինչի համար հարգում էին ու հաշվի նստում: Տա Աստված, որ վերականգնենք մեր երկրի հզորությունը, հարգանքը, մեր ժողովրդի բարեկեցությունն ու հաղթանակները: Մեզ պետք է հավատ մեր սեփական երկրի ապագայի եւ մեր ժողովրդի նկատմամբ:

– Բայց, կարծես թե, այսօրվա իշխանության ծրագրերն այլ են, նրանք Ձմեռ պապից ակնկալում են, որ խաղաղության դարաշրջան է բացելու: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իհարկե, բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, բայց այն պետք է նվաճել եւ պետք է լինի արժանապատիվ: Խաղաղությունն այն չէ, որ դու ամեն ինչ հանձնում ես, հետո քեզ խղճում են, մինչեւ վերջ չեն սպանում եւ ասում են՝ լավ, կարող ես գնալ էն դրսի դռան շորի վրա կուչ գալ ու քնել, առավոտն էլ ոսկոր կգցենք դեմդ, որ ուտես: Խաղաղությունն այն է, որ դու քո տանը արժանապատիվ եւ ազատ ապրես: Եվ, այո՛, այն նվաճելու համար կա ճանապարհ՝ արժանապտիվ կերպով մտնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ եւ լինել պաշտպանված ու խաղաղության մեջ ապրել:

– Ինչպե՞ս դիմավորեցիք Ամանորը եւ ո՞րն էր Նոր տարվա առաջին կենացը:

– Ամանորը միշտ դիմավորում եմ ընտանիքիս հետ: Երեխաներս ու թոռնիկներս են գալիս ու միասին նշում ենք: Սա շատ լավ տոն է, որովհետեւ ավանդույթն ընտանեկան է, որը փորձում են տարբեր տեսակի սորոսականները ոչնչացնել, բայց մենք չենք հանձնվի: Ինչ վերաբերում է բաժակ բարձրացնելուն, իհարկե, առաջին հերթին հարգում ենք նահատակված մեր զինվորների հիշատակը, ովքեր պաշտպանելով մեզ եւ իշխանությունների ապիկարության հետեւանքով զոհվեցին: Հիշում ենք մեր մեծերին եւ մաղթանքներ հղում մեզ փոխարինելու եկող սերունդին: Կարեւոր է, որ բոլորը լինեն իրենց ճիշտ դիրքերում՝ մեծը՝ որպես մեծ, փոքրը, որպես փոքր, կինը՝ կին, տղամարդը՝ տղամարդ, սերունդներն իրար հարգեն: Առաջ թվում էր, որ դրանք ինքնըստինքյան կարգավորվող երեւույթ է, բայց եկան ժամանակներ, որ դու պետք է պայքարես, որպեսզի պահպանես սեռերի ու սերունդների միջեւ բնական հարմոնիան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ