• 21/01/2022

Բելառուսի Հանրապետության դեսպանը հանդիպեց «Հանուն նոր Միության» Շարժման գործկոմի հետ

Բելառուսի Հանրապետության դեսպանը հանդիպեց «Հանուն նոր Միության» Շարժման գործկոմի հետ

Այսօր ՍԻՄ կուսակցության  կենտրոնական  գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հանդիպումը «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործադիր կոմիտեի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ  Շարժման կանանց խորհրդի նախագահության  անդամները, ինչպես նաեւ Շարժման հետ համագործակցող կառույցների ղեկավարները: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանատան խորհրդական Գրիգորի Ակսյոնովը:

Բացելով հանդիպումը Շարժման գործկոմի անդամ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը բարձր հյուրին ներկայացրեց Շարժման պատմությունը, ներկա գործունեությունը, ծրագրային նպատակները: Նա նշեց, որ Շարժումը հայաստանյան միակ ուժն է, որը անմիջապես եւ ամբողջությամբ աջակցեց ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործողություններին Ղազախստանում:

Իր ելույթում դեսպան Ալեքսանդր Կոնյուկը կարեւորեց հայ-բելառուսական տնտեսական եւ հումանիտար համագործակցության խորացման անհրաժեշտությունը, նշելով, որ որպես դեսպան իրեն  շատ հաճելի է աշխատել Հայաստանի Հանրապետությունում: Նա ընդգծեց նաեւ, որ կարեւորում է Հայաստանի եւ Բելառուսի համագործակցությունը ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում: Դեսպանը տեղեկացրեց, որ վերջերս Բելառուսում ընդունվեց օրենք, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում  բելառուս ժողովրդի հանդեպ իրականացվրած ցեղասպանության մասին: Բելառուսի Հանրապետության դեսպանը պատմեց նաեւ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության գործունեության մասին:

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող  Արամ Սաֆարյանը կարեւորելով  տվյալ հանդիպումը նշեց ե՛ւ եվրասիական տարածքում ինտեգրացիայի անհրաժեշտությունը. ե՛ւ Հայաստանում դրա վերաբերյալ երկխոսություն ծավալելու հանրային պահանջը:

Շարժման գործկոմի անդամ, «Բարեպաշտ սերունդ» հ/կ նախագահ Վահրամ Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանում հասարակության ու քաղաքական ուժերի  վերաբերմունքը հայ-ռուսական եւ հայ-բելառուսական հարաբերությունների սերտացման նկատմամբ նշելով, որ  ժողովրդի մեծ մասը դրա կողմանկիցն է, սակայն  կան որոշակի քաղաքական շրջանակներ, որոնք պատվիրված կերպով տարածում են սուտ եւ զրպարտչական լուրեր, նպատակ ունենալով  սեպ խրել բարեկամ երկրների միջեւ  եւ Հայաստանը տանել Արեւմուտքի եւ Թուրքիայի հետ  մերձեցման ճանապարհով: Միաժամանակ նա  հարցադրում կատարեց, թե որքանո՞վ է ընդունելի եւ սպասված Հայաստանը  Ռուսաստան-Բելառուս միութնեական պետության  մեջ որպես երրորդ մասնակից:

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը  ուշադրություն դարձրեց, որ տեղեկատվական դաշտում  շատ անգամ խլացվում է հայ-ռուսական բարեկամության կողմնակիցների  ձայնը եւ  մեր հանրությանը շատ անգամ չի հասնում  անհրաժեշտ օբեյկտիվ տեղեկատվությունը:

Ելույթ ունեցան նաեւ Շարժման կանանց կոմիտեի նախագահ Ալլա Հակոբյանը, խորհրդի անդամ Գայանե Ներսիսյանը, Շարժման խորհրդի անդամ, «Ալյանս» կուսակցության  ներկայացուցիչ Պավել Ավագյանը եւ ուիշներ:

Ամփոփելով  հանդիպումը Հայկ Բաբուխանյանը նշեց, որ Շարժումը  պատրաստ է ավելի սերտ համագործակցություն ձեւավորել Բելառուսի Հանրապետության  քաղաքական շրջանակների, ԶԼՄ-ների, խորհրդարանի հետ եւ շնորհակալություն հայտնեց դեսպանին  Շարժման գործկոմի հրավերը ընդունելու համար, հույս հայտնելով, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:

Իր պատասխան խոսքում դեսպան Ա. Կոնյուկը նույնպես նշեց, որ հանդիպումը հետաքրքիր եւ բովանդակալից էր:

Այնուհետեւ  դեսպան Ա. Կոնյուկը հարցազրույց տվեց «Իրավունք-TV»-ին, Զարուհի Բաբուխանյանի  «Իրական քաղաքականությունը Հայաստանում» հեղինակային հաղորդման շրջանակներում:

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման լրատվական ծառայություն