• 23/01/2022

Դա դիկտատորի տնազ Նիկոլ Փաշինյանին ձեռք չի տալիս․ Հովհաննես Գալաջյան (oragir.news)

Դա դիկտատորի տնազ Նիկոլ Փաշինյանին ձեռք չի տալիս․ Հովհաննես Գալաջյան (oragir.news)

«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը կարծում է, որ ՔՊ-ական պատգամավորների կողմից լրագրողներին վիրավորելը ամենևին էլ պատահական չէ, քանի որ լրագրողական համայնքը ժողովրդավարական միակ ինստիտուտն է, որը դեռ գործում է։

«Անշուշտ, կոնկրետ նպատակ կա, որովհետև, չնայած բոլոր ճնշումներին, մամուլը շարունակում է մնալ ժողովրդավարական այն ինստիտուտը, որը դեռ աշխատում է, որը դեռ կարողանում է աշխատել, ու դա նրանց տիրոջը՝ դիկտատորի տնազ Նիկոլ Փաշինյանին ձեռք չի տալիս։ Այդ պատճառով այժմ դիմում են այդպիսի ցածր վարքագծի, կա ասացվածք՝ «ինչպես հարձակվել եք, դե ուրեմն այդպես էլ պաշտպանվեք»։ Լրագրողների և մամուլի դեմ ոչ մի պատերազմող դեռ չի շահել ու չի շահելու։ Բնականաբար, մեր զենքը խոսքն է, որը 21-րդ դարում՝ տեղեկատվության դարում, էլ ավելի հզոր է, քան երբևէ․ խոսքը՝ որպես զենք։ Ինչ վերաբերում է այդ անհատներին, դրանցից մեկը Վահագն Ալեքսանյանն է, նա կարևոր խոստովանություն էր արել․ երբ Իշխան Սաղաթելյանը խոսել էր Շուշին ու Հադրութը վերադարձնելու անհրաժեշտության մասին, նա արձագանքել էր, որ այդպիսի հայտարարությունից պետական դավաճանության հոտ է գալիս։ Պետական դավաճանություն Հադրութն ու Շուշին հետ բերելու ցանկությունը որակել ո՞վ կարող է․ նա, ով առաջ է տանում թուրքական ու ադրբեջանական շահերը, այդ պարզ խոստովանությունը ցույց է տալիս, որ իրենք թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչներ են, դե, իսկ օկուպանտներից սպասել, որ կոռեկտ ու բարեկիրթ վերաբերմունք լինի մամուլի ու լրագրողների նկատմամբ, առնվազն միամտություն է»,– Oragir.news-ի հետ զրույցում ասաց Գալաջյանը՝ նա լրագրողներին, որպես ՔՊ-ականներին պատասխան, հետևյալ քայլերն է առաջարկում․ «Լուսաբանումը միայն բացասական, բացառապես բասական լուսաբանում, իսկ երկրորդն էլ՝ օգտագործել բոլոր հնարավոր իրավապաշտպան հարթակները և՛ ներսում, և՛ դրսում՝ բարձրաձայնելու համար մամուլի դեմ ոտնձգությունների մասին, զրոյական հանդուրժողականության ռեժիմ միացնել դրանց նկատմամբ»,- ասաց խմբագիրը։

Սկզբնաղբյուրը՝oragir.news