• 02/02/2022

Արցախի վերջնական «վաճառքն» այդպես էլ չի ստացվում

Արցախի վերջնական «վաճառքն» այդպես էլ չի ստացվում

Արցախի ԱԺ-ն ուշագրավ օրինագիծ է դրել շրջանառության մեջ: Կոչվում է այսպես՝ «Արցախի օկուպացված տարածքների մասին», որը իր հիմքում ունի հետեւյալ իմաստը՝ նախկին ողջ ԼՂԻՄ-ը եղել եւ մնում է անկախ Արցախի տարածք, եւ այն պետք է վերադարձնել:

ՀԵՐԹԱԿԱՆ ԱԶԴԱԿՆ ԱՐՑԱԽԻՑ

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն այսպես է մեկնաբանել այդ օրինագիծը. «Ինքնին գաղափարը ողջունելի է, եթե հայկական առաջին պետությունը, կարծես թե, ձեռքերը լվացել է արցախյան խնդրի հետ կապված հարցերից, ապա  հայկական երկրորդ պետությունը գոնե պետք է որոշ քայլեր  ձեռնարկի: Այս օրենքը երկու բաղադրիչ ունի` քաղաքական եւ իրավական:  Քաղաքականը` ի լուր միջազգային հանրության  հայտարարել, որ մենք չենք հաշտվում պատերազմի արդյունքների հետ, համարում ենք, որ դա եղել է ոչ իրավաչափ, եւ Արցախի Հանրապետության սահմանադրական տարածքները պետք է վերադարձվեն: Երկրորդը իրավական բաղադրիչն է, եւ որոշակի ելակետային դրույթներ նախատեսել այդ տարածքների բնակիչների համար, որը նույնպես կարեւոր  է նրանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից…»:

Տրամաբանությունը հասկանալի է, հատկապես հաշվի առնելով Արցախի կարգավիճակի մասին Նիկոլի հայտնի հայտարարությունը, որին ստիպված էր կոշտ արձագանք տալ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Այսինքն, ընդհանուր գործընթացն այս տեսքն է ստանում: Նիկոլը սկսեց բացահայտորեն խոսել, թե Արցախի անկախ կարգավիճակի մասին պետք է մոռանալ, բնականաբար, ինչպես բոլոր խայտառակ պարտություններում, այս անգամ եւս սլաքներն ուղղելով «հանցավոր նախկինների» դեմ: Իրականում Արցախի 75 տոկոսը ծախելու եւ մնացածն էլ վաճառքի հանելու հարցում ով ինչ մեղք ունի, աչքներիս առաջ է, եւ դրա համար պատասխանատվության ժամանակը դեռ գալու է: Սակայն այս պահին Արցախի բնակչության համար անգամ մեղավորի եւ պատասխանատվության հարցն առաջին պլանում չէ. նրանք հենց այս պահին են կանգնած վերջնականապես  կոտորվելու կամ ամեն բան թողնել-հեռանալու վտանգի առաջ, եւ այդ վտանգն էլ կբազմապատկվի, եթե Նիկոլը Հայաստանի անունից Արցախն ընդունի՝ որպես  Ադրբեջանի մաս: Եվ, բնական է, որ Արայիկ Հարությունյանն ինչ-որ տեղ նաեւ ստիպված էր Նիկոլին կտրուկ դեմ գնալ: Պատասխանը եղավ անցած տարեվերջին, ըստ շրջանառվող լուրերի, ՌԴ մուտքի իրավունքից զրկված Սամվել Բաբայանի միջոցով Արցախում հեղաշրջում իրականացնելու փորձը, որը կասեցվեց: Ընդ որում, չեն դադարում խոսակցությունները, որ նման փորձեր էլի կլինեն:
Եվ մյուս կողմից, չմոռանանք, որ Արցախն այս պահին ոչ թե Նիկոլի, Ալիեւի կամ նույնիսկ Արայիկի վերահսկողության տակ է, այլ՝ Մոսկվայի: Ընդ որում, Մոսկվան քանիցս պարզ հասկացրել է, եւ անգամ եղել են պաշտոնական հայտարարություններ, որ ներկա իրավիճակում առկա ստատուս-քվոն պետք է պահպանել, այսինքն՝ չի կարող ոչ մի խոսակցություն լինել Արցախի կարգավիճակն այս պահին որոշելու մասին: Իսկ դա նշանակում է, որ երբ Նիկոլն Արցախի կարգավիճակի մասին նման հայտարարություններ է հնչեցնում՝ փորձելով դա հրամցնել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման եւ նման այլ սոուսներով, ապա նման քայլը որքան որ թրքահաճո է, էլ ավելի մեծ չափով հարվածում է ՌԴ-ի շահերին եւ ուղղակիորեն դեմ է գնում Արցախի կարգավիճակի մասին Մոսկվայի հիշատակված պահանջներին:

ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏՔԸ

Չնայած, այս ամենից նաեւ աշխարհաքաղաքականության հոտ է փչում: Ըստ էության, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը կնշանակի «Ողջ Արցախը՝ խաղաղության դիմաց» բանաձեւի կյանքի կոչում: Չնայած, այդ բանաձեւը դեռ 2019թ.-ին Բոլթոնը Հայաստան այցի շրջանակներում նկարագրեց մի փոքր այլ տեսքով՝ «Հողեր՝ խաղաղության դիմաց»: Հասկանալի է, այստեղ «խաղաղություն» ասվածը հարաբերական է, քանի որ, ինչպես հետպատերազմյան իրադարձությունները հուշեցին, Արցախը տալուց հետո պետք է նաեւ Հայաստանը տալ, եւ այս տեսանկյունից հասկանալի է դառնում, որ ժամանակին Բոլթոնը պահանջում էր ոչ թե ընդամենը Արցախը հանձնել, այլ՝ ողջ հայկական տարածքները: Հասկանալի է, Թուրքիայի քաղաքական վերահսկողությունը, որն աշխարհաքաղաքական իմաստով նշանակում է անգլոսաքսոնիզմի աշխարհաքաղաքական վերահսկողություն, որի կարկառուն կատարածուներից է նույն Բոլթոնը: Այսինքն այն, որ աշխարհաքաղաքական իմաստով հարվածն ուղղված է ոչ թե փոքրիկ Հայաստանին, այլ՝ Ռուսաստանին, ակնհայտ էր դեռ ոչ թե 44-օրյա պատերազմից կամ նույնիսկ Բոլթոնի այդ հայտարարության պահից, այլ այդ գործոնը կար դեռ 1990-ականներից: Միայն թե դրա առաջին քայլն Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելն է, որը չստացվեց 44-օրյա պատերազմի ժամանակ, եւ այն փորձում են ավարտին հասցնել նաեւ այս  մնացորդը Ադրբեջանի կազմում ճանաչելով: Իսկ դա էլ հուշում է, որ Արայիկ Հարությունյանը, դեմ գնալով Նիկոլի հայտարարությանը, ոչ թե ընդամենը արցախահայության գոյատեւման, այլ նաեւ ՌԴ-ի աշխարհաքաղաքական դիրքերի պաշտպանության ուղղությամբ էր քայլ կատարում, եւ, բնականաբար, ոչ առանց Արցախում ռուսական ուժերի հրամանատարության, ասել է թե Մոսկվայի համաձայնության կամ՝ հանձնարարության: Եվ այն, որ անցած տարեվերջին Արցախում հեղաշրջման փորձը եւս կասեցվեց ռուսական հրամանատարության ուղիղ միջամտությամբ, դա էլ է փաստ:

Ահա այս իրավիճակը հաշվի առնելով, վերադառնալով «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրինագծին, մնում է գալ այն եզրահանգմանը, որ այս դեպքում եւս այն իր հիմքում ունի Մոսկվայի «դաբրոն», ավելի ճիշտ՝ հանձնարարությունը: Ընդ որում, այս օրինագծի մյուս ուշագրավ կողմն էլ այն է, որ պաշտոնապես նախաձեռնությունը Արցախի ԱԺ բոլոր հինգ խմբակցությունների ղեկավարներինն է, ու դա նշանակում է, որ նաեւ Արայիկ Հարությունյանինը: Այսինքն, արցախյան ողջ քաղաքական ներկապնակն այսպիսով երկու փաստ է ֆիքսում: Լուծում են գոյատեւման խնդիր, եւ դրա շուրջ բոլորը միասնական են: Հասկանալի է, Արցախում էլ կան տարաբնույթ սորոսածին դավաճաններ, եւ նաեւ ԱԺ-ում: Բայց այս իրավիճակում նրանք եւս ստիպված են ընդհանուր տենդենցների մեջ մնալ, քանի որ լավ հասկանում են, որ հակառակ դեպքում կարող է տուն չհասնեն, քանի որ այս ընդհանուր տենդենցն առաջ տանողը ժողովուրդն է:

Եվ երկրորդ փաստը, որ ազդակը գալիս է ուղղակիորեն Մոսկվայից: Ընդ որում, այս ազդակն ուղղված է ինչպես Ալիեւին եւ Էրդողանին, այնպես էլ՝ Նիկոլին, որ Արցախն այս պահին Ադրբեջանի կազմ ճանաչելը կարող է եւ կունենա պատասխան: Ամեն դեպքում, նաեւ չմոռանանք, որ Մոսկվան Արեւմուտքին ուղղված հայտնի վերջնագրում «կարմիր գիծ» է համարել ոչ թե միայն Ուկրաինա ՆԱՏՕ-ի մուտքը, այլ նաեւ ողջ հետխորհրդային տիրույթը: Մինչդեռ Թուրքիան ի՞նչ է, եթե ոչ ՆԱՏՕ, ինչքան էլ որ փորձի ռուսների հետ չեզոքություն խաղալ:
Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա Արցախի կարգավիճակի հետ կապված ¥ասենք, նաեւ հայ-թուրքական ուղղությամբ¤ նրա տեսլականը նմանվում է «Արցախն Ադրբեջան է եւ վերջ» բանաձեւին: Իսկ դա  Մոսկվայում պարզ տեսնում են, ավելին, այն «կարմիր գծի» հատում է ենթադրում, ինչքան էլ որ Նիկոլը ստիպված լինի ՀԱՊԿ-ի կազմում Ղազախստան զորք ուղարկի: Ցույց տվեցին նաեւ հակաքայլը՝ շեշտը կդնեն պաշտոնական Ստեփանակերտի վրա, քանի դեռ վերջնական հստակեցում չկա՝ ԱՄՆ-ի հետ կապված ռուսական պահանջների հետ: Չնայած, այս հարցով հանգուցալուծումը շատ մոտ է:

Քերոբ Սարգսյան