• 02/02/2022

Կլինի՞ պատերազմ. պատասխանը կտա Պուտին-Ծինփին վաղվա հանդիպումը

Կլինի՞ պատերազմ. պատասխանը կտա Պուտին-Ծինփին վաղվա հանդիպումը

Այն ընթացքը, որի մեջ հայտնվել է ռուս-ամերիկյան հակամարտությունը, կարծես թե գնալով ավելի ու ավելի է տրագիկոմեդիկ երանգ ստանում: Ընդհանուր պատկերը սա է: Վաշինգտոնի համար կարծես առաջնային անհրաժեշտություն է ստացել ուկրաինական խնդրի լուծումը: Բանն այն է, որ ԱՄՆ-ն ցայտնոտային անհրաժեշտություն ունի բոլոր ուժերն ուղղել Չինաստանի դեմ, որտեղ նախապատրաստված է «Ուկրաինա-2»-ը՝ Թայվանի թեման: Ընդ որում, այստեղ իրավիճակը թեեւ ոչ այնքան տեսանելի, սակայն այն աստիճան սուր է, որ Չինաստանի դիվանագիտական կորպուսից արդեն պատերազմական թեմաներով բացահայտ հայտարարություններ են լսվում. «Եթե Թայվանի իշխանությունները, խրախուսված Միացյալ Նահանգների կողմից, շարունակեն անկախության ուղին, դա, ամենայն հավանականությամբ, կներքաշի Չինաստանին եւ Միացյալ Նահանգներին զինված հակամարտության մեջ»: Իսկ ահա նախկին նախագահ Թրամփը նախօրեին էլ ավելի առաջ գնաց, թե՝ Թայվանի հարցում Պեկինի պատասխանը կտեսնենք չինական Օլիմպիադայի ավարտից, այն է՝ փետրվարի 20-ից անմիջապես հետո: Եվ եթե հավատանք Թրամփին, ԱՄՆ-ն արդեն այս պահին պետք է բոլոր ջանքերն ուղղի իր իրական թիվ 1 մահացու հակառակորդի՝ Պեկինի դեմ, բայց լռվել-մնացել է Ուկրաինայում:
Ընդ որում, Աֆղանստանի օրինակով թողնելն ու Ուկրաինայից փախչելը կլիներ վատագույն տարբերակը: Սա, բացի այն, որ մեծապես կակտիվացնի ներամերիկյան ընդդիմադիր շարժմանը՝ Թրամփի եւ նրա թեւի գլխավորությամբ ¥իսկ Թրամփը խոստանում է Բայդենին բանտ նստեցնել¤, նաեւ ԱՄՆ-ի հեղինակությանը կտա այն վերջին մահացու հարվածը, որ դրանից հետո արդեն անգամ անիմաստ կլինի Չինաստանի հետ բախման գնալը: Եվ լավագույն ելքը մնում է համոզել, շահագրգռել, սպառնալ, կարճ ասած, ինչ-որ միջոցով Մոսկվային մղել, որ ներխուժի Ուկրաինա: Դրանից հետո կարելի է մի քանի պատժամիջոց  սահմանել, հետո արդարանալ, թե բա ինչ անենք, հո հանուն Ուկրաինայի Երրորդ համաշխարհային պատերազմ չէինք սկսելու, եւ կենտրոնանալ Չինաստանի դեմ: Միայն թե Մոսկվան ոչ մի կերպ հարձակման չի գնում: Վաշինգտոնյան եւ լոնդոնյան քարոզչամեքենան մի գլուխ քարոզում է, թե տեսեք, ինչ ուժեղ բանակ ունի Մոսկվան, մի քանի օրում ողջ Ուկրաինան կարող են գրավել, թե մենք միտք անգամ չունենք այդ երկիր զորք ուղարկել, ավելին, անգամ մեր դաշնակից  երկրներ մի քանի հազար զինվոր ենք ուղարկում, ինչը երանգ չի փոխում, եւ այդպես շարունակ: Բայց Մոսկվան իրենն է առաջ քաշում՝ ոչ մի հարձակում, միտք անգամ չունենք: Միայն այն դեպքում, երբ հանկարծ Ուկրաինան որոշի հարձակվել Դոնեցկի կամ Լուգանսկի վրա, կամ ՆԱՏՕ-ն այդ երկրում սկսի ռազմաբազաներ հիմնել:
Եվ ահա, կարծես Վաշինգտոնի համար դա է մնացել միակ ելքը՝ Ուկրաինային մղել հարձակման: Բայց  ահա կարծես ուկրաինական իշխանությունները վերջապես հասկանում են, որ իրենցից «կրակից շագանակ հանող» են սարքում. անցնեն հարձակման, ապա ստիպված են միայնակ մնալ ռուսական բանակի դեմ: Քանի որ Վաշինգտոնը պարզապես հրաժարվում է զորք ուղարկել, իսկ եկած մի քանի տասնյակ տոննա զենք-զինամթերքն ինչքան էլ գեղեցիկ փաթեթավորմամբ քարոզի, մեկ է, դա չնչին քանակ է եւ որակ չի փոխում: Գումարած դրան, նման պատերազմական քարոզներն այն աստիճան են ոչնչացրել ուկրաինական տնտեսությունը, գումարած՝ մշտական դարձած «հեղափոխությունները», պատերազմական վախերը եւ այդպես շարունակ, որ բազում ուկրաինացիներ սոցցանցերում ամենայն լրջությամբ սկսել են երազել, թե վերջապես ե՞րբ է Մոսկվան հարձակվելու, որ իրենց գրավի ու հանգիստ ապրեն: Արդյունքում, պաշտոնական Կիեւն ավելի ու ավելի հաճախ է սկսել դեմ գնալ ամերիկյան քարոզներին, թե որեւէ ազդակ չենք տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել: Վաշինգտոնից հակադարձում են՝ լավ նայեք, մենք տեսնում ենք, որ ռուսներն այսօր-վաղը կհարձակվեն: Կիեւից էլ, թե՝ բա ո՞ւր են, չենք տեսնում: Ու կամաց-կամաց կարծես այս ամենը սկսում է վերածվել Վաշինգտոնի եւ Կիեւի միջեւ վեճի, որն այնքան է նյարդայնացրել ամերիկացիներին, որ քիչ է մնում իրենք ռուսների համազգեստ հագնեն ու հարձակվեն…
Չէ, վերջին միտքը տեսական չէր: Դոնեցկի հրամանատարությունն օրերս տեղեկացրեց, որ իրենց հետախուզության հաստատված տվյալներով, ամերիկյան օգնության զենքով զինում են ուկրաինական գրոհայիններին, որոնք կարող են պրովոկացիոն գործողությունների գնալ Դոնբասում: Գումարելով քարոզչական հոսքերը, հնարավոր կլինի վերջնարդյունքում հասնել ուկրաինական բանակի հարձակմանն ու այդ դեպքում՝ ռուսների պատասխանին: Միայն թե, երբ հետախուզությանը հաջողվել է հակառակորդի ծրագրերը բացահայտել, այդ դեպքում արդեն նման օպերացիան պարզապես կորցնում է իմաստը: Կարճ ասած, որքան էլ որ Վաշինգտոնը հերթական անգամ ԱՄՆ քաղաքացիներն հորդորում է՝ հեռանալ Ուկրաինայից, ազդակները, որ պատերազմ կլինի, միայն նվազում են: Չնայած, Պեկինի օլիմպիադայի մեկնարկին, երբ Պուտինը կմեկնի Չինաստան, չբացառենք, որ հնարավոր կլինի Դոնբասում ինչ-որ պրովոկացիաներ կազմակերպել: Սակայն նկատենք նաեւ, որ Պեկին մեկնել է պատրաստվում նաեւ Ուկրաինայի նախագահ Զելենսկին, եւ ինչպես որոշ աղբյուրներ են ենթադրում, կփորձի խնդրանքով դիմել նախագահ Սի Ծինպինին՝ միջնորդել, որ Պուտինը համաձայնի խոսել իր հետ: Ճիշտ է, Կրեմլից արդեն հասցրել են մեկնաբանել, որ բացի նախագահ Սիի հետ հանդիպումից, Պուտինի ծրագրերում այլ առաջնորդների հետ հանդիպումներ նախատեսված չեն: Բայց միաժամանակ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը, ի պատասխան Զելենսկու հետ Պուտինի հնարավոր հանդիպման մասին հարցին, ասել է. «Մենք դա ամբողջությամբ բացառել չենք կարող, բայց, կրկնում եմ, որեւէ երկկողմ հանդիպում, բացի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից, նախագահ Պուտինի օրակարգում չկա»: Նման է նրան, որ եթե Զելենսկին ունի այնպիսի առաջարկ, որը Պուտինը հարկ համարի լսել, ինչու ոչ, կհանդիպի: Զելենսկին, իհարկե, կարող  է Պուտինին հետաքրքրող առաջարկներ ներկայացնել, որոնք, ի դեպ, եթե խորը նայենք, նրա համար ներկա իրավիճակում կարող են ընդհուպ՝ անձնական փրկության միակ տարբերակ լինել: Բայց դրա համար պետք է Բայդենին «փուռը տա», թեեւ եթե ունենա Մոսկվայից երաշխիքներ, ինչո՞ւ ոչ:
Ամեն դեպքում, առանց  Զելենսկու էլ ակնհայտ է, որ Պուտինի եւ Սիի բանակցություններից հետո, Թրամփի խոստացածի պես, Մոսկվան եւ Պեկինը կանցնեն այս գլոբալ օպերացիայի հաջորդ փուլին: Իսկ եթե այդ ընթացքում հանկարծ Ուկրաինայում պատերազմ սկսվի (2008թ.-ի Վրաստանի օրինակը կա), ապա պարզապես իրադարձությունները մի փոքր ավելի արագ կզարգանան:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ