• 02/02/2022

Ոչնչացող երկիր, բայց դեռ հույս կա

Ոչնչացող երկիր, բայց դեռ հույս կա

Ալիեւը հերթական անգամ  հոխորտացել է Հայաստանի հասցեին: Սկսելով հայ ժողովրդին «ֆաշիստներ» ասելուց՝ հասել է իր սիրած մտքերին, թե՝ կոչնչացնի, եթե Հայաստանը փորձի գլուխ բարձրացնել: Հասկանալի է,  ունենք Նիկոլ, եւ այդ իրողությունը Հեյդարովիչին նման լկտիությունների հնարավորություն տալիս է: Հաշվի առնելով, որ հայաստանյան իշխանություն կոչվածից անգամ բանավոր պատասխան չի ստանալու: Բայց դա չէ ամենաէականը, ալիեւյան նման լկտիություններ շատ ենք տեսել, եւ դրանց բոլորի պատասխան տալու ժամանակը դեռ գալու է:

ՀԵՅԴԱՐՈՎԻՉՆ ԷԼԻ ԿԱՏԱՂԵԼ Է

Ամբողջ հարցն  այն է, թե ի՞նչն է հերթական անգամ հունից հանել Ադրբեջանի նախագահին: Չնայած, նա իր այս նոր նյարդային նոպայի մեջ այդ հարցի պատասխանը կարծես տալիս է: Այսպես, իրանագետ Վարդան Ոսկանյանն ալիեւյան այս հերթական ճառի հետ կապված նկատել է հետեւյալ դրվագը. «Ակնհայտ է, որ բացահայտ անհավասարակշիռ այս «ուղերձը» միայն մեզ չէ ուղղված, որովհետեւ միեւնույն համատեքստում նա խոսում է նաեւ «Հայաստանի հովանավորների» մասին՝ առանց կոնկրետ պետությունների անուններ նշելու… Նրա մտասեւեռումից կարծես դժվար չէ կռահել, որ «ուղերձի» մյուս հիմնական հասցեատերը Ռուսաստանն է: Հետեւաբար, եթե այս համատեքստում հիշենք Հայոց բանակի օրվա առթիվ Երեւանում Ռուսաստանի դեսպանատան շնորհավորական ուղերձը, որտեղ անթաքույց ակնարկ կար, որ պաշտոնական Մոսկվան ցանկանում է տեսնել հզոր եւ վերականգնված հայկական բանակ, ամեն ինչ կարծես իր տեղը կընկնի…»:
Իհարկե, իրանագետի այս դիտարկման  հետ կապված վիճելի պահ կա: Նկատի ունենք, որ մեծ հարց է, թե Ալիեւն այդ տիպի հիստերիաներով նպատակ ունի՞ որեւէ «ուղերձ» հղել Հայաստանի իշխանական ղեկին նստած նիկոլյան խունտային, որը առանց Բաքվի հոխորտանքների էլ իր գործը լավ կատարում է: Օրինակ, օրակարգ բերելով «մտքեր», թե Արցախի անկախության գաղափարը ձախողված է, ինչի մասին միանգամայն պարզ Նիկոլն ակնարկեց իր հայտնի ելույթում: Չէ°, Ալիեւը Նիկոլին նման «ուղերձներ» հղելու կարիք արդեն չունի: Փոխարենը, որքան էլ Նիկոլը խոսում է Ալիեւի եւ Էրդողանի սիրած թեմայից, թե Արցախի անկախությունն անհնար է, եւ այդ մոտեցմամբ էլ պետք է գնալ «տարածաշրջանային խաղաղության», այնուամենայնիվ, Բաքուն այդպես էլ  չի կարողանում Արցախը վերջնականապես  իրենով անել: Դեռ ավելին, բանը հասել է նրան, որ բուն Արցախում արդեն սկսել են պաշտոնապես խոսել կորցրածը հետ բերելուց եւ անգամ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենք են դրել շրջանառության մեջ: Մինչդեռ նման «հանդգնությանը» Բաքուն կարողանում է պատասխանել միայն հերթական անգամ հայտարարելով, թե արցախյան հարցը լուծվել-վերջացել է, միայն թե տարածաշրջանային առանցքային ուժերը նման հայտարարություններին արդեն գրեթե ուշադրություն չեն դարձնում, միայն պարբերաբար դեպի Բաքու նետելով, թե «մեծ եղբորովդ» հանդերձ, դուք չեք որոշողը: Ու այդքանից հետո, երբ պաշտոնական Ստեփանակերտն էլ բացահայտորեն Նիկոլի դեմ է դուրս գալիս, թե՝ դու չես, որ կարող  ես խոսել Արցախի պատկանելիության մասին, եւ այդ «հանդգնության» թիկունքում զգացվում է Մոսկվայի շունչը, իհարկե, Ալիեւին մնում է հերթական անգամ նյարդայնանալ: Առավել եւս, որ չնայած Նիկոլի առկայությանը, Ռուսաստանը, ինչպես պարոն Ոսկանյանն է նկատել, համառորեն խոսում է նաեւ «հզոր եւ վերականգնված հայկական բանակի» մասին:
Կարճ ասած, այս պահին Ռուսաստանն է խանգարում թուրք-ազերիական ծրագրերի իրականացմանը, եւ ալիեւյան նման հոխորտանքների հիմնական հասցեատերն էլ հենց Մոսկվան է: Թեեւ միաժամանակ կարելի է նաեւ նկատել, որ որ Ալիեւը նաեւ Նիկոլից դժգոհելու առիթ ունի: Բանն այն է, որ ինչքան էլ Վովայիչը փորձում է համառորեն առաջ տանել Ադրբեջանի կազմից  դուրս Արցախի որեւէ կարգավիճակ բացառելու թեզը, ոչ միայն Մոսկվայից կամ Ստեփանակերտից, այլ նաեւ Հայաստանից են դրա դեմն առնող առանցքային գործոններ արձանագրվում: Նկատի ունենք մասնավորապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին հեռարձակված հարցազրույցը:

ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ

Նախ հիշեցնենք՝ Նիկոլը, ըստ էության, պնդում է հետեւյալը. «2018 թվականին իմ վարչապետ դառնալուց առաջ առկա բանակցային բովանդակությամբ եւ իրողություններով Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե° տեսական, թե° գործնական հնարավորությունները»: Ու դրանից հետո «խեղճ» Նիկոլը ձեռքից եկածն արել է, բայց բան փոխել չի կարողացել: Կարճ ասած, մեղավորը «հանցավոր նախկիններն» են, եւ փաստացի վիճակը, թե այս պահին, երբ նաեւ պատերազմ ենք տանուլ տվել, առավել եւս «Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու հնարավորությունները»:
Իհարկե, այդ մանիպուլյացիաներին գնալով, Նիկոլն արդեն իսկ այն կարգի կոպիտ սխալներ էր թույլ տվել, որ անգամ ոչ փորձագետի մակարդակով բանակցային գործընթացին տիրապետող մասնագետները ժամանակին ջարդեցին նրա հիմնական պնդումները: Սակայն Վովայիչի ամենամեծ սխալներից մեկն այն էր, որ «մոռացել» էր բանակցային գործընթացին ոտքից գլուխ տիրապետող անձանց առկայության մասին, այդ թվում՝ երրորդ նախագահի: Եվ Սերժ Սարգսյանն էլ փորձագիտական մակարդակով ջարդեց նիկոլյան բոլոր թեզերը, թեեւ կար նաեւ այն տպավորությունը, որ հարցազրույցի հիմնական խնդիրն ամենեւին էլ դա չէ: Թերեւս, շատ ավելի էական էր հետեւյալը: Այսպես, եթե Նիկոլը պնդում է, թե «Արցախն անվերադարձ կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու հնարավորությունները», ապա նախագահ Սարգսյանը ֆիքսում է, որ ոչ միայն մինչեւ 2018թ.-ն առկա բանակցային առաջարկներում չի եղել «մի բան, որը կարող էր մեզ ստիպել նույնիսկ ոչ թե անցնել «կարմիր գծերը», այլ նույնիսկ մոտենալ այդ «կարմիր գծերին», այլ նաեւ ներկայումս էլ, չնայած պարտությանը. «Մենք ունենք հնարավորություն բանակցային պրոցեսը վերականգնելու»:
Ընդհանրական պատկերը սա է. Նիկոլն այդպիսով փորձում է հերթական անգամ մանիպուլացնել հայ ժողովրդին, թե ամեն ինչ էն գլխից էր կորած եւ այս պահին էլ կորած է, որեւէ հնարավորություն չկա Հայաստանին ձեռնտու իրավիճակին վերադառնալ: Իսկ դա մոտավորապես այն է, ինչ պնդում է Ալիեւը, թե՝ Արցախի հարցը լուծված է, հիմա պետք է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, շրջել այդ էջն ու առաջ գնալ:
Ու հենց նիկոլաալիեւյան այդ ընդհանրական մոտեցման հակառակն է ասում Սերժ Սարգսյանը՝ ոչ մի բան էլ ավարտված  չէ: Եվ ամենահետաքրքիր պահը. եթե Նիկոլն ու Ալիեւը, ըստ էության, նույն թեզն առաջ տանելով, միայն իրար են ձայնակցում, ապա ընդգծվում է այն փաստը, որ՝ «Մինսկի խումբը չի վերացել»: Ընդ որում. «Դա մի այսպես երկրորդական կառույց չէ, մենք գործ ունենք, ուզում եմ հիշեցնել, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ»: Ու նաեւ չմոռանանք, որ հենց համանախագահ երկրներն են քանիցս ֆիքսել, որ ՄԽ-ն կա, գործում է, բանակցային գործընթացն էլ ավարտված չէ, եւ արցախյան հարցն էլ դեռ վերջնական լուծում չի ստացել: Թերեւս, այդ իրողությանը պետք է ավելացնել նաեւ այն հիշատակած ազդակները, որոնք այս օրերին Ստեփանակերտի միջոցով գալիս են Մոսկվայից: Իսկ այս իրավիճակում ոչ թե պետք է Նիկոլի ասածով՝ շուտափույթ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, այլ, ըստ նախագահ Սարգսյանի խոսքի տրամաբանության, հենց  դա  պետք է կանխել. «Մեր հասարակության այն հատվածը, որը համարում է, որ Արցախը հայկական է, այն մասը, ով համարում է, որ մենք ի վիճակի ենք ուղղել մեր մեջքը, ես կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց, որ համախմբվենք ու սրանից պահանջենք, որ դադարեցնեն այդ քաղաքական մուրացկանությունը»:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այսպիսով, Ալիեւի նյարդային ռեակցիան սկսում է ավելի հասկանալի դառնալ: Մի կողմից, ռուսական զորքերն են Արցախում, եւ այդ փաստի դեմ քայլեր Բաքուն պարզապես չունի: Հասկանալի է, այս իրավիճակում թուրք-ազերիական տանդեմին մնում է մտածել ռուսներին հեռացնելու մասին, որի համար լուրջ նախապայման կդառնա, եթե Հայաստանը պաշտոնապես Արցախը ճանաչի՝ որպես Ադրբեջանի մաս: Ու երբ սրան ուղղված շարժումները Հայաստանում ոչ միայն նիկոլյան բոլոր քարոզներից հետո չեն դադարում, այլ ստանում են այնպիսի խթանիչներ, որոնք փոխանցեց երրորդ նախագահը, ապա բնական է, որ Ալիեւը պետք է հունից դուրս գա: Առավել եւս, որ հունվարի 28-ը Ս.Սարգսյանը նշեց Սարդարապատի հուշահամալիր այցով, որն այն տպավորությունը թողեց, որ հայ-թուրքական գործընթացը եւս Նիկոլն իր քեֆով առաջ տանելու հնարավորություն չունի:
Բայց նաեւ ժամանակ արդեն քիչ է մնում: Ինչպես իր ֆեյսբուքյան գրությամբ հիշեցրեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը. «Արդեն երրորդ անգամ, շարունակաբար Արցախի պաշտպանության բանակից տեղի է ունենում միայն զորացրում, եւ բանակը չի համալրվում նոր ժամկետային զինծառայողներով: Ակնհայտ է, որ միայն Արցախում բնակվող բնակչության ուժերով հնարավոր չէ կազմակերպել Արցախի սահմանների պաշտպանությունն ու Արցախի անվտանգությունը: Արցախի Պաշտպանության բանակը փաստացի կազմալուծվում է՝ բոլոր հնարավոր ողբերգական հետեւանքներով»: Իհարկե, կա  նաեւ ռուսական զորքերի առկայության փաստը: Բայց առանց սեփական ուժերի այն անվտանգության 100 տոկոսանոց երաշխի՞ք է, առավել եւս, երբ ռուսներին հեռացնելու ուղղությամբ աշխատանքները չեն դադարում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ