• February 9, 2022

Նոր իրավիճակում Նիկոլը հիստերիայի առիթներ ունի

Նոր իրավիճակում Նիկոլը հիստերիայի առիթներ ունի

Չնայած ռեակցիա գրեթե դեռ չկա, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի պեկինյան համատեղ հայտարարության մեջ խոսվում է նաեւ «Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան ձեւաչափ» ստեղծելու մասին, եւ այն պետք է որ Հայաստանում պատշաճ հետաքրքրություն առաջ բերեր: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ նշված ձեւաչափը ենթադրում է նաեւ «Հյուսիս-Հարավ» մեգածրագիր, եւ չմոռանանք, որ ինչպես Հնդկաստանը, այնպես էլ այդ մեգածրագրում առանցքային դեր ունեցող Իրանը քանիցս գործնական հետաքրքրություն են ցուցաբերել, որ այդ կոմունիկացիոն ծրագրի հիմնական ուղիներից մեկն անցնի հենց  Հայաստանով:

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԻՐԱՆԸ

Ավելին, Իրանն ու Հնդկաստանը, ինչպես վստահեցնում են մասնավորապես հայաստանյան փորձագետները, շարունակում են ակտիվորեն գործել այդ ուղղությամբ: Օրինակ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի պնդմամբ. «Իրանում վերջնական որոշում կա՝ Պարսից ծոցից Սեւ ծով ձգվող էներգետիկ միջանցքի համար նրանք չեն օգտվելու Նախիջեւանի տարածքից: Խողովակաշարն անցնելու է ՀՀ տարածքով…»: Ավելին, ըստ քաղաքագետի, հայաստանյան ուղու մասին իրանական կողմի  հետաքրքրությունն այն աստիճան է, որ. «Շուտով Կապանում Իրանի հյուպատոսարան կհիմնվի»: Իմաստը պարզ է՝ Իրանը փորձում է Սյունիքում բոլոր հնարավոր անակնկալների ռիսկերը հնարավորինս նվազեցնել:
Բացի այդ, օրերս իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ իր հերթին էր տեղեկացրել. «Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հստակորեն արձանագրել է, որ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջազգային տրանսպորտային հանգույցի իրանական ծրագրում պաշտոնական Թեհրանը որպես տարանցման հիմնական ուղի դիտարկում է ոչ թե Ջուլֆա (Իրան) -Ջուղա (Նախիջեւան) -Երասխ (Հայաստան) երկաթգիծը, այլ հենց Սյունիքի մարզով անցնելիք «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին»:
Բայց  այս իրավիճակում «ամենատարօրինակն» այն է, որ նիկոլյան իշխանական համակարգն այդպես էլ տեսանելի գործնական քայլեր չի իրականացնում Սյունիքով Իրան տանող ճանապարհի այնպիսի կարեւորագույն հատվածի շինարարության վրա, ինչպիսին է Սիսիանով դեպի Ագարակ հատվածը, որը ճանապարհը կհեռացնի Ադրբեջանից՝ տեղափոխելով Սյունիքի կենտրոնական հատված: Այն դեպքում, երբ, հիշեցնենք, Իրանը պաշտոնապես ակտիվ հետաքրքրություն էր հայտնել այդ ճանապարհի կառուցմանը ներգրավվելու հարցում:
Փոխարենը, Նիկոլն առավել քան ակտիվ է նախիջեւանյան ուղղության հետ կապված, եւ դժվար չէ կռահել, որ դրա գործելու պարագայում պարզապես կարող են Սյունիքով «Հյուսիս-Հարավ» կառուցելու սցենարը համարել անիմաստ՝ հրաժարվելով դրանից: Ու չմոռանանք, որ նա օրերս հայտարարեց. «Շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, որովհետեւ երեկվա այցն ամբողջությամբ եղել է գործնական եւ նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին»:
Մինչդեռ այն, որ Իրանը հիմնական շեշտը դնում է հայաստանյան ուղղության վրա, պատահական չէ: Դրանով ծրագիրն ապահովագրում են թուրք-ազերիական տանդեմի կախվածությունից, ինչը, իհարկե, Էրդողանը կփորձի առավելագույնս իր օգտին ծառայեցնել: Իսկ այն, որ նիկոլյան խունտան գործնականում սառեցրել է Սյունիքի ուղղությունը՝ կենտրոնանալով Նախիջեւանի վրա, հերթական անգամ այն հարցն է առաջ քաշում, թե իրականում ո՞ւմ է համարում դաշնակից՝ Իրանի՞ն ¥եւ «Հյուսիս-Հարավի» մյուս առանցքային կողմերին¤, թե՞ թուրքերին:

«ԾՈՒԽՆ ԱՌԱՆՑ ԿՐԱԿ ՉԻ ԼԻՆՈՒՄ»

Իհարկե, տեսանելի է, որ անկախ Նիկոլի նախասիրություններից, նա նման քայլերով  դարձել է Անկարայի եւ Բաքվի «սրտի հայաստանյան ղեկավարը»: Այս առումով, կարելի է նաեւ հասկանալ օրերս Հրանտ Բագրատյանի արած հայտարարությունը, թե այն օրերին, երբ ՀՀ ԳՇ-ն Նիկոլի դեմ էր դուրս եկել, Անկարայից մինչեւ իսկ սպառնալիք է եղել. «Թուրքիան զորք կմտցնի Հայաստան, եթե Փաշինյանի իշխանությանը վտանգ սպառնա…»:
Ու այս համատեքստում չմոռանանք, որ օրերս Նիկոլը հերթական շփումը ¥առցանց¤ ունեցավ Ալիեւի հետ՝ Մակրոնի միջնորդությամբ, որն իր հերթին է Նիկոլի նախասիրությունների հետ կապված հարցեր առաջ քաշում: Նախ, նման շփումները հարց են առաջ քաշում, թե այսկերպ  Նիկոլն ու Ալիեւը չե՞ն  փորձում եռակողմ հայտնի ձեւաչափում ՌԴ-ին փոխարինել Ֆրանսիայով: Առավել եւս, որ այս վերջին կապի ժամանակ Նիկոլն այնպիսի մի հերթական «հանճարեղությամբ» է հանդես եկել, որ նորից նույն հարցն է առաջ գալիս՝ ո՞ւմ օգտին է նա աշխատում: Այսպես, այդ շփման մասին պաշտոնական լրահոսում այս միտքն է ներկայացված. «Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման եւ խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը»:
Ամենապարզ միտքն այստեղ այն է, որ ոչ միայն կոմունիկացիաների, այլ նաեւ Արցախի ուղղությամբ ¥չնայած, այս երկու թեմաները գրեթե միաձուլվել են¤ Նիկոլն այսպիսով դեմ է գնում ինչպես Իրանին, այնպես էլ՝ Մոսկվային: Այն պարզ բացատրությամբ, որ Մոսկվայի պաշտոնական տեսակետ հնչեցվել է՝ ներկայումս դեռ Արցախի վերջնական կարգավորումը հստակեցնելու ժամանակը չէ: Մինչդեռ, եթե Նիկոլն այս պահին է ուզում «երկարաժամկետ կարգավորում», հարց է ծագում՝ ինչպե՞ս է տեսնում Արցախի կարգավիճակը: Վերջին ինչ-որ չափով հոդաբաշխ բացատրությունը, որը լսվել է Նիկոլից, այն է, թե՝ Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե° տեսական, թե° գործնական հնարավորությունները: Այսինքն, եթե կորցրել է, փորձում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման» հասնել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելո՞վ. այլ տրամաբանություն այստեղ  պարզապես չենք տեսնում:
Այն դեպքում, երբ ի պատասխան, Արցախը պաշտոնապես արձագանքեց, թե՝ «Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որեւէ վերապահման ու զիջման ենթակա չէ, եւ այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է»: Կարճ ասած, թե Նիկոլն իրավունք չունի մեր անունից որոշումներ կայացնել: Ու երբ անգամ դրանից հետո է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորումից» խոսում,  ավելի նման չէ՞ նրան, որ Նիկոլը վա բանկ է գնում այնպես, ինչպես վա բանկի տպավորություն է թողնում «Շուշիի հռչակագիրը» ճանաչելու մասին Էրդողանի՝ օրերս կայացրած որոշումը: Եվ սա էլ ավելի չի՞ սրում համոզմունքը, որ Նիկոլը հավեսով աշխատում է Ալիեւի ու Էրդողանի հետ: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում նաեւ օրերս շրջանառության մեջ հայտնված լուրը, թե նա վրացի նախարարի ներկայությամբ հարբել եւ բերանից եկածն ասել է Պուտինի հասցեին: Ու թեեւ շտապեցին հերքել, բայց նաեւ չմոռանանք, որ «ծուխն առանց կրակի չի լինում»:

ԻՍԿ ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ՄՈՍԿՎԱՅԻՆ «ԳՑԵԼ»

Չնայած, այս բոլոր իրողությունները դեռ փաստ չեն, որ Վովայիչը փորձում է, ավելին՝ կարող է «գցել» Մոսկվային: Նախ երկաթուղու մասով. հիշատակված հայտարարությունը Նիկոլը հնչեցրեց կոմունիկացիաների հարցով ռուս փոխնախարար Ալեքսեյ Օվերչուկի եւ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հայաստանյան այցի ֆոնին: Ընդ որում, այդ քննարկումներից այն տպավորությունն էր բխում, որ ռուսական կողմը ոչ միայն կկառուցի նախիջեւանյան գծի հայկական հատվածները, այլ նաեւ կկառավարի դրանք, ինչը բխում է նաեւ այն փաստից, որ ռուսական կառավարման տակ է մեր ողջ երկաթուղային համակարգը: Վերջապես, նաեւ չմոռանանք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով անվտանգությունը եւս պետք է վերահսկի ռուսական կողմը: Ճիշտ է, դա դեռ չի նշանակում, որ ինչպես Իրանի, ռուսների համար եւս Սյունքի ուղղությունը եւս չի կարեւորվում. թուրք-ադրբեջանական տանդեմին մենիշխող դիրք չտալու տրամաբանությունը ռուսների համար եւս կա: Նաեւ հաշվի առնելով, որ երկաթուղու նկատմամբ վերահսկող կետեր ունենալով Հայաստանում, ռուսները թեեւ կարող են զսպել Էրդողանի մեծ ախորժակը, սակայն ավելորդ խաղերից հետ պահելու համար Սյունիքի այլընտրանքային ճանապարհը շատ կարեւոր է:
Ինչ վերաբերում է արցախյան հարթակում Մակրոնի միջոցով ռուսներին «գցելու» հնարավորությանը, ապա այստեղ հարց է՝ Մակրոնը նման ծրագրեր ունի՞, թե՞ բոլորովին այլ նպատակներով է առաջ գնում:
Այստեղ թերեւս նկատենք, որ ինչպես Ֆրանսիայի նախագահի՝ օրերս ՌԴ կատարած այցը եւս ցույց տվեց, Մակրոնը թերեւս փորձում է Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ միջնորդի դեր ստանձնել: Այդկերպ Մակրոնը էապես կմեծացնի իր կշիռը համաշխարհային հարթակում, առավել եւս, եթե դրան գումարվի նաեւ արցախյան ուղղությամբ միջնորդական դերը, ինչը նկատելի էր նաեւ Ալիեւի եւ Նիկոլի բրյուսելյան հանդիպման ժամանակ: Եվ այս ամենի համար Մակրոնին ռուսական «դաբրոն» պետք է: Արդյունքում, Մակրոնն առանց խնդիրների վերընտրվելու հնարավորություն է ստանում, բայց նաեւ կրկնակի պարտք մնալով Մոսկվային, որի փոխհատուցման ձեւը նրանք կգտնեն: Այսինքն ասել, թե Մակրոնը փորձում է Պուտինից խլել եռակողմ ձեւաչափում նրա դերը, կարծես թե քիչ հավանական տարբերակ է:
Կարճ ասած, ինչքան էլ Նիկոլի քայլերի մեջ ռուսներին «գցելու» կամ ռուսական ուղղությամբ նյարդայնություն ի ցույց դնելու նյուանսներ զգացվում են, սակայն հազիվ թե դա ռեալ լինի: Իսկ այն, որ Նիկոլը փորձում է հնարավորինս արագացնել ինչպես կոմունիկացիան, այնպես էլ՝ արցախյան թեմաները, ապա կարելի է նաեւ մտածել, որ նրան տված ժամանակը պարզապես արդեն սպառվում է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Առնչվող գրառում

Դոնբասի հրետանին ոչնչացնում է ուկրաինական պաշտպանական հենակետը (Տեսանյութ)

Դոնբասի հրետանին ոչնչացնում է ուկրաինական պաշտպանական հենակետը (Տեսանյութ)

Դոնբասի հրետանին ոչնչացնում է ուկրաինական պաշտպանական հենակետը:
Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային աղետի դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնելու է Կիևի արևմտյան հովանավորների վրա. Նեբենզյա (Տեսանյութ)

Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային աղետի դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնելու է…

ՄԱԿ ԱԽ նիստում, որը նվիրված էր Զապորոժիեի ԱԷԿ-ին ուկրաինական բանակի հասցրած հարվածների թեմային, ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Նեբենզյան նախազգուշացրել է.…
Տաշքենդում տղան հզոր էլեկտրահարումից բառացիորեն «տապակվել» է (Տեսանյութ)

Տաշքենդում տղան հզոր էլեկտրահարումից բառացիորեն «տապակվել» է (Տեսանյութ)

Տաշքենդում տղան հզոր էլեկտրահարումից «տապակվել» է: Սոցցանցերի տեղեկություններով՝ նա Wi-Fi էր կարգավորում։